Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԳՎ-ԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

Հուլիս 06,2006 00:00

Կառավարության
հատկացրած մոտ 900 մլն դրամը, ըստ էության, անօթեւանների բնակարանի հարցը չի
լուծելու Գյումրեցի անօթեւաններին բնակարան ձեռք բերելու համար իշխանությունները
նորից առաջարկում են բազմիցս քննադատված եւ «ախմախ» ճանաչված ԲԳՎ (բնակարանների գնման
վկայագիր) ծրագիրը: Ինչն էլ անօթեւան գյումրեցիների շրջանում դժգոհությունների
մեծ ալիք է բարձրացրել: Նրանցից շատերն արդեն ունեն ծրագրի առաջին փուլի դառը փորձը,
գյումրեցիները դեռ չեն մոռացել, թե ինչպես են ամիսներով փողոցներն ընկած տուն ման
եկել եւ այդպես էլ ԲԳՎ ծրագրի սահմանած չափանիշներով բնակարան չեն գտել: Անօթեւան
գյումրեցիների ներկայացմամբ, կառավարության հատկացրած գումարը բավարարում է միայն
«հավի կամ էլ շան բույն գնելու համար»: Խնդիրն այնքան էր սրվել, որ Գյումրիի 67 հասարակական
կազմակերպություններ միավորվելով, մի քանի ամիս առաջ դիմել էին երկրի նախագահին՝
հիմնավորելով ԲԳՎ-ի «աբսուրդ» լինելն ու խնդրելով գյումրեցիների նկատմամբ ավելի լուրջ
մոտեցում ցուցաբերել: Հ/կ-ների ներկայացուցիչների դիտարկմամբ, այդ ծրագիրն անարդյունավետ
է, քանի որ դրանից հիմնականում օգտվել են թիկունք ու ծանոթ ունեցողները, իսկ անօթեւանների
հերթացուցակում մնացել են միայն անտեր մարդիկ, մտավորականներն ու ծայրահեղ աղքատները:
Ի պատասխան հ/կ-ների բողոքների, քաղաքաշինության փոխնախարար Կարեն Գեւորգյանն էլ
վստահեցրել էր, որ անօթեւանների խնդիրը քննարկվել է իրենց գերատեսչությունում եւ
որոշել են ՀՀ 2007-2009 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում շինարարության
միջոցներով բնակարանների հարցը լուծել: Սակայն, չգիտես ինչու, քաղաքաշինության նախարարությունը
մոռացավ ինչ էր որոշել եւ կրկին ասպարեզ բերվեց ԲԳՎ-ն: Պաշտոնյաներից ամենաազնիվը
գտնվեց Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որը վերջերս հայտարարեց՝ «Գյումրի քաղաքում
բնակարանների գծով շինարարություն չենք ունենալու, կլինի միայն բնակարանների գնման
վկայագիր-ծրագիրը, որի երկրոդ փուլը հուլիսի 20-ից սկսվելու է»: Այսինքն, ուզեք-չուզեք՝
սա է: Իհարկե, մարզպետի հայտարարությունը օդից վերցրած չէր, նա բառացիորեն կրկնում
էր Գյումրիի պատվավոր քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի խոսքերը՝ վկայակոչելով աղբյուրին:
Սա մարզպետի հայտնած տխուր լուրերից միայն մեկն էր: Նա իրեն իրավունք վերապահեց խոսել
նաեւ բարերար Քըրքորյանի փոխարեն՝ ԲԳՎ-ի դեմ պայքարող հ/կ-ներին ու անօթեւաններին
խորհուրդ տալով «Լինսիից» էլ հույսները կտրել: Հիշեցնենք, որ վերջերս Գյումրիի հ/կ-ները
նամակով դիմել էին Քըրքորյանին՝ բնակարանաշինության ծրագիրը «Լինսիով» շարունակելու
խնդրանքով: Ռոմիկ Մանուկյանը ջանք չէր խնայում՝ գովազդելու ԲԳՎ երկրոդ ծրագիրը,
որը, սակայն, իր սահմանափակումներով չի զիջում նախորդին. սրանից կարող են օգտվել
միայն մինչեւ 2004թ. մարտի մեկը հերթագրված անօթեւանները՝ 1600 ընտանիք: Այսինքն,
եթե սխալմամբ անօթեւանը իր փաստաթղթերը ներկայացրել է մարտի 2-ին, ուրեմն անօթեւան
չէ, եւ նրան բնակարան հարկավոր չէ՞: Նմանապես զավեշտալի է այն փաստը, որ ԲԳՎ-ից իրավունք
չունեն օգտվել կոոպերատիվ բնակարաններ կորցրած քաղաքացիները: Մարզպետի ներկայացմամբ,
կառավարությունը ԲԳՎ-ի համար 875 միլիոն դրամ է հատկացրել: Նախորդ տարվա համեմատությամբ,
բնակարանների գների որոշակի տարբերություն կլինի. ասենք 1 կամ 2 սենյականոցների համար
հատկացվող գումարի չափը, ամենայն հավանականությամբ, կավելանա: Մարզպետի տվյալներով,
ծրագիրը դեռ չսկսած՝ մարզպետարանն 180 դիմում արդեն ստացել է: Հակառակ Ռ. Մանուկյանի,
անօթեւանները ամենեւին էլ ոգեւորված չեն. «Հազար տարի է՝ քաղաքում շինարարություն
չի ընթանում, ինչ բնակարան կար- չկար՝ նախորդ ԲԳՎ-ին վաճառվեց, անգամ վթարայինները
նորմալ շենքերի անվան տակ իրացրին: Մենք հիմի որտեղի՞ց պիտի բնակարաններ գնենք»,-
զայրացած հարցնում են անօթեւանները: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել