«ԱՆԴԱՄՆԵՐ
ՀԱՎԱՔԱԳՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ» Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին
շրջանում Գյումրին քաղաքական կուսակցությունների ուշադրության կենտրոնում է: Ինչպես
«ստարիկները», այնպես էլ «սակագները»՝ նորաստեղծ կուսակցությունները սկսել են բուռն
բարեգործությամբ զբաղվել. վերջին զանգեր կազմակերպել, ուխտագնացություններ հովանավորել,
ծերանոցներում ու մանկատներում պտտվել ու ամենակարեւորը՝ մրցակցել շոր ու կոշիկ բաժանելու
գործում: Ինչպե՞ս է վերաբերվում նման ակտիվացումներին Շիրակի դաշնակցական
մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որի կուսակցությունն, ի դեպ, այդ «բարեգործական բումից»
առայժմ հեռու է մնում: «Ես միշտ խուսափել եմ քաղաքական գնահատականներ տալուց, որովհետեւ
մարզպետը իրականացնում է պետական քաղաքականություն տարածաշրջանում, բայց որպես կուսակցական՝
բնական է, որ ես իմ տեսակետն ունեմ: Եթե ուշադրություն դարձրել եք՝ այդ ակտիվությունը
գալիս է ոչ թե ձեւավորված քաղաքական ուժերի կողմից, այլ ինչ-որ կառույցների, որոնք
փորձում են նոր- նոր ձեւավորվել, տարածքներում գրասենյակներ բացել, համակիրներ հայթայթել,
դրա համար թվում է, թե կա լուրջ քաղաքական ակտիվություն: Ես այս ակտիվությունը կհամարեի
որպես անդամներ հավաքագրելու գործընթաց: Թեեւ նրանց չեմ մեղադրում. Ազգային ժողովի
ընտրություններին մեկ տարուց քիչ է մնացել, նույնիսկ կասեի, որ մեկ տարին քիչ է նորաստեղծների
ձեւավորման համար. մինչեւ իրենց գաղափարներն ու ծրագրերը շրջաններ հասցնեն՝ տարիներ
կտեւի: Եթե վերլուծենք Շիրակի մարզը, «Բարգավաճն» է գրասենյակներ վերցնում կամ, ասենք,
«Դաշինքը» եւ այլն, իսկ Դաշնակցությունը կամ Հանրապետականները դրա կարիքը չունեն,
որովհետեւ բոլոր տարածքներում էլ ունեն իրենց գրասենյակներն ու անդամները»,- ասում
է Շիրակի դաշնակցական մարզպետը: Կուսակցական պաշտոնյան, սակայն, մոռանում է այն փաստը,
որ ինքը մինչեւ օրս էլ Դաշնակցության համար անդամներ է «հայթայթում»՝ զանազան պաշտոններ
բաժանելով: Սեփ. լր.