Լրահոս
Օրվա լրահոսը

2006-ին ԼՂ հարցը չի կարգավորվի

Հուլիս 06,2006 00:00

Այս կարծիքին է Հայաստանի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ բացահայտված էր, որ միջնորդ երկրների ԱԳ փոխնախարարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին խոստացել են. «Հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության կայացումը Մեծ Ութնյակի՝ հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք վեհաժողովից առաջ կապահովի լայն միջազգային աջակցություն ու ֆինանսական աջակցության բարձր աստիճան»: Մեծ Ութնյակի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո հրապարակվեց բավական կոշտ հայտարարություն, որտեղ Ադրբեջանից եւ Հայաստանից պահանջվում էր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվածության հասնել 2006-ին: Այսուհանդերձ, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Վագիֆ Սադիխովը հայտարարեց. «Այդպիսի հայտարարություններ, եթե նայենք Մինսկի գործընթացի պատմությանը, եղել են տասնյակներով»: Հավելեց, թե այդ հերթական հայտարարությունը «կդնենք թղթապանակը՝ մյուս այդպիսի հայտարարությունների հետ միասին, եւ կպահենք»:

Արդյոք համանախագահողների բացահայտումները կապվում են անպայման 2006-ն իբրեւ կարգավորման պատուհան դիտելու Մեծ Ութնյակի պարտադրանքի՞ հետ: Մեր այս հարցին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, Մեծ Ութնյակի վեհաժողովի հետ այս ամենը չունի ուղղակի կապ: Իհարկե, համանախագահողները կցանկանային, որ վեհաժողովի ժամանակ ներկայացնեին որոշակի պայմանավորվածություններ, որոնք ցույց կտային ե՛ւ իրենց աշխատանքի արդյունավետությունը, ե՛ւ ապագայի հեռանկարները: 2006-ի նշումը որպես պատուհան կապվում է նրա հետ, որ 2007-2008-ին տեղի են ունենալու ընտրություններ: Սակայն վստահ եմ, որ սա ընդհանրապես սխալ մոտեցում է: Համանախագահողները գտնում են, թե ընտրական շրջաններում հնարավոր չեն լուծումներ, եւ այդ պատճառով պետք է դրանց հասնել ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում: Սակայն եթե մե՜ծ ցանկություն լինի՝ կարելի է Հայաստանում եւ Ադրբեջանում այնպես կազմակերպել ընտրությունները, որ ընդհանրապես չլինեն «պատուհաններ», եւ սա պետք է հաշվի առնեն համանախագահները: Այս մոտեցման հիմնարար սխալն է. չգիտես ինչու՝ իրենց թվում է, թե լուծումը պիտի լինի այնպիսին, որ հասարակությունը դժգոհություն կհայտնի եւ չի քվեարկի իշխող քաղաքական ուժի օգտին: Բայց եթե իսկապես կա ընդունելի լուծում սեղանին՝ կարծում եմ, թե ընտրությունները խոչընդոտ չեն դրա համար: Եվ ժամանակն է, որ համանախագահողները հրաժարվեն այդ արատավոր գաղափարից»:

Տիգրան Թորոսյանն առարկեց նաեւ այն պնդումներին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հետ քաշվելը բանակցային գործընթացից կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը. «Նախ՝ միջնորդներն ընդհանրապես չէ, որ դուրս են եկել բանակցային գործընթացից: Նրանք ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացրած զեկույցում հստակ նշել են, թե իրենք շարունակելու են գործել, «անկողմնակալ կերպով ծառայել որպես միջնորդներ»: Համանախագահողներն ընդամենն ասել են, թե դադարեցնում են այն ակտիվ դիվանագիտական միջնորդությունը, որ ունեցել են վերջին ամիսներին: Իսկապես, շա՛տ ակտիվ էին գործում: Այժմ դադար են տալիս ու քայլերի, հետագա զարգացումների պատասխանատվությունը փոխանցում երկու երկրներին՝ իմ կարծիքով, ակնկալելով, թե գուցե դա օգնի, որ մինչեւ տարեվերջ լինի ինչ-որ լուծում: Բայց ես վստահ եմ, որ լուծում չի լինի: Շատ պարզ մի պատճառով: Համանախագահողներն ասում են, թե պատերազմ չպիտի լինի եւ երկրների նախագահները պիտի իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության: Սա շատ կարեւոր դիտարկում է, եւ կարծում եմ՝ սա՛ պիտի լինի առաջին ցուցիչը, թե երկու երկրները որքանո՞վ են անկեղծ եւ իսկապես ուզում են, որ լուծում լինի: Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում՝ ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ երկիրը, նրա նախագահն ու ղեկավարները պատրաստ չեն լուծման, քանի որ ոչ թե խաղաղության են նախապատրաստում իրենց ժողովրդին, այլ անընդհատ ավելի են խորացնում ատելությունը, եւ առավել ուժգին են հնչում պատերազմի կոչերը: Լավ կլիներ, որ համանախագահողներն այս կարեւոր կետի առնչությամբ մի քիչ ավելի ուշադիր նայեն, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Այդ ժամանակ, կարծում եմ, իրենք կհասկանան, որ այս ընթացքի պարագայում չեն կարող ակնկալել որեւէ լուծում տեսանելի ապագայում»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31