ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստում երեկ այս խնդիրն է արծարծել ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը:
Արտաշես Գեղամյանը հեռախոսով Բրյուսելից հայտնեց, որ առավոտյան տեղի է ունեցել ԵԱՀԿ տնտեսական, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հարցերով գլխավոր կոմիտեի ընդլայնված նիստը. «Այստեղ քննարկվում էր այս նստաշրջանի, ըստ էության, առանցքային հարցը, այն է՝ «Մարդկանց անվտանգության ամրապնդման խնդիրները ԵԱՀԿ տարածաշրջանում»: Այս հարցի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ էր: Պատահական չէ, որ նախապատրաստվող բանաձեւում առաջարկել էին 20 փոփոխություններ: Ընդ որում՝ մեզ համար ամենաանցանկալին ու վտանգավորն այն էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչները բանաձեւի կետերից մեկում առաջարկել էին որպես տնտեսական համագործակցության գերազանց օրինակ հիշատակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում կառուցվելիք երկաթգիծը: Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդար Իբրահիմովը ելույթ ունեցավ՝ նշելով այս օրինակների կարեւորությունը, ու նաեւ հիշատակեց արդեն բոլորիս հոգնեցրած ու ձանձրացրած հարցերը՝ Հայաստանի ագրեսիա՜, օկուպացիա՜, իսկ հիմա արդեն՝ հրդեհնե՜ր եւ այլն»:
Դրանից հետո խոսք է տրվել նախապես հերթագրված պրն Գեղամյանին, որն անդրադարձել է նման առաջարկի տնտեսական, քաղաքական ու բարոյական նշանակությանը. «Ելույթում մանրամասն նշեցի, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, ինչպես նաեւ՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրումը Ադրբեջանին, Թուրքիային ու Վրաստանին ընդհանուր առմամբ բերել են 7 մլրդ դոլարի չափով ներմուծումներ: Հայաստանն արհեստականորեն դուրս է մղվել այդ տնտեսական լուրջ նախագծերից: Ավելի՛ն: Թուրքիան եւ Ադրբեջանն արդեն 16 տարի շարունակ իրականացնում են Հայաստանի տնտեսական շրջափակումը: Եվ եթե մենք առաջարկվող ուղղումը քննարկենք տնտեսագիտական առումով, ապա Հայաստանի տնտեսությանը տարեկան կտրվածքով հասցվում է 1,2 մլրդ դոլարի չափով վնաս, քանի որ շրջափակման հետեւանքով մեր հայրենական արտադրողների արտադրանքը արհեստականորեն թանկանում է՝ փոխադրամիջոցային ծախսերը ինքնարժեքի մեջ գնալով ավելի շոշափելի տոկոս են կազմում եւ դադարում են լինել մրցունակ:
Տարակուսանք է առաջացնում այն, որ Հայաստանի բոլոր կառուցողական քայլերին պատասխանում են սեփական դիրքերն առավել կարծրացնելով: Մասնավորապես՝ Հայաստանն իր օրենսդրությամբ, ըստ էության, հարեւան Թուրքիայի առեւտրի զարգացման համար ստեղծել է առավելագույնս նպաստող պայմաններ: Դրա արդյունքում է, որ միայն 2005-ին Հայաստան ներմուծվող թուրքական արտադրանքի ծավալներն աճել են 145 տոկոսով: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թուրքիա ներմուծվող արտադրանքների առեւտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմում է ընդամենը 4 տոկոս, եւ Թուրքիայի հետ մեր առեւտրային սալդոն բացասական է 55 մլն դոլարով, ապա այս թվերը խոսուն են դարձնում թուրքական կողմի, ցավոք, ոչ բարեկամական վերաբերմունքը:
Ընդգծեցի, որ եթե մենք այս բանաձեւում անենք նման փոփոխություն՝ ամբողջությամբ կխեղաթյուրենք հիմնական զեկուցող, Ֆրանսիայի պատվիրակ Ռոլանդ Բլյումի ներկայացրած զեկույցի փիլիսոփայությունը: Այն է՝ չի կարող լինել տնտեսական զարգացում առանց անվտանգության ապահովման: Հայաստանին ենթարկելով տնտեսական շրջափակման ու դուրս դնելով տարածաշրջանային տնտեսական ծրագրերից՝ մեզ հարկադրում են ելքեր որոնել սեփական արտադրողների անվտանգությունն ապահովելու համար: Այսինքն՝ վերոհիշյալ տնտեսական ծրագրերն իրականում ոչ թե ինտեգրացիոն բնույթ ունեն, այլ ճիշտ հակառակը՝ դեզինտեգրացիո՛ն:
Մանավանդ որ՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթգծի կառուցման խիստ աննպատակահարմար լինելու մասին հատուկ քննարկումներ են եղել ԱՄՆ կոնգրեսում, եւ ասվել է, որ այդ երկաթգիծը ոչ թե կմիավորի Հարավային Կովկասի հանրապետությունները ինտեգրացիոն նույն համակարգում, այլ կհանդիսանա նոր բաժանարար գիծ՝ երեք երկրների տնտեսական ինտեգրացիայի ճանապարհին: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ վարչակազմը կտրականապես դեմ է արտահայտվել այդ երկաթգծի կառուցմանը՝ կարեւորելով Կարս-Գյումրի երկաթգծի վերաշահագործումը: Մինչդեռ մենք չենք կարող մեղադրել ԱՄՆ-ին այս հարցում կողմնակալության մեջ, քանի որ այդ երկիրը հավասարաչափ օգնություն է տրամադրում Հարավային Կովկասի բոլոր 3 հանրապետություններին: Այսինքն՝ ԱՄՆ-ն գործնականում շահագրգռված է իրական տնտեսական ինտեգրացիայի մեջ:
Եվ վերջապես, այս հարցը, բացի տնտեսական ու քաղաքական կողմերից՝ ունի նաեւ բարոյական կողմ. այն է՝ երկիր, որը շրջափակման է ենթարկել, երկիր, որն այդ ծրագրերի շնորհիվ արդեն իսկ կարողացել է 4 անգամ ավելացնել սեփական բյուջեն, երկիր, որի բյուջեի միայն ռազմական ծախսերը կազմում են Հայաստանի բյուջեի 60 տոկոսը, այժմ ցանկանում է ԵԱՀԿ դահլիճում ներկայանալ իբրեւ խաղաղություն սերմանող: Ելույթումս ուղղակիորեն նշեցի, թե ագրեսորը վերահանդերձավորվել է խաղաղապահի, եւ մոլորության մեջ է գցում եվրոպական հասարակական կարծիքը եւ նրանց հետ միասին՝ Ամերիկային եւ Կանադային: Կարծիք հայտնեցի, որ եթե ընդունվի ադրբեջանական կողմի այս ուղղումը՝ ջուր կլցնենք ագրեսորների ջրաղացին»:
Արդեն երեկոյան պրն Գեղամյանը մեզ տեղեկացրեց, որ բանաձեւում այս ուղղումը տապալվել է, եւ դրան կողմ են քվեարկել ընդամենը 3 հոգի, որոնցից 2-ն ադրբեջանցիներն էին, մեկն էլ՝ Վրաստանի պատվիրակը: Թուրքիայի ներկայացուցիչները կողմ չեն քվեարկել իրենց իսկ առաջարկին: «Հիմնական զեկուցող Ռոլանդ Բլյումը նույնպես դեմ եղավ առաջարկին՝ գտնելով, թե իմ հակափաստարկները բավարար էին,- ասաց «Ազգային միաբանության» նախագահը:- Եվ կարեւոր է նաեւ, որ կոմիտեի նախագահ Բենջամին Կարդինը նույնպես կողմ էր մեր ներկայացրած հիմնավորումներին եւ դեմ եղավ առաջարկին»: Նշենք նաեւ, որ բանաձեւի վերաբերյալ առաջարկված մնացած 19 փոփոխություններն ընդունվել են՝ չի ընդունվել միայն տնտեսական համագործակցության այս «գերազանց օրինակների» վերաբերյալ ուղղումը:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ