Ադրբեջանցի
քաղաքագետի համոզմամբ, դա ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության սառեցումն էր Հայաստանում
ու Ադրբեջանում բացառապես պաշտոնական ու մասամբ էլ քաղաքական շրջանակներում շարունակ
ում են քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահների վերջին հայտարարությունները ու գնահատականներ տալիս բանակցությունների
սեղանին դրված այլեւս գաղտնազերծված առաջարկներին: Շատերն են հավատում, թե՝ քանի
որ, մասնավորապես, ԱՄՆ-ն տրամադրված է ԼՂ հակամարտությունը լուծված տեսնել 2006թ.-ին,
ուրեմն ճնշումները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա կավելանան, ու հարցի լուծումն
էլ կարագանա: Այս կարծիքը, սակայն, չկիսեց մեր զրուցակիցը՝ ադրբեջանցի քաղաքագետ,
«Ճգնաժամային իրավիճակների հետազոտությունների կովկասյան կենտրոնի» տնօրեն Զարդուշտ
Ալիզադեն: Նրա համոզմամբ, ԼՂ հակամարտության կարգավորումը սառեցված վիճակում կմնա
եւս 10 տարի: Զ. Ալիզադեի կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ուղղակի ստիպված
էին հանդես գալ իրենց առաքելության սառեցման մասին հայտարարությամբ ու գաղտնազերծել
բանակցությունների մանրամասնությունները, որովհետեւ, մասնավորապես, ԱՄՆ-ն գիտակցել
էր, որ սպառել է իրավիճակը փոխելու իր բոլոր միջոցները: Զ. Ալիզադեի փոխանցմամբ,
ՄԽ համանախագահներն այլեւս որոշել են հարցի լուծման նախաձեռնությունը թողնել երկու
երկրներին՝ մտածելով, որ «թող հասարակություններն իրենք որոշեն իրենց անելիքը»: «Այսինքն՝
դա փորձ է խնդրի կարգավորումը մեռյալ կետից առաջ շարժելու համար: Նրանք պարզապես
ստիպված են եղել բաց դիվանագիտություն վարել: Ռուսաստանն իր հերթին լիովին վստահ
է, որ վերահսկում է ԼՂ-ն ու Հայաստանը, որ ԼՂ եւ Հայաստանի ղեկավարություններն իր
կրնկի տակ են ու որեւէ քայլ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու չեն անի, ուստի՝
սառնասրտորեն հետեւում է, թե ԱՄՆ-ն ինչպես է իրեն կոտորելով փորձում հարցը լուծել:
Կարծում եմ, ԱՄՆ-ն նման ռեսուրս, իհարկե, ունի»,- կարծիք հայտնեց ադրբեջանցի քաղաքագետը՝
հավելելով, որ առայժմ, ըստ երեւույթին, դրա համար ամերիկյան դիվանագետների երեւակայությունը
չի բավարարում: Որքանո՞վ էր արդարացված բանակցությունների գաղտնազերծումը:
Այս հարցադրմանն ի պատասխան պարոն Ալիզադեն նկատեց, թե՝ այն հարցերը, որոնք քննարկվել
էին Փարիզում, նաեւ դրանից առաջ, անընդունելի էին ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական
կողմերի համար: Ավելին, այդ առաջարկները երկու երկրներում էլ դիմադրության էին հանդիպում,
ինչը, ըստ Ա. Ալիզադեի, ուղեկցվում էր ազգայնական, շովինիստական քարոզչությամբ, «եւ
դա ձեռնտու էր ե՛ւ Ալիեւին, ե՛ւ Քոչարյանին: Ահա թե ինչու երկու երկրներում էլ ընդդիմությունը
նույնքան արմատական դիրքերից է քննադատում իրենց երկրների նախագահներին՝ պաշտպանելով
փակուղային այն իրավիճակը, որը Ադրբեջանին ու Հայաստանին տանում է դեպի ողբերգություն»:
Արդյոք առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու նրանց ներկայացրած երկրների միջամտության
Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները կփորձե՞ն հիմնախնդրի լուծման նոր տարբերակներ
որոնել: Ըստ ադրբեջանցի քաղաքագետի՝ «բացարձակապես ոչ»: «Սա այն է, ինչ նրանք ուզում
են, ինչի մասին երազում էին: ԵԱՀԿ ՄԽ-ն, գոնե ձեւականորեն, այն ուժն էր, որը այդ
իշխանություններին ստիպում էր ինչ-որ քայլեր անել: ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունը՝ միջնորդական
առաքելությունը սառեցնելու մասին, ձեռնտու է ե՛ւ Քոչարյանին, ե՛ւ Ալիեւին: Դրանից
հետո նրանք ամեն ինչ կբարդեն ՄԽ-ի վրա եւ կխաբեն իրենց ժողովրդին՝ ասելով, թե տեսնո՞ւմ
եք` համանախագահներն էլ ձեռքները վեր են բարձրացրել, չեն կարողանում մեզ հայտարարի
բերել: Հետո Հայաստանում կհայհոյեն Ադրբեջանին, Ադրբեջանում՝ Հայաստանին, ու որեւէ
նախաձեռնություն չի լինի, որովհետեւ երկու նախագահներն էլ զբաղված են միանգամայն
այլ ու շատ կարեւոր գործով. նրանք կողոպտում են»,- ասաց Զ. Ալիզադեն: Նրա
կանխատեսմամբ, հակամարտության սառեցված վիճակը կշարունակվի դեռեւս 10 տարի՝ նկատի
ունենալով երկու երկրներում առկա լայն զանգվածների տրամադրությունները, Հայաստանում՝
կենտրոնացվածությունը ԼՂ անկախության, Ադրբեջանում՝ տարածքներ վերադարձնելու վրա:
Նա նաեւ լիովին համոզված էր, որ այդ ընթացքում նոր պատերազմ չի սկսվի. «Ի՞նչ
պատերազմ, երբ տիրոջն անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ սառեցված հակամարտություն:
Լարումը բացարձակապես ձեռնտու չէ Ռուսաստանին: Իսկ Քոչարյանի ու Ալիեւի տերը նույնն
է՝ պարոն Պուտինը: Ինչպես նա ասի, այնպես էլ կլինի: Քոչարյանին կասի՞ հարձակվիր Ադրբեջանի
վրա, կհարձակվի, Ալիեւին կասի հարձակվիր Հայաստանի վրա՝ կհարձակվի: Բայց նրան դա
ձեռնտու չէ: Ռուսաստանին ձեռնտու է հակամարտության սառեցումը, եւ այն սառեցված է»:
Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե, ըստ որոշ տեղեկությունների, Իլհամ Ալիեւը
վերակողմնորոշվել է դեպի ԱՄՆ, պարոն Ալիզադեն քմծիծաղով ասաց. «Դա ընդամենը գլուխ
գովելու համար է, ո՞վ է հավատում դրան, դատարկաբանություն է: Ալիեւին դա պետք չէ,
նրան պետք է գրպանները լցնել, եթե դրա համար անհրաժեշտ է խոստումներ տալ ժողովրդին՝
նա խոստանում է: Ալիեւը գործում է ճիշտ այնպես, ինչպես ձեր Քոչարյանը»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ