Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՆՏԵՆԵԳՐՈՅԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հուլիս 05,2006 00:00

ՀՀ
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ
Արմեն Ռուստամյանի ելույթը Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանի
լիագումար նիստում: Նախ ցանկանում եմ շնորհավորել Սերբիայի եւ Մոնտենեգրոյի
ժողովուրդներին, որ նրանք կարողացան իրենց հիմնախնդիրը լուծել քաղաքակիրթ, խաղաղ
ձեւով՝ այն չհասցնելով արյունալի հակամարտության: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ,
եթե անտեսվեր ժողովրդի կամքը, ժողովրդին չթույլատրվեր ինքնուրույն որոշել սեփական
ճակատագիրը, եթե հանրաքվեի անցկացմանը խոչընդոտելու փորձեր արվեին կամ չճանաչվեին
հանրաքվեի արդյունքները: Բարեբախտաբար, Մոնտենեգրոյում այդպիսի բան չեղավ,
եւ դա, անշուշտ, ընդօրինակման լավ օրինակ է: Սակայն, ցավոք, բացասական օրինակները
շատ են, եւ հենց դրանք էլ ցույց են տալիս, թե ինչպես չի կարելի վարվել: Դրանցից է
Ղարաբաղյան հակամարտությունը: Այդ հակամարտության պատմությունը ցույց է տալիս, թե
ինչ լայնամասշտաբ հումանիտար աղետի, ինչպիսի արյունալի հետեւանքների կարող է հանգեցնել
ժողովրդի ձայնը լռեցնելու եւ նրան դրսից սեփական կամքը ուժով պարտադրելու փորձը:
Հենց այդպես 15 տարի առաջ Ադրբեջանը պատասխանեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝
օրինական անցկացված անկախության հանրաքվեին, որը հիմնված էր այն ժամանակ ԽՍՀՄ-ում
գործող միութենական օրենքի վրա: Ահա այդ տարիներին էլ բաց թողնվեց հիմնախնդիրը խաղաղ
եւ քաղաքակիրթ ձեւով լուծելու հնարավորությունը: Այդ իմաստով Մոնտենեգրոյի հանրաքվեից
բխող հիմնական եզրակացությունը հետեւյալն է. Մի կողմից ավելի ակնառու է դառնում,
որ ժամանակակից աշխարհում անհնար է համաշխարհային նշանակության համալիր, բարդ հիմնախնդիրները
հարմարեցնել հնացած սխեմաներին ու պատրաստի որոշումներին եւ փորձել արդյունքում դրանք
լուծել վոլյունտարիստական մեթոդներով: Մյուս կողմից ավելի է գիտակցվում այնպիսի իրավիճակների,
պատշաճ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որ հնարավորություն կընձեռի, որպեսզի
միջազգային չափանիշներով հիմնավորված ինքնորոշման լիակատար իրավունք ունեցող ժողովուրդը
կարողանա ժողովրդավարական եւ խաղաղ ճանապարհով իրականացնել այդ իրավունքը: Ղարաբաղյան
հակամարտության լուծման բանալին հենց դա է՝ հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման
անքակտելի իրավունքը: Իրավունքը ապրելու՝ արդեն կայացած, սեփական անկախ երկրում:
Նման լուծումը այլընտրանք չունի՝ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ պատմական տեսանկյուններից:
Մասնավորապես այն բանի պատճառով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին
առաջարկվող այլընտրանքը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրեն վերաենթարկեցնելը ինչպես
նախկինում Խորհրդային Միությունում էր, հնարավոր է իրականացնել միայն Խորհրդային
Միության վերականգնման դեպքում: Սակայն նման սցենարում չի բացառվում նաեւ քննարկվող
հանրաքվեի արդյունքների վերանայումը, քանի որ կարող է նորից հող ստեղծվել նախկին
սոցիալիստական ճամբարի եւ նախկին Հարավսլավիայի վերականգնման համար: Ես խորհուրդ
կտայի նաեւ ադրբեջանցի գործընկերներին ձեռնպահ մնալ ամենուր Ղարաբաղյան հակամարտության
թեման օգտագործելուց բոլորովին այլ՝ երկրի ներսում գոյություն ունեցող հիմնախնդիրներն
արդարացնելու համար: Ես հասկանում եմ, որ դա անհրաժեշտ է քարոզչության համար եւ ձեռնտու
է: Սակայն դա երբեմն անհեթեթության է հասնում: Օրինակ, չի կարելի կառուցողական համարել
Ադրբեջանի դիրքորոշումն այն հարցում, որ Հայաստանի հետ ոչ մի տարածաշրջանային համագործակցություն
չի լինի, քանի դեռ Ղարաբաղյան հարցը լուծում չի ստացել: Իսկ ինչպես հայտնի է, բանակցային
գործընթացը դրանից չի շահում, թեեւ Ադրբեջանը կողմ է մնում հակամարտության լուծման
փուլային տարբերակին: Սակայն անհեթեթությունն ամբողջությամբ ի հայտ է գալիս այն ժամանակ,
երբ ասվում է, թե խորը ժողովրդավարական փոփոխություններն Ադրբեջանում նույնպես իրական
չեն, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել: Իսկ դա արդեն կա՛մ ինքնախաբեություն
է, կա՛մ Եվրոպայի Խորհրդին վերջնագիր ներկայացնելու փորձ, որ ԵԽ-ն կա՛մ օգնի լուծել
հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի, կա՛մ դադարեցնի ժողովրդավարության հետ կապված
հարցերի համար խիստ քննադատությունը: Մինչդեռ Եվրոպայի, մասնավորապես՝ Սերբիայի եւ
Մոնտենեգրոյի փորձը ցույց է տալիս լրիվ հակառակը: Այն է՝ որքան զարգացած է հակամարտող
երկրներում ժողովրդավարությունը, այնքան ժողովուրդները եւ դրանց ներկայացուցիչները
ավելի պատրաստ են համաձայնության, որքան շատ են շփումները, համատեղ իրականացվող ծրագրերը,
այնքան ավելի մեծ է հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ եւ ավելի բարձր է բանակցությունների
արդյունավետությունը: Մոնտենեգրոյի հանրաքվեն մեկ անգամ եւս
ապացուցեց հայտնի ճշմարտությունը՝ չկա ժողովրդավարություն, համընդհանուր անվտանգություն
ու կայունություն առանց ժողովրդի ազատ կամաարտահայտումը հարգելու: Միայն այդ դեպքում
հիմնախնդիրները կլուծվեն առանց հաղթողների եւ պարտվողների եւ կունենանք ժողովրդավարության
ընդհանուր հաղթանակ, ինչպես դա եղավ Մոնտենեգրոյում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել