Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դրամահավաք՝ բանկային հաշվի վրա

Հուլիս 05,2006 00:00

Բագրատ Եսայանը շարունակում է հակակոռուպցիոն պայքարը

Երեկ հրավիրած իր առաջին մամուլի ասուլիսը ԿԳ հանրակրթության գծով փոխնախարար Բագրատ Եսայանը նվիրեց հանրակրթության հիմնախնդիրներին, որոնցից առանձնացրեց դպրոցներում առկա դրամահավաքությունը, մանկավարժական որակյալ կադրերի ընտրությունը, ուսուցիչ-աշակերտ համագործակցությունը եւ ավագ դպրոցին վերաբերող հարցեր: Վերջինիս դեպքում փոխնախարարը անհրաժեշտ է համարում համատարած բացակայությունների խիստ մտահոգիչ վիճակը շտկելու եւ հանրակրթություն-մասնագիտական կրթություն սահուն անցումն ու շարունակականությունն ապահովելու նպատակով ավագ դպրոցի առանձնացում եւ հոսքային ուսուցում: Առաջիկայում կմշակվի համապատասխան հայեցակարգ:

Պրն Եսայանը որոշել է նաեւ դպրոցը որակյալ կադրերով ապահովելու համար մշակել համապատասխան կարգ, ըստ որի՝ մանկավարժը դպրոց կմտնի միմիայն մրցույթի արդյունքում. «Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ դպրոցի տնօրենի սուբյեկտիվ վերաբերմունքից, նախասիրություններից, համակրանքից եւ հակակրանքից է կախված, թե ով կընդունվի դպրոց, դպրոցի տնօրենը միանձնյա որոշում է, թե ով է լինելու իր կադրը: Իսկ այնտեղ, որտեղ կա սուբյեկտիվ վերաբերմունքի, սուբյեկտիվ որոշում կայացնելու հնարավորություն, անվերահսկելիություն, այստեղ մենք ունենք կոռուպցիայի երեւույթներ, այդ պատճառով փորձ ենք անելու առաջիկա 1-2 տարիներին անցնել մրցութային կարգով ընդունելության, մանկավարժները դպրոց կմտնեն մրցույթի արդյունքում»: Պրն Եսայանը կարծում է, որ այս գործը գլուխ կգա, եթե ներգրավվեն ծնողական համայնքը, հ/կ-ներ: Մեր դիտարկմանը, թե արդյոք այս դեպքում կոռուպցիան մի տեղից մյուսը չի՞ տեղափոխվի (տվյալ դեպքում՝ տնօրենից կանցնի հանձնաժողովի անդամներին), եւ արդյո՞ք դպրոցական խորհուրդների նմանությամբ, դրանք ձեւական բնույթ չեն կրի, պրն Եսայանը չհամաձայնեց: Նա մեր հասարակության մասին այնքան էլ վատ կարծիք չունի եւ չի կարծում, որ մրցույթն անցկացնողներն անարդար կվարվեն կադրերի ընտրության հարցում, փող կվերցնեն՝ այսինչին ուսուցիչ դարձնելու համար. «Այսպես կբարձրացնենք որակը եւ կստեղծենք մրցակցություն, մեծ տոկոսով կհաղթահարենք այս խնդիրը: Եթե հասարակությունը մասնակից լինի մանկավարժի ընտրության գործում, մենք կշահենք: Գուցե 100 տոկոսանոց մեխանիզմ չեմ առաջարկում, բայց մենք որակական փոփոխություն կունենանք»:

Ինչ վերաբերում է դպրոցներում առկա դրամահավաքությանը, ապա այլեւս կարգելվի կանխիկ վճարումները դպրոցում: Դրամը այսուհետեւ կամավորության սկզբունքով կհավաքվի, բայց ծնողական խորհուրդն այն կփոխանցի բանկային հաշվի վրա, որտեղից էլ տնօրենը, պահպանելով հաշվետվողականության եւ թափանցիկության սկզբունքը, կուղղի դպրոցի կարիքներին՝ ծնողական համայնքի եւ խորհրդի վերահսկողությամբ:

Փոխնախարարը ցանկացած խնդրի շուրջ սպասում է ահազանգերի՝ 527343 թեժ գծով: Իսկ զանգերն անանուն չեն լինի, այլ կոնկրետ դեպք եւ կոնկրետ մարդու կողմից: Հարցին, թե այդ դեպքում երեխայից հաշվեհարդար չե՞ն տեսնի, պրն Եսայանը պատասխանեց. «Երեխայի համար ավելի վատ չի կարող լինել, քան կա: Ավելի վատ բան, քան երեխային սովորեցնում են փող տալ՝ չկա: Եթե որեւէ մեկը վախենում է, թող չզանգի, թող զանգեն քաղաքացիական համապատասխան գիտակցություն ունեցող մարդիկ»: Բ. Եսայանը նաեւ խոստացավ «հետեւանքներ առաջացնել» այն տնօրենի կամ ուսուցչի համար, ովքեր դիտավորյալ գնահատականներ կիջեցնեն, որպեսզի ծնողը ստիպված երեխային նրանց մոտ պարապելու տա:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել