Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԱՏԵՐ ԵՆ, ԲԱՅՑ «ԼԱՑՈՒՄ» ԵՆ

Հուլիս 05,2006 00:00

Մի շարք հայտնի ընկերություններ պետությանը միլիոնների հարկային պարտքեր են կուտակել

Վերջին օրերին Հարկային պետական ծառայությունը հետաքրքիր բովանդակությամբ մի քանի ցանկ է հրապարակել, որտեղ ներկայացված են անցյալ տարի 1 մլն դրամից ավելի հարկային վնասներ կրած, ներդրումների հետեւանքով հարկային պարտավորությունները չկատարած, պարտադիր սոցիալական վճարների պարտքեր կուտակած, ապառքի աճ ունեցող ընկերությունները: Առաջին բանը, որ աչք է ծակում ապառքի (հարկային պարտք) աճ ունեցող ընկերությունների ցանկում, ջրօգտագործող ընկերությունների՝ մոտ 3 տասնյակ անուններն են: Երեւան, Արմավիր, Ազատ, Արաքս, Մասիս, Եղեգնաձոր, Փարպի, Շամիրամ, Քարակերտ, Քասախ, Մարտունի. այս բոլոր շրջաններում գործող ջրօգտագործող ընկերություններն ընդհանուր առմամբ մոտ 100 մլն դրամի պարտք են կուտակել: Ընդ որում, մոտ տասը ջրօգտագործող ընկերության պարտքն անցնում է 10-15 մլն դրամի սահմանագիծը: Այդ ընկերություններից շատերը նաեւ ընդգրկված են 2005-ին մեկ մլն դրամ եւ ավելի հարկային վնասներ հայտարարագրած ընկերությունների ցանկում եւ միջին հաշվով մոտ 100 մլն դրամից ավելի վնասներ են ցույց տալիս: Որպես կանոն, ջրօգտագործողներն իրենց վնասները բացատրում են հատկապես մարզերի բնակիչներից ջրի վարձերի դժվար հավաքագրմամբ եւ ջրի մեծ քանակի կորուստներով: Մինչդեռ, այդ կորուստներն ավելի շատ առաջանում են ոչ թե այն պատճառով, որ բնակիչները ջրաչափը փոշեկուլով հետ են տալիս, վրան մագնիս կամ թաց կտոր փաթաթում, ապօրինի խողովակներ սարքում, ինչպես ներկայացնում են տեսուչները, այլ հիմնականում հենց նրանք են «լույսի մարդու» պես բնակիչների հետ համագործակցում՝ իրենց «փայը» վերցնելով եւ ջրի ծավալը պակաս գրելով:

180 մլն դրամից ավելի ապառքի աճ ունի լուծարման գործընթացում գտնվող «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը: Հաշվի առնելով, որ ընկերությունը միլիոնների պարտք ունի նաեւ իր աշխատակիցների չվճարված աշխատավարձերի դիմաց, իսկ ընկերության հաշվեկշռում ընդամենը մի քանի անուն գույք է մնացել, որոնք վաճառելով՝ էլի հնարավոր կլիներ պարտքերի մի մասը փակել, առաջիկա մի քանի տարիներին այդ ապառքի աճը դժվար թե դադարի՝ մանավանդ որ ընկերությունը հարկայինին մոտ 480 մլն դրամ էլ պարտք է՝ պարտադիր սոցիալական վճարների համար:

«Արմենիա» հյուրանոցային համալիրը ապառքի աճ ունեցող ընկերությունների ցանկում 12-րդ տեղում է եւ մոտ 165 մլն դրամի չկատարած պարտավորություններ ունի: Այս հյուրանոցը հետաքրքիր զուգադիպությամբ 12-րդ տեղում է նաեւ 1 մլն դրամ եւ ավելի հարկային վնասներ հայտարարագրած ընկերությունների ցանկում եւ ներկայացրել է ավելի քան 1.6 մլրդ դրամի վնաս: Նկատենք, որ այս հյուրանոցը չնայած նման տխուր ցուցանիշներ է գրանցել, այդուհանդերձ, թե՛ անցյալ, թե՛ նախանցյալ տարի օգտվել է շահութահարկի 50 տոկոս նվազեցման արտոնությունից: Ավելին՝ հյուրանոցն այդ արտոնությունից օգտվելու է նաեւ այս տարի՝ որպես օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտ կազմակերպություն: Հյուրանոցներից մոտ 5 մլն դրամի վնաս է ցույց տվել նաեւ «Գոլդեն Փելիսը», որը, բացի այդ, 3 մլն դրամի էլ ապառքի աճ է գրանցել:

Տոնավաճառ-առեւտրի կենտրոններից հարկայինի ցանկերում միշտ հետաքրքիր հորիզոնականներ է գրավում «Սուրմալուն»: Նախ, այն այս տարվա խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես ընդգրկված չէ, իսկ անցյալ տարի շատ համեստ ցուցանիշներ է գրանցել՝ գրավելով ընդամենը 163-րդ տեղը: Այս տոնավաճառը նաեւ ապառքի աճ ունեցող ընկերությունների ցանկում է եւ մոտ 8 մլն դրամի ապառքի աճ ունի, որը չի վճարել:

2005-ին հարկային վնասներ հայտարարագրած ընկերությունների ցանկում բավական մեծ տեղ են գրավում հեռուստաընկերությունները: Օրինակ՝ Տիգրան Կարապետիչի «ԱԼՄ»-ն 144 մլն դրամի վնաս է արձանագրել, իսկ «Գրանդ հոլդինգին» պատկանող «Ար» հեռուստաընկերությունը, որը նաեւ ընդգրկված է ներդրումների հետեւանքով հարկային պարտքեր կուտակած ընկերությունների ցանկում՝ մոտ 340 մլն-ի: Հարկային պարտքեր են կուտակել նաեւ Արմեն Ամիրյանին եւ մեծահարուստ Հակոբ Ջամբազյանին պատկանող «ԱրմենԱկոբ» եւ «Երեւան» հեռուստաընկերությունները: Իսկ Գաֆեսճէան եւ Սարգսյան ընտանիքներին պատկանող «Արմենիա TV»-ն, չնայած առանց այդ էլ շահութահարկի 100 տոկոս նվազեցման արտոնությունից է օգտվել եւ այս տարի էլ օգտվելու է, սակայն 7 մլն դրամից ավելի ապառքի աճ է գրանցել: Մոտ 4 մլն դրամի հարկային պարտք ունի նաեւ Հանրային հեռուստաընկերությունը:

Ինչպես 300 խոշոր հարկատուների, այնպես էլ վնասներ ներկայացնող, ապառքի աճ ունեցող եւ հարկային պարտքեր կուտակած ընկերությունների ցանկերում անպակաս են արտասահմանյան սերիալներից պատճենած կամ «զըռ հայկական» զավեշտալի անուններով ընկերությունները՝ «Արտակ եւ Էդո ընկերներ», «Զառացյան եւ ընկերներ», «Մեծն Մամիկոն», «Հակոբ-Հայկ», «Լեւոն-Հայկ», «Ֆիրմա Սյուզաննա», «Ղարիբյան եղբայրներ», «Ազիզյան Գեւորգ», «Ճարպիկ», «Համլետ-27» եւ այլն:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել