Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՆ»

Հուլիս 05,2006 00:00

Ի պատասխան Ջորջ Սորոսի՝ Ստամբուլում արված հայտարարությունների հայաստանյան մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղը «Առավոտին» է ուղարկել հետեւյալ պարզաբանումը, որն արտահայտում է Սորոսի հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումը.

«Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում ընտրությունների առնչությամբ Սորոսի հիմնադրամների գրասենյակների գործունեությունը նպատակ է հետապնդել օժանդակել տեղի քաղաքացիական հասարակությանը, որպեսզի վերջինս նպաստի թափանցիկ ընտրությունների անցկացմանը եւ ընտրողների իրազեկության բարձրացմանը: Սորոսի հիմնադրամների ցանցը ոչ կուսակցական եւ ոչ քաղաքական է. նույնը վերաբերում է նաեւ մեզանից օժանդակություն ստացող բոլոր ոչ կառավարական կազմակերպություններին: Ցանկացած պնդում այն մասին, թե մենք այդ պետություններում հեղափոխությունների կապակցությամբ որեւէ դեր ենք խաղացել՝ անհիմն է: Իրենք՝ քաղաքացիներն են դուրս եկել փողոց, որպեսզի ցույցերի միջոցով հայտնեն իրենց բողոքն ընտրակեղծիքների եւ կոռուպցիայի դեմ, որոնք նրանց զրկել են արդար ընտրությունների մասնակցելու իրենց ժողովրդավարական իրավունքից:

Հեղափոխությունները կործանարար են: Սորոսի հիմնադրամները չեն խրախուսում հեղափոխություններ. դրանք կարող են ժողովրդավարական բարեփոխումների համար ուղի հարթել, սակայն չտրամադրել դրանց որեւէ երաշխիքներ: Վերջին տարիներին նախկին Խորհրդային Միության երկրներում ժողովրդի՝ ոտքի ելնելու միտումներն այդ պետությունները մեկ քայլով մոտեցրել են ժողովրդավարացմանը: Սակայն հեղափոխական էյֆորիայի ցրվելուց հետո քաղաքական գործիչները ստիպված են եղել ժողովրդավարություն կառուցել զրոյից: Սորոսի հիմնադրամներն այս դժվարին գործում օգնում են կառավարություններին, ինչպես նաեւ աջակցում են քաղաքացիական հասարակությանը, որպեսզի վերջինս ապահովի կառավարությունների պատասխանատու գործելակերպը»:

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել