Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկուրտիստն» ու նժդեհականը

Հուլիս 05,2006 00:00

«Հայելի» ակումբում կայացած երեկվա բանավեճը «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանի եւ ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի միջեւ ավելի շուտ ֆանտաստիկ նովելի էր նման. թվում էր, թե իրար հետ խոսում են ժամանակի երկու տարբեր հարթություններում գտնվող մարդիկ:

Բլեյանն իր գաղափարներով առաջ էր ընկել իր ժամանակից՝ առնվազն մի 100-ամյակ, սակայն Աշոտյանն էլ բավականին հետ էր մնում 21-րդ դարի իրականությունից: Վիճաբանության վերածված բանավեճի արդյունքում հասկանալի դարձավ, որ Բլեյանի գաղափարները հասու չեն ոչ միայն Աշոտյանին, այլեւ ներկայիս հայ հասարակության առնվազն 98%-ին, եւ ադրբեջանցիների ամենաքիչը՝ 99,999%-ին: Այն, ինչին ձգտում է Բլեյանը՝ «երկու հարեւան ժողովուրդների միջեւ հաշտություն, ստեղծագործ աշխատանքի վերականգնում, լիարժեք բարիդրացիության հաստատում, հակամարտության վիրուսի վնասազերծում», այսօրվա Հայաստանի եւ Ադրբեջանի պայմաններում որքան ցանկալի, նույնքան ուտոպիստական է թվում:

«Նոր ուղու» նախագահը համարում էր, որ բավական է նայել քարտեզին՝ համոզվելու համար, որ «Ադրբեջանը մեր պոտենցիալ ռազմավարական գործընկերն է», եւ վստահ էր, որ միայն ուղիղ բանակցությունների միջոցով կարելի է Ադրբեջանի հետ գալ հաշտության, ինչն էլ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության միակ նախապայմանն է: Պրն Բլեյանը վստահ է, որ մինչեւ 1992թ.-ի դեկտեմբերի 10-ը, երբ հայերը մտան Զանգելան, հարցը լրիվ այլ հարթության մեջ էր՝ ԼՂ ժողովուրդն իր հողի վրա պայքարում էր իր ինքնորոշման համար, եւ դա «շատ ազնիվ, արդարացի ու հարգանքի արժանի» պայքար էր, սակայն «Զանգելանի արկածախնդրությունից» հետո ամեն ինչ շուռ եկավ գլխիվայր. «Զավթելով Զանգելանը՝ այդ ազնիվ պայքարը այլասերեցինք Ադրբեջան պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության: Երբ ձեզ թվաց, թե կարող եք եղած քարտեզը փոխել ու մարսելու եք՝ դա է արկածախնդրությունը»:

Բնականաբար, այս մտքերը հարուցեցին քաղաքական այլախոհների հետ վիճաբանելու տարբերակների մեջ խտրականություն դնելու հակում չունեցող Արմեն Աշոտյանի վրդովմունքը, որը Բլեյանին մի քանի անգամ ցույց տվեց Բաքվի ճանապարհը, ապա առաջարկեց ԵԱՀԿ վեհաժողովում համագործակցել Ադրբեջանի հետ, իսկ ավելի ուշ մեղադրեց ազգային դավադրության եւ քաղաքական մազոխիզմի մեջ: Աշոտյանը համոզված էր, որ Ադրբեջանում որեւէ քաղաքական գործիչ նման մտքեր ու գաղափարներ չունի, ինչը «փաստում է, որ Հայաստանը շատ ավելի ժողովրդավար երկիր է, քանի որ նման գաղափարներ կան եւ հնչում են, քան Ադրբեջանը»: Երբ Աշոտյանը պնդում էր, որ Բլեյանի մտքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու եւ այդ երկրի մի քանի շրջանները զավթելու մասին ազգային դավադրություն են, Բլեյանը կոչ էր անում՝ «կախեք ինձ, հրապարակում քառատեք, սպանեք», ու հիշեցնում, որ նման մտադրություն ժամանակին հայտնել է Գառնիկ Իսագուլյանը, տարբեր պատգամավորներ, սակայն ժամանակը ցույց է տվել, որ իր նման չմտածողները միեւնույն է՝ չեն լուծում ԼՂ հարցը: Իսկ երբ ասաց, որ տեղյակ չէ, թե Ադրբեջանում արդյո՞ք կան ուժեր, որ ՀՀ-ին տեսնում են որպես պոտենցիալ ռազմավարական գործընկեր, Աշոտյանը հակադարձեց՝ «դա քաղաքական մազոխիզմ է՝ գնանք խնդրենք Ադրբեջանին՝ լավ էլի, տեսեք մեզ որպես ձեր ռազմավարական գործընկեր, իսկ նրանք աչքերը մազութով ու նավթով փակած ոչինչ չտեսնեն: Որպես բժիշկ չգիտեմ ինչ դիագնոզ տալ սրան»:

Աշոտյանի կոչին՝ հարգել ազատագրված տարածքներում զոհվածների հիշատակը, Բլեյանը պատասխանեց այսպես. «Նրանց հիշատակը վառ պահելու միակ ելքն է՝ այնպես անել, որ նրանց զավակներն էլ չարժանանան այդ ճակատագրին, որովհետեւ զոհողության մեծությամբ չի չափվում արժեքը, այլ՝ արդյունքով: Չկա ավելի դաժան բան, քան անիմաստ, ապարդյուն զոհողությունը»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել