Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ԿՈՂՄ Է ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

Հուլիս 05,2006 00:00

Հայաստանի
խորհրդարանի ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը դժվարանում է որեւէ մեկին
տեսնել Հայաստանում, որը դեմ կլինի համանախագահողների առաջարկած սկզբունքներին: –
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գաղտնազերծած սկզբունքներից ակնհայտ է, որ բանակցությունների
սեղանին է դարձյալ փուլային կարգավորման տարբերակ. ԼՂ կարգավիճակը էլի մնում է անորոշ,
թեեւ տարածքներից պիտի դուրս բերվեն հայկական զորքերը: Նախկին իշխանավորները, սակայն,
հիշեցնում են, թե այս իշխանությունը խոստանում էր լուծել Լեռնային Ղարաբաղի անկախության
կամ Հայաստանի հետ վերամիավորման հարցը, մինչդեռ այժմ ընդունելի է համարվում մի տարբերակ,
որը գրեթե չի տարբերվում 1997-ի առաջարկից: – Ես հասկանում եմ նախկին իշխանությունների
հարցադրումները, սակայն համաձայն չեմ դրանց: Կա մի «փոքրիկ» տարբերություն. ուրախ
կլինեի, եթե նախորդ փաստաթղթում ցույց տրվեր որեւէ կետ, որտեղ խոսվում է ինքնորոշման
իրավունքի կիրառման եւ այս սկզբունքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու
մասին: Դժբախտաբար, չկա՛ նման կետ: Փուլայի՜ն, փաթեթայի՜ն եւ այլ տարբերակները, կարծում
եմ, որոշ առումով, հարաբերական են, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի է նույն վայրկյանում
անել ու համարել ավարտված: Միակ ամբողջական փաթեթայինը կլիներ այն, որ մեկ վայրկյանում
ու միաժամանակ լուծվեին բոլոր հարցերը. հակառակ դեպքում միշտ լինելու է հաջորդականություն:
Իսկապես կա որակական տարբերություն: Ավելի՛ն: Անգամ 1998-ի իշխանափոխությունից հետո
մի տեւական ժամանակահատված ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումը համանախագահողները
չէին ներկայացնում որպես սկզբունք, որն անպայման պիտի գործադրվի լուծման բանաձեւում:
Սա է հիմնական տարբերությունը նախկին եւ այս լուծման: – Այդ հիմնական տարբերությունը
հանգում է հանրաքվեին, որի վերաբերյալ համանախագահողների բացահայտումները տեղիք են
տալիս հարցականների: Ասենք, օգտագործել են «համընդհանուր քվեարկություն», արտահայտությունը,
նաեւ նշել, թե դրա ժամկետը սահմանված չէ: Պարզ չէ նաեւ, թե արդյոք այդ քվեարկությունն
անցկացվելու է միայն ԼՂ տարածքո՞ւմ: – Կարծում եմ, իրենց հարցադրումը միշտ
էլ եղել է, թե ովքեր են մասնակցելու քվեարկությանը: Խոսքը բացարձակապես չի վերաբերում
նրան, թե հանրաքվեն ամբողջ Ադրբեջանի՞ տարածքում պիտի լինի, թե՞ Ղարաբաղի: Հարցադրումը
հետեւյալն է՝ այն ադրբեջանցիները, ովքեր գնացել են Լեռնային Ղարաբաղից՝ պիտի՞ մասնակցեն
այդ քվեարկությանը, թե՞ ոչ: Եվ եթե պիտի մասնակցեն՝ որտե՞ղ են լինելու նրանք, վերադառնալո՞ւ
են Լեռնային Ղարաբաղ, թե՞ ոչ: Խոսքը սրա մասին է եւ ոչ այն շահարկումների, որոնք
փորձում են անել ադրբեջանցիները, թե հանրաքվեն իբր պիտի անցկացվի ամբողջ Ադրբեջանում:
Կարծում եմ, չկա որեւէ մեկը, որը կասկածի, թե ինչպիսին կլինի Ադրբեջանում անցկացվող
հանրաքվեի արդյունքը եւ ինչպիսին կլինի Ղարաբաղի դեպքում: Սակայն սա հնարավորություն
է, որ ազգերի ինքնորոշման իրավունքն իրացվի Լեռնային Ղարաբաղում: Եվ ակնհայտ է նաեւ,
որ սրա արդյունքը լինելու է ԼՂՀ հռչակումն ու ճանաչումը: Քանի որ համանախագահողները
բացահայտել են զուտ սկզբունքները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, հարկ է նաեւ ընդգծել,
թե սկզբունքները մի բան են, իսկ հետագայում ձեւավորվելիք պայմանագիրը՝ բոլորովին
այլ բան: Ես, օրինակ, վստահ եմ, որ պայմանագրում անպայման պիտի նշվի՝ եթե հանրաքվեն
անցկացվելու է՝ ժամկետն ինչի՞ հետ պիտի կապվի, ինչ-որ մի իրադարձությա՞ն, թե՞ ժամանակի:
Ուղղակի ժամանակ սահմանելը, կարծում եմ, անհեթեթ է: Պայման պիտի լինի, ոչ թե ժամանակ:
Կարծում եմ, պայմանագրում պետք է նաեւ հստակ ձեւակերպված լինի, որ հանրաքվեն
անցկացնելուց հետո՝ անկախ նրանից, թե դրա արդյունքները կճանաչի՞, թե՞ ոչ Ադրբեջանը՝
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պիտի անմիջապես ճանաչեն հանրաքվեի արդյունքները:
Քանի որ էլի ամեն ինչ Ադրբեջանի որոշելուն թողնելը, կարծում եմ, բացարձակապես տեղին
չի լինի: Էլի մի շարք խնդիրներ կան, թե ինչպիսին է լինելու ԼՂ կարգավիճակը մինչ հանրաքվեն.
զուտ «միջանկյալ կարգավիճակ» ձեւակերպումը դեռեւս ոչինչ չի ասում: Շատ կարեւոր է
հստակեցնել ԼՂ լիազորությունները, արտաքին կապերը եւ այլն: – Թեեւ Հայաստանի
ԱԳ նախարարը հայտարարեց, որ «կարգավորման առաջարկված շրջանակային համաձայնագիրն ընդունելի
է Հայաստանի համար», իշխանությանը մաս կազմող ՀՅԴ-ն պնդում է, թե դեմ են առաջարկվող
սկզբունքներին՝ տարածքների վերադարձի պատճառով նաեւ: Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն
այս համաձայնագրի վերաբերյալ: – Կարծում եմ, որեւէ մեկը չի կարող դեմ լինել
այստեղ արձանագրված սկզբունքին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է կիրառվի
ԼՂ խնդրի կարգավորման ընթացքում եւ պետք է անցկացվի հանրաքվե: Հաջորդ սկզբունքը՝
ասվում է, թե հակամարտության լուծման միակ ուղին խաղաղ կարգավորումն է: Ավելին՝ ասվում
է նաեւ, որ երկու երկրների ղեկավարներն իրենց ժողովուրդներին պետք է նախապատրաստեն
խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Դժվարանում եմ որեւէ մարդ տեսնել Հայաստանում,
որը դեմ կլինի այս սկզբունքներին: Իսկ ԼՂՀ հարակից շրջանների խնդիրը կարող է լրջորեն
քննարկվել այն դեպքում, երբ մնացած բոլոր հարցերի շուրջ լինեն հստակություններ՝ ի՛նչ,
ե՛րբ, ինչպե՛ս: Նաեւ չպիտի մոռանանք, որ ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակել է որոշակի
սահմաններում. հիմա սա պիտի՞ հաշվի առնենք, թե՞ ոչ: Վստահ եմ, որ ցանկացած հարցի,
առավել եւս՝ Ղարաբաղի խնդրի կապակցությամբ պիտի ունենանք ոչ թե հուզական, այլ շատ
լավ կշռադատված ու զուսպ մոտեցում: – Այնուամենայնիվ, ԼՂՀ խորհրդարանի արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պնդում է, թե կարգավորման այս սկզբունքները
լիովին համապատասխանում են Ադրբեջանի շահերին: – Չգիտեմ, թե ինչպես է որոշվել
այդ համապատասխանությունը: Բայց ուրախ կլինեի, որ Լեռնային Ղարաբաղի՝ այլեւս Ադրբեջանում
չլինելը համարվեր Ադրբեջանի շահ: Ես էլ եմ, օրինակ, գտնում, որ ԼՂՀ ճանաչումն իբրեւ
անկախ պետություն բխում է Ադրբեջանի շահերից. ի վերջո, այդ երկիրը թող հանգստանա
եւ զբաղվի իր ներքին խնդիրներով: Եվ ուզում եմ հիշեցնել, որ սկզբունքների հրապարակումից
հետո ադրբեջանցի վերլուծաբանները նշում էին, որ եթե դրանք ընդունվեն՝ Ադրբեջանը ԼՂ-ին
կտեսնի իր կազմում այն դեպքում, եթե տեսնի սեփական ականջները: Հարցազրույցը՝
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել