Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-Ն ԵՐԲԵՔ ԿՑՈՐԴ ՉԻ ԵՂԵԼ»

Հուլիս 05,2006 00:00

Մեր թերթին տրված հարցազրույցում ասում է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը

– Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս հուլիսի 1-ից ՍԴ դիմել նաեւ շարքային քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Պատրա՞ստ է ՍԴ-ն դիմումների այդքան մեծ հոսք ընդունել:

– Դուք միանգամայն ճիշտ եք, հուլիսի 1-ից ՍԴ կարող են դիմել եւ բողոքարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, այդ թվում նաեւ ոչ ՀՀ քաղաքացիները: Սակայն, ցավոք, բողոքարկել կարող են միայն օրենքի դրույթի սահմանադրականությունը: Եվ միայն այն օրենքի դրույթի սահմանադրականությունը, որը իր կոնկրետ գործով կիրառել է դատարանը: Երկրորդ, մարդը կարող է դիմել, երբ առկա է դատարանի վերջնական ակտը: Ընդ որում, վերջնական ակտը շատերը սխալ են հասկանում, հասկանում են միայն ՀՀ Վճռաբեկ դատարանի ակտը: Իրականում խոսքը ցանկացած դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի մասին է, որը ՍԴ-ն կհամարի որպես վերջնական ակտ: Այդպիսին է Եվրոպական դատարանի պրակտիկան: Երրորդն այն է, որ ՍԴ դիմելուց առաջ պետք է սպառված լինեն դատական պաշտպանության բոլոր միջոցները: ՍԴ-ի մասին նոր օրենքով ավելացված են եւս մի քանի զտիչներ, որոնցից մեկը պետական տուրքի պարտադիր վճարումն է: Չորրորդ զտիչն այն է, որ ՍԴ պետք է գան գրագետ պատրաստված դիմումներ. մեր քաղաքացիների իրավաբանական մշակույթի մակարդակն առայժմ այնպիսին չէ, որ քաղաքացին կարողանա անձամբ գալ, ուստի պետք է դիմի իրավաբանորեն գրագետ անձի միջոցով. խոսքը, իհարկե, փաստաբանի կամ իրավաբանի մասին է: Վերոհիշյալ զտիչների իմաստը մեկն է՝ որ ՍԴ-ն չհեղեղվի դիմումներով:

– Ինչպիսի՞ իրականացում է սպասվում ՍԴ որոշումներին, այսինքն՝ դրանք իրականանալո՞ւ են, թե՞ լինելու է այնպես, ինչպես սովորաբար լինում է ՍԴ որոշումների հետ, ինչպես եղավ վստահության հանրաքվեի հետ կապված, նաեւ Կենտրոնի բնակիչների դիմումների ժամանակ, որից կոնկրետ անձինք ոչ մի օգուտ չստացան, իրականում նրանց հարցը լուծվեց միայն թղթի վրա, որը ոչ մի զորություն չուներ:

– Ես չափազանցված եմ համարում այն տեսակետը, թե ՍԴ որոշումները չեն կատարվում. դա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Մենք ընդունել ենք 650-ից ավելի որոշումներ, եւ մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերը, երբ իշխանությունները ինչ-ինչ պատճառներով պատշաճ չեն արձագանքել: Սակայն հարցի լուծումը ոչ թե ընդհանրապես չի տրվել, այլ ավելի ուշ է տրվել:

– Ստացվում է, որ քաղաքականությ
անը վերաբերող որոշումները ընդհանրապես չեն կատարվել, որովհետեւ վստահության հանրաքվեի եւ Կենտրոնի բնակիչների դիմումներն ավելի շատ քաղաքականացված որոշումներ էին:

– Նախ պետք է հասկանալ՝ ինչ բան է սահմանադրական արդարադատությունը: Ողջ աշխարհում ՍԴ-ն իրավունքի եւ քաղաքականության առանցքում է աշխատում: Նույնիսկ եթե վերլուծեք մեր կազմը, կտեսնեք, որ իմ հարգելի գործընկերների մի մասը որոշակի քաղաքական անցյալ ունի: Եվ դա նորմալ երեւույթ է, դա այսպիսի դատարանների համար միանշանակ նորմալ պրակտիկա է: Չի կարող լինել ՍԴ որեւէ որոշում, որ այս կամ այն ձեւով չշոշափի քաղաքականության հարցեր: Ուրիշ բան, որ մենք երկրի միակ դատարանն ենք, որի իմաստը քաղաքականության հիմնական պրոբլեմները իրավունքի դաշտ բերելն է, քաղաքականության ճգնաժամային իրավիճակներում հարցի լուծումը սահմանադրական դաշտ բերելն է, ուստի մեր ցանկացած որոշում ուղղակիորեն «քաղաքական» բնույթի է:

– Այսինքն՝ ՍԴ-ն նույնպես գնում է սահմանադրական ճանապարհով:

– Այո, ՍԴ-ն գնում է սահմանադրական ճանապարհով, ընդ որում՝ ուզում եմ նշել, որ դեռ շատ-շատերը չեն հասկանում, որ ՍԴ-ն այլ ճանապարհ չունի: Մենք, օրինակ, ընտրական գործ ենք նայում, մենք որոշում ենք, թե ով է ընտրվել ՀՀ նախագահ կամ ԱԺ պատգամավոր: Ես միշտ դեմ եմ եղել, որ ընտրական գործերը ՍԴ-ին տրվեն, բայց այժմ «ՍԴ-ի մասին» օրենքով այնպիսի լուրջ փոփոխություններ են կատարվել ՍԴ-ի կարգավիճակում, որոնք հնարավորություն կտան ավելի լիարժեք, անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ ձեւով հարցերին լուծումներ տալ:

– Համաձա՞յն եք այն կարծիքներին, որ ՍԴ-ն իշխանությունների կցորդն է:

– Ես այն դատավորներից չեմ, որ կարող է աշխատել այնպիսի դատական մարմնում, որը ինչ-որ մեկի կցորդն է: Դա բացառվում է: Այլ բան է, որ մենք դեռ շատ երիտասարդ ենք: ՍԴ-ն, ցավոք, իմ խորին համոզմամբ, դեռ մեծ քայլեր չի կատարում, որ իր վստահությունը, հեղինակությունը ավելի ամրապնդի եւ ուժեղացնի: Մենք դեռ փխրուն ոտքերի վրա ենք, եւ սահմանադրական օրինականության գաղափարը, որը մեր երկրում առայժմ շատ դեպքերում ուղղակի անհասկանալի, անըմբռնելի հասկացություն է, եւ նրա գլխավոր շարժիչ ուժը, որ պետք է սահմանադրական օրինականությունն առաջ տանի, դա ՍԴ-ն է:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել