Ըստ գյուղնախարարության պաշտոնյաների, երաշտից, անձրեւներից ու կարկուտից տուժած գյուղացու արցունքներն ընդամենը «սիմուլյացիա է»:
«Երաշտ չկա, պարզապես ջերմաստիճանի բարձրացում է եղել, գյուղացին մի քիչ ավելի ջուր է օգտագործել, դա երաշտ չի: Նրանք, ովքեր նստել ու հույսները դրել են բնական խոնավության, անձրեւների վրա ու հողամասը չեն ջրել՝ չորացել է, դրանում ոչ ոք մեղավոր չի»,- երեկ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած երաշտի մասին քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության հողերի գնահատման եւ մելորացիայի վարչության պետ Մամիկոն Գասպարյանը: Նրա համոզմամբ՝ առանձին դեպքերում կան հողամասեր, որոնք տուժել են, բայց դա համատարած բնույթ չի կրում. «եթե գյուղացին մի հատ սարի գագաթին ցանել է գարի ու այդ գարին այսօր հնձվում է ոչ թե որպես գարի, այլ որպես խոտ, այդ երեւույթը կա, բայց դրանում ոչ նախարարությունն է մեղավոր, ոչ էլ որեւէ մեկը, դա երաշտ չէ»: Հարցին՝ բա երաշտը ո՞րն է, պարոն Գասպարյանն այսպես բացատրեց. «Երբ բուսաբուծական մթերքը չի ունենում իր պահանջված ջրի քանակը, երբ ջուրը չի բավականացնում հողամասերին ու համատարած չորացում է լինում: Թող մեկը ինձ տանի Արարատյան դաշտավայր ու ցույց տա մի հողամաս, որը չորացել է: Այնտեղ ոչ մեկը չի տուժել, իսկ բուսաբուծության արտադրանքի 80 տոկոսը բաժին է ընկնում Արարատյան դաշտավայրին»:
Նկատենք, որ ընդամենը մի քանի օր առաջ նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում բոլորովին այլ բան էր հավաստիացնում: Նրա ներկայացմամբ՝ «երաշտ եղել է, վնասները ճշտվում են, դա ավելի պարզ կերեւա բերքահավաքի ժամանակ»:
Փաստորեն, այնպես է ստացվում, որ մի գերատեսչության երկու տարբեր պաշտոնյաների խոսքերն իրար չեն բռնում: Եթե երաշտը վերացական ու փիլիսոփայական հասկացություն լիներ եւ տարբեր մարդիկ այն տարբեր կերպ ընկալեին ու բացատրեին, դա կարելի էր հասկանալ, բայց տվյալ դեպքում խոսքը հստակ, բոլորիս ծանոթ երեւույթի մասին է, որը թաքցնել չի լինի. կան չորացած հողամասեր, տուժած գյուղացիներ, որոնք ամբողջ օրը մարզպետարանների դռներն են ընկած ու մարդ են ման գալիս, որ տանեն իրենց հողամաս ու ցույց տան, որ ցորենի փոխարեն չոր անասնակեր են հավաքել: Կան դեպքեր, երբ դա էլ չեն հավաքել, քանի որ վերջին օրերին տեղացած կարկուտը այն հողին է հավասարեցրել:
Երեկ մենք պարոն Պետրոսյանին փոխանցեցինք իր կոլեգայի հավաստիացումներն այն մասին, որ երաշտ չի եղել: Նրա խոսքերով՝ «ես չէի ուզենա, որ թերթում էսպես դնեի ու հերքեի Մամիկոն Գասպարյանի ասածները, քանի որ ինքս ասուլիսին չեմ եղել, չգիտեմ՝ նա ինչ է նկատի ունեցել, գուցե խոսքը ջրովի պայմանների մասին է, իսկ անջրդի տեղերում միանշանակ երաշտ գրանցվել է, հետեւանքներ կան, բնականաբար՝ վնասներ էլ, բայց ինչ-որ աղետալի, ողբերգական բան տեղի չի ունեցել»:
Գյուղատնտեսության նախարարությունը խոստանում է երաշտից կրած վնասների չափի եւ դրանց փոխհատուցման մասին ուսումնասիրության արդյունքները հրապարակել 2 ամիս անց: Նույն ժամկետն էր դրված նաեւ գարնանային առատ տեղումներից բերքի կորուստները ճշտելու համար, սակայն 2 ամիսն անցավ ու, Գ. Պետրոսյանի տվյալներով՝ պարզվեց հետեւյալը՝ «ոչ մի էական բան չէր եղել, ուղղակի մեր գյուղացին սովոր է լացուկոծ անել՝ կառավարությունից փող ստանալու համար»: Ապացուցելու համար, որ ջարդած բալենու ճյուղի մոտ գյուղացու արցունքները սոսկ լալահառաչ տեսարաններ են, նախարարությունը վկայակոչում է արտահանման ծավալների աճը, որն ավելի շուտ խոսում է մեծ հողակտորներ ունեցողների բիզնեսի հաջողության մասին, իսկ փոքր հողամաս ունեցող գյուղացիները դրա հետ ընդհանուր ոչինչ չունեն:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ