Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԺՈՒՄ ԵՆ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԻ

Հուլիս 04,2006 00:00

Հերթական
բողոքները՝ Իտալիայի դեսպանատնից Տուրիստական գործակալությունների տվյալներով,
վերջին շրջանում Հայաստանից ամենաքիչը մեկնում են Իտալիա: Դա ունի իր տրամաբանական
պատճառները: Խոսքը Իտալիայի դեսպանատան՝ մուտքի արտոնագիր տրամադրելու արհեստականորեն
ստեղծած խոչընդոտների մասին է: Բացի այն, որ դեսպանատունը իր սահմանած «նոր ընթացակարգերով»
վերցնում ու մերժում է 15-20 անգամ Իտալիայում եղած գործարարին, բժշկին, ակադեմիկոսին
ու տուրիստին՝ բոլորին կասկածելով երկրից ապօրինի փախչելու մտադրության մեջ, իր տված
անտրամաբանական ու անտեղի հարցերի, պահանջների միջոցով ստորացնում է Իտալիա մեկնել
ցանկացող մեր քաղաքացիներին: Մեր խմբագրությունը շարունակում է բազմաթիվ բողոքներ
ստանալ Իտալիայի դեսպանատնից «քաշվածներից»: Իտալիայում ամեն տարի տեղի ունեցող համաշխարհային
բժշկական խաղերին մասնակցելու համար, մեր երկիրը, ի դեմս Հայկական բժշկական ասոցիացիայի,
առաջին անգամ հրավեր էր ստացել: Ասոցիացիան էլ օտարերկրացի իրենց կոլեգաների մոտ
սեւերես դուրս չգալու համար միջոցառումներ է կազմակերպել եւ որոշել բժիշկ-շախմատիստ,
սպորտի վարպետ Դմիտրի Հարությունյանին ուղարկել՝ մտքով անգամ չանցկացնելով, որ դեսպանատունն
իրենց մասնակցի համար խոչընդոտներ կստեղծի: Ասոցիացիան նույնիսկ միջոցառմանն իր մասնակցությունը
հաստատելու նպատակով հյուրանոցային ծախսերի համար մոտ 600 եվրո է վճարել: Սակայն
արի ու տես՝ Իտալիայի դեսպանատանը շախմատիստին առանց որեւէ հիմնավոր պատճառի մերժել
են: Քանի որ Իսպանիա մեկնողներն էլ են Իտալիայի դեսպանատան միջոցով մուտքի
արտոնագիր ստանում, նրանց համար նույնպես լուրջ խնդիրներ են ստեղծվում: Մադրիդում
կայանալիք «Զարկերակային գերճնշման խնդիրներին նվիրված» գիտաժողովին, որտեղ յոթ հայ
երիտասարդ բժիշկ-գիտնականների գիտական աշխատանքները ընդունված է եղել զեկույցի, մասնակիցներից
երկուսին մերժել են: Ընդ որում, վերջիններիս աշխատանքները ստացել էին դրամաշնորհներ:
Չնայած բոլորի համար էլ նույն փաստաթղթերն են ներկայացվել, Իսպանիայում էլ ֆինանսի
խնդիրներ չէր առաջանալու, քանի որ Հայկական բժշկական ասոցիացիան հովանավորելու էր,
այդուհանդերձ՝ գիտնականներին դեսպանատունը կրկին մերժել է: Այս երկու դեպքերի
համար էլ ասոցիացիան բողոք-նամակով դիմել է Հայաստանում Իտալիայի դեսպանին՝ մերժումը
վերանայելու: Նամակի պատճենը ուղարկվել է նաեւ մեր երկրի արտգործնախարարություն:
Դեսպանատունը գոնե արձագանքել է՝ պատասխանելով, որ վիզաների մերժումը քննարկման ենթակա
չէ: Իսկ նախարարությունը նամակին ընդհանրապես որեւէ «ռեակցիա» չի տվել: Մեկնողների
նկատմամբ, նույն խնդրով, ինչպես Իտալիայի, այնպես էլ մեր արտգործ եւ առեւտրի ու տնտեսական
զարգացման նախարարություններին մոտ մեկուկես ամիս առաջ դիմել է մեր երկրում գործող
17 խոշոր տուրիստական գործակալություն, սակայն մինչ օրս վերջիններիս դիմումը որեւէ
արձագանք չի ստացել: Տուրիզմի այս թեժ սեզոնին դեսպանատան ստեղծած խոչընդոտների պատճառով
գործակալությունները հրաժարվում են տուրիզմ կազմակերպել դեպի Իտալիա եւ Իսպանիա:
Մեր հարցին ի պատասխան, թե արտգործ եւ թե առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարություններից
վստահեցրին, որ իրենք տուրգործակալություններից ոչ մի նամակ էլ չեն ստացել: Այժմ
մեր ձեռքի տակ են «Հայփոստի» տեղեկանքները, ըստ որի երկու հասցեատերերն էլ՝ թիվ 330
եւ 331 գրանցմամբ, ստորագրել են ու նամակները ստացել: Երբ համարները փոխանցեցինք,
երկար փնտրտուքներից հետո արտգործնախարարությունում նամակը վերջապես գտան, բայց արդարացան,
որ այն «ոչ թե մեզ, այլ Իտալիայի նախարարությանն է հասցեագրված, մեզ պատճենն են ուղարկել»:
Ըստ նախարարության մամուլի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի, «վիզա տրամադրելու
ողջ գործընթացը յուրաքանչյուր երկրի ներքին գործն է, որին մենք իրավունք չունենք
միջամտելու»: Փաստորեն, նախարարությունն անզոր է կարգավորելու իր քաղաքացիների՝ արտաքին
հարաբերություններում առաջացած խնդիրները: Իսկ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունից՝
ընդհանրապես հրաժարվեցին, որ նման թեմայով նամակ են ստացել: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել