Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 04,2006 00:00

ՄԻՆՍԿԻ
ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մինսկի խմբի համանախագահները
երեկ հանդես են եկել նոր համատեղ հայտարարությամբ, որն անմիջապես տեղադրվել է Հայաստանում
ԱՄՆ դեսպանատան կայքում: Հայտարարության մեջ նշված է. «Հաշվի առնելով վերջին
ժամանակահատվածում տեղ գտած ենթադրությունները՝ Մինսկի խմբի համանախագահողների կողմից
երկու կողմերին առաջարկված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների
վերաբերյալ, անհրաժեշտ է անել հետեւյալ պարզաբանումները»: Եվ առավել է մանրամասնած
Քոչարյանին ու Ալիեւին առաջարկված հիմնարար սկզբունքների փաթեթը. «Այդ սկզբունքները
հիմնված են հետեւյալի վրա՝ Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից
հայկական զորքերի դուրսբերում, հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի
շրջանների նկատմամբ (ներառելով Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ միջանցք), այդ տարածքների
ապառազմականացում եւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշման համար հանրաքվե կամ
բնակչության քվեարկություն, որի ժամկետը եւ ձեւաչափը կորոշվի հետագա բանակցությունների
ընթացքում»: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ միջնորդները քննադատվել
էին, թե ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները մասնակի են բացել, մասնավորապես՝ դուրս
են մնացել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի եւ մինչեւ հանրաքվե Ղարաբաղի միջանկյալ
կարգավիճակի խնդիրները: Այս նոր հայտարարությամբ լրացվում են այդ բացերը: Հավելված
է. «Որոշակի միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն Լեռնային
Ղարաբաղի շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ»: Հայտարարության
մեջ վերստին նշված է. «Նախագահների պատրաստակամության դեպքում համանախագահները պատրաստ
են աջակցել կողմերին ավարտին հասցնելու համաձայնության գործընթացը: Չնայած մոտ ապագայում
համանախագահների աջակցությամբ կողմերի համար լրացուցիչ հանդիպումներ նախատեսված չեն,
այնուամենայնիվ, նրանք պատրաստ կլինեն նորից մասնակցել, եթե կողմերը որոշեն շարունակել
բանակցություններն այն քաղաքական կամքով, որը մինչ այժմ բացակայել է»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել