Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Հուլիս 04,2006 00:00

Այս փաստարկով է «Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը պատճառաբանում շրջանակային համաձայնագրին
կողմ լինելը: – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները բանակցությունների ընթացքում
առաջին անգամ բացահայտեցին ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները: Եվ արդեն քաղաքական
ուժերը կարող են հստակ դիրքորոշում արտահայտել՝ կո՞ղմ են, թե՞ դեմ առաջարկվող սկզբունքներին:
– Մենք խնդրի արագ եւ փոխզիջումային կարգավորման կողմնակից ենք, եւ դա արդեն
իսկ հայտարարել ենք: Այլ հարց է, որ բազմիցս շեշտել ենք, թե Հայաստանի եւ Ադրբեջանի
իշխանությունները, որոնք չունեն հասարակական ռեսուրս՝ չունեն հնարավորություն առաջարկվող
փաթեթին «այո» կամ «ոչ» ասելու: Մենք չենք հավատում, թե այս իշխանությունները կգնան
լուծման՝ երկու երկրների իշխանություններն էլ խնդրի սառեցման կողմնակից են. դա բխում
է իրենց անձնական ու իշխանապաշտական շահերից: – Ընդդիմադիր առանձին ուժեր
կողմ են առաջարկվող կարգավորման սկզբունքները որպես հիմք ընդունելուն: Իսկ իշխանությանը
մաս կազմող ՀՅԴ-ն, պատճառաբանելով, թե այս սկզբունքները նախատեսում են տարածքների
վերադարձ եւ անորոշ է մնում կարգավիճակի հարցը՝ դեմ է այս տարբերակին, որոնց համաձայնել
է պաշտոնական Երեւանը: Ո՞րն է նման տարօրինակ վիճակի պատճառը: – Կարծում եմ,
թե ՀՅԴ-ն արտահայտում է իր իրական ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, որը հակված
չէ գնալ խնդրի լուծման: Այստեղ հարցը մեկն է՝ շարունակե՞լ բանակցությունները,
թե՞ մենք անընդհատ պետք է պնդենք, որ ազգերի ինքնորոշման սկզբունքի կողմնակից ենք,
իսկ ադրբեջանցիներն էլ՝ թե իրենք տարածքային ամբողջականության կողմնակից են: ԵԱՀԿ
Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան այսօր նոր հայտարարություն արեց
«Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում, թե ԱՄՆ-ն սատարում է Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը, բայց «միեւնույն ժամանակ մենք հավատում ենք ժողովուրդների ինքնորոշման
իրավունքին»: Նաեւ նշել է, թե Ղարաբաղի եւ Վրաստանի հակամարտությունների դեպքում
այս երկու սկզբունքները հակասում են միմյանց: Եվ այդ պատճառով է միջազգային հանրությունը
ստեղծել համապատասխան ձեւաչափ, որ այդ հակասությունները համադրի ու այդ երկու սկզբունքները
չբացառեն միմյանց: – Դուք պնդում եք, թե Ռոբերտ Քոչարյանը հակված չէ խնդրի
կարգավորման: Մինչդեռ Հայաստանի իշխանություններն անընդհատ նշում են, թե միջնորդների
առաջարկներին Հայաստանը համաձայնել է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Սակայն Մեթյու Բրայզան
«Ազատություն» ռ/կ-ին տված նոր հարցազրույցում պնդել էր, թե «երկու նախագահները կիսում
են համաձայնության չհասնելու պատասխանատվությունը, եւ ես չէի ասի, թե նրանցից մեկն
ավելի է պատասխանատու, քան մյուսը»: Ձեր կարծիքով, ո՞վ է ասում ճշմարտությունը: –
Այս հարցում միանշանակ կիսում եմ Մինսկի խմբի համանախագահողների տեսակետը, թե պատասխանատվությունը
հավասարապես կիսում են երկու նախագահներն էլ: Նրանք կարծես միմյանց հետ պայմանավորվելով՝
մե՛կ մեկն է դեմ լինում, մե՛կ մյուսը: Այս կերպ երկարաձգում են իրենց իշխանությունը:
– Ըստ ձեզ, նման բացահայտումներով համանախագահողներն առավել նպատակ ունեին
հակամարտող երկրների հանրությանը ներգրավել բանավեճի՞ մեջ, թե՞ սա վերջնագիր էր Մեծ
Ութնյակի՝ հուլիսին կայանալիք վեհաժողովից առաջ՝ խնդիրն անպայման 2006-ին կարգավորելու
միտումով: – Նախ, ընդգծեմ, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը բացասականորեն
արձագանքեցին այս բացահայտումներին ու հանդես եկան սպառնալիքներով: Ասենք, նախագահի
մամուլի քարտուղարը սպառնաց Մինսկի խմբին եւ առավել եւս՝ ԱՄՆ-ին, որ իրենք կբացահայտեն
նախորդ բոլոր բանակցությունների արդյունքները: Իր մեջ սպառնալիք էր պարունակում նաեւ
Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, թե նման քաղաքականության շարունակության
դեպքում կպնդեն, որ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ վարի Ղարաբաղի հետ: Ինչը մենք
պնդել ենք բազմիցս, որ Լեռնային Ղարաբաղը պիտի դառնա բանակցային կողմ: Սակայն Ռոբերտ
Քոչարյանը դրան հստակ դեմ էր. ես լավ հիշում եմ նախագահական ընտրությունների ժամանակ
նրա եւ Ստեփան Դեմիրճյանի բանավեճը, որտեղ պրն Քոչարյանը հիմնավորում էր, թե Հայաստանի
մասնակցությունը ԼՂ-ին մենակ չթողնելու համար է, այդպես ավելի ճիշտ է: Նաեւ պնդում
էր, թե կոչ անելով Ղարաբաղը դարձնել բանակցությունների կողմ՝ ընդդիմությունը խուսափում
է պատասխանատվությունից ու փորձում այն բարդել ԼՂ-ի վրա: Այսինքն՝ այս իշխանությունները
նախ պիտի ընդունեն, որ իրենց մոտեցումն ի սկզբանե սխալ էր: Եվ դրա համար է, որ նրանք
այսպես են արձագանքում այս բացահայտումներին, ու հակված չեն խնդրի լուծմանը: Այո՛,
ակնհայտ է, որ համանախագահողները փորձում են հանրությանը ներգրավել քննարկումների
մեջ, քանի որ բանակցությունները հասել են մի այսպիսի փուլի: 8 տարի, նախագահական
երկու ժամկետ Ռոբերտ Քոչարյանին ու իր թիմին հնարավորություն են տվել լուծել Ղարաբաղի
հարցը, երբեմն նույնիսկ աչք են փակել նրա արած բազմաթիվ օրինախախտումների վրա: Հիմա
լրանում է այդ ժամկետը, ու եթե Ռոբերտ Քոչարյանը չի լուծում այս խնդիրը՝ նա պետք
չէ ո՛չ արտաքին աշխարհին, ո՛չ Հայաստանի ներսում: – Եթե համանախագահողների
տված ամառային դադարն արդյունավետորեն չօգտագործվի ու ամեն ինչ մնա նույն վիճակում՝
Ձեր կարծիքով, ի՞նչ վտանգներ կարող են հաջորդել բանակցություններից ԵԱՀԿ միջնորդների
հետքաշվելուն: Ասենք, Ադրբեջանը կարո՞ղ է փորձել իրականացնել այն, ինչի մասին հայտարարում
է Իլհամ Ալիեւը, թե՞ կփորձի Ղարաբաղը հետ բերել հնարավոր բոլոր միջոցներով՝ ենթադրվում
է, նաեւ ռազմական ճանապարհով: – Երբ չկան բանակցություններ, եւ երկու կողմն
էլ պնդում են սեփական սկզբունքները, որոնք հակադիր են միմյանց՝ այլընտրանքային լուծումը
պատերազմի դաշտն է, որից ես շատ եմ զգուշանում: Եվ այդ պատճառով էլ կողմնակից եմ,
որ եղած փաստաթուղթն ընդունվի իբրեւ բանակցությունների հիմք, եւ շարունակենք այդ
փաստաթղթի շրջանակներում գտնել լուծումներ: Զրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. «Հանրապետություն» կուսակցությունը
մոտ օրերս հանդես է գալու Ղարաբաղի խնդրի շուրջ հայտարարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31