Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՇԵՂՈՒՄ ԷԻՆ ԴԵՊԻ ՀՐԴԵՀՆԵՐ

Հուլիս 04,2006 00:00

Այդպես
է ադրբեջանական վարքը բնութագրում ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն Ռուստամյանը: – ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում Հայաստանին առնչվող հարց
չքննարկվեց, սակայն ադրբեջանցիների թեթեւ ձեռքով Հայաստանի եւ Ղարաբաղի անունները
շարունակ շրջանառության մեջ էին: Ի վերջո, ինչի՞ հասան ադրբեջանցիներն իրենց «հրդեհվող»
ակտիվությամբ: – Այո, շատ տարօրինակ էր, բայց ադրբեջանցիների բարձրացրած հիստերիան
ԵԽԽՎ-ում որոշակի ձեւով դրսեւորվեց հերթական անգամ: Սա նորություն չէր, եւ կարծում
եմ, ԵԽԽՎ-ում արդեն սովորել են ադրբեջանցիների այս կարգի «անակնկալ» հիստերիկ պահվածքին:
Այս անգամ խոսքն արդեն հայտնի հրդեհներին էր վերաբերում. ադրբեջանցիները փորձում
են շարունակ տարածել այն միտքը, որ տարածաշրջանը, այսպես ասած, տուժում է այն բանից,
որ Հայաստանը եւ Ղարաբաղը այս տարածաշրջանում են: Ադրբեջանական այս հիստերիան ուղեկցվում
էր հետեւյալ կարգախոսով՝ կանգնեցրեք օկուպանտներին, Ադրբեջանը հրդեհների մեջ է: Եվ
այս տրամաբանությամբ փորձեցին դա դարձնել քննարկման խնդիր: Սակայն այս ամենի իրական
նպատակը շատ պարզ էր: Չմոռանանք, որ ԵԽԽՎ-ում քննարկվում էր Ադրբեջանի լիազորությունների
խնդիրը՝ կապված իրենց անցկացրած խորհրդարանական ընտրությունների հետ, իսկ Հայաստանի
վերաբերյալ, հասկանալի է, ոչ մի հարց չկար: Եվ քանի որ չկար զուգահեռությունը, ադրբեջանցիները
փորձում էին միտումնավոր զուգահեռություն ստեղծել՝ շեղելով պատգամավորների ուշադրությունը
ադրբեջանական խնդիրներից: Իրենք փորձում էին ներկայացնել, թե այսօր շատ ավելի կարեւոր
հարցեր կան, քան Ադրբեջանի պարտավորությունների հարցը: Մի խոսքով, այսպիսի պրիմիտիվ
տարբերակով են աշխատում: Ընդ որում, իրենց ելույթները հենց այդպես էլ սկսում էին՝
թե ի՞նչ հարցեր է քննարկում ԵԽ-ն, երբ Ադրբեջանը կրակների մեջ է: Ամառային նստաշրջանի
ընթացքում բարձրացված ադրբեջանական այս հիստերիկ վայնասունը ժամանակի ընթացքում պայթեց
որպես հերթական քարոզչական փուչիկ: Ադրբեջանական տրամաբանությունը պարզապես անտրամաբանական
է, քանի որ նույն այդ տարածքների մասին մի ժամանակ իրենք ասում էին, թե հայերը այնտեղ
զանգվածային վերաբնակեցման հարցեր են լուծում, հիմա էլ ասում են, թե նույն այդ տարածքները
հայերը հրդեհում են: Ի՞նչ է ստացվում՝ մի կողմից բնակեցնում էինք, մյուս կողմից՝
հրդեհո՞ւմ: Այս անտրամաբանությունը արդեն զավեշտի է վերածվում: – ԵԽԽՎ-ում
քննարկվեցին նաեւ Մոնտենեգրոյի հանրաքվեի հետեւանքները, եւ դուք այդ հարցի կապակցությամբ
ելույթ ունեցաք: Կարծեմ, նաեւ զուգահեռներ անցկացնելով Ղարաբաղի հարցի եւ հնարավոր
հանրաքվեի հետ: – Մոնտենեգրոյի հանրաքվեն իսկապես նոր իրավիճակ է առաջացնում,
որովհետեւ, նախ, քարտեզի վրա նոր երկիր է հայտնվում եւ այդ երկիրն արդեն ՄԱԿ-ի անդամ
է, դիմել է ԵԽ-ին անդամակցելու համար: Եվ այս հարցը իրոք հետաքրքիր էր եւ կարեւոր
այն առումով, թե անցկացված հանրաքվեն ինչպիսի հետեւանքներ կարող է առաջացնել եվրոպական
տարածքում: Շատ լավ առիթ էր խոսել այն զուգահեռների մասին, որոնք կարող են վերաբերել
Ղարաբաղին: Իմ ելույթի հիմնական շեշտադրումն այն էր, որ նախկինում կաղապարված մեթոդների
կիրառումը ժամանակակից աշխարհում իսկապես իրեն սպառել է, եւ անհրաժեշտ են նոր մոտեցում,
նոր մեթոդներ: Եվ դրանք թիվ մեկ խնդիր պետք է լուծեն՝ խաղաղ եւ ժողովրդավարական գործընթաց
ապահովելու ճանապարհին: Եվ այդ մոտեցումների հիմքում պետք է ընկած լինի ժողովրդի
կամքի արտահայտումը: – Սակայն, մեր տեղեկություններով, ադրբեջանցի պատգամավորները
հենց այս հարցի քննարկման ժամանակ դահլիճ չմտան: Ինչո՞վ եք բացատրում իրենց այս պահվածքը:
– Բնական է, որ հարցի այս ենթատեքստով քննարկումը չէր կարող ադրբեջանցիների
սրտով լինել, եւ իրենք հենց այդ պատճառով էլ չմասնակցեցին քննարկումներին: Ի դեպ,
շատ կարեւոր եմ համարում, որ թեման հանձնարարված էր լորդ Ռասել Ջոնսթոնին, որը նաեւ
Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ հատուկ հանձնաժողովի նախագահն է: Իհարկե, Ռասել Ջոնսթոնը մի
քիչ զգուշավոր անդրադարձավ հնչած տեսակետներին, քանի որ խուսափում էր այդպիսի անմիջական
զուգահեռներից: – Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթից ի՞նչ տպավորություն
ստացաք: – Նախ, այդ ելույթը սովորականից ավելի երկար տեւեց, եւ դա հենց առաջին
տարբերությունն էր մնացած համանման դեպքերի հետ համեմատած: Դանիայի ներկայացուցիչը
բավականին տեղին ուղղակի հակաճառելով Էրդողանի ներկայացրած հիմնական դրույթներին,
որոնք քննադատությունը վիրավորանքից տարբերելուն էին վերաբերում, շատ հստակ հարց
տվեց՝ ասելով, երբ ինքը խոսում է հայերի դեմ թուրքերի կողմից կատարված ցեղասպանության
մասին, դա ի՞նչ է՝ վիրավորա՞նք, թե՞ քննադատություն: Կամ՝ քրդերի խնդիրը, գուցե դուք
նորի՞ց վիրավորական համարեք եւ այլն: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ.
Գ. Արմեն Ռուստամյանի ելույթը ԵԽԽՎ-ում կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել