ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ վեցերորդ
ՀԵՐՈՍՆԵՐ ԵՎ ԿԼԻԵՆՏՆԵՐ
Մինչ այդ, էդ ամեն բարեբախտությունից դեռեւս անտեղյակ, ես հույս ունեի, որ Հերոսը հեռախոսի ճար կանի, եւ երբ արդեն մոտենում էինք ափին, ես հարմար պահը որսալով՝ Հերոսին հարցրի.
– Հերո՛ս ջան, կարա՞նք հեռախոսով Երեւան զանգենք:
– Ո՞ւրդից,- զարմացավ Հերոսը.- էս կատերի մեջից ո՞նց Էրեւան զանգենք:
– Կատերի մեջից չեմ ասում. քո դոմիկում հեռախոս չկա՞,- հարցրի ես:
– Չէ,- ասաց Հերոսը.- որ հեռախոս ըլներ՝ խի՞ էի օրումեջ Էրեւան վազում:
– Արմե՛ն,- ջրի միջից ասաց Հրաչը,- Հերոսը որ հեռախոս էլ ունենա՝ չի ասի ունեմ. չես տենո՞ւմ, որ մեզանից շատ փիս նեղացած ա:
– Ինձնից հեչ է՛լ նեղացած չի,- ասացի ես:
– Իրեքիցդ էլ նեղացած եմ,- ասաց Հերոսը:
– Ինձնից է՞լ,- զարմացավ Մոխը:
– Սաղ պատճառը դու էիր, որ էս էրկուսին գյաբառլամիշ չարի,- ասաց Հերոսը:
– Ե՞ս ինչ եմ արել,- զարմացա ես:
– Ձեր էդ դերեկտորին լավ էլ դամ էիր պախում,- ասաց Հերոսը:- Բայց էդ ամեն ինչը հեռախոսի խետ ոչ մի կապ չունի. հեռախոս իսկականից չկա:
– Լավ տնական արաղ ունենք, Հերո՛ս ջան,- ջրի միջից ասաց Հրաչը.- մի-մի հատ կքցենք՝ կբարիշենք:
– Իմ հույսն է՛լ ա էդ,- ասաց Հերոսը.- թե չէ՝ դու խմուկ, ես՝ օյաղ:
– Ո՞նց ա խմուկ,- զարմացավ Մոխը:
– Դու չէիր ասո՞ւմ՝ խմուկ ա,- ասաց Հերոսը.- հույսներդ սամսեմ կորցրել էիք. քաքուցեռներդ խառնել էիք:
– Արդեն էրկու ժամ կըլնի՝ ինքը ջրի մեջ ա,- ասաց Մոխը.- էլ խմածություն կմնա՞:
– Իրան վայ թե դժվար ա թողում,- ասաց Հերոսը:
– Ո՞վ ա դժվար թողում, – հարցրեց Հրաչը:
– Օրաղը,- ասաց Հերոսը:
– Մեր էդ օրաղից մի-մի հատ որ քցենք, իրար լրիվ կհասկանանք,- ասաց Հրաչը:
– Հա,- ասաց Հերոսը:- Էսօր Էրեւան չգացի՝ հերիք չի, ըստեղիս գործերն է՛լ առաջ չտարա: Խմե՛լն ա մնում:
– Էսօր քեզ լրիվ խմելուն տուր,- ասաց Հրաչը:
– Էդ ա մնում,- ասաց Հերոսը:
– Գործերի մասին մի՛ մտածի. դու քո էսօրվա պարտականությունները լրիվ կատարել ես,- ասաց Հրաչը:
– Էրեւան չգացի, որ մե խատ սպասատելնի լոդկա կա՝ էդի պաչինգա անեմ, բայց էդ է՛լ չարի,- դժգոհեց Հերոսը:
– Դու քո էսօրվա պարտականությունները հարուր տոկոսով ես կատարել,- ասաց Հրաչը:
– Ո՞ր պարտականություններս եմ հարուր տոկոսով կատարե,- հարցրեց Հերոսը:
– Մա՛րդ ես փրկել,- ասաց Հրաչը:
– Վի՞րն եմ փրկե,- զարմացավ Հերոսը:
– Ինձ,- ասաց Հրաչը.- ես մարդ չե՞մ:
– Մարդը մարդ ես, բայց դու իմ պես տասը խատ սպասածել կանաս փրկես,- ասաց Հերոսը:
– Ըտենց մի՛ ասա,- ասաց Հրաչը.- քեզանից ինչ հասնում էր՝ արել ես:
– Ի՞նչ եմ արե,- զարմացավ Հերոսը.- դու քու խոդով լողնալով՝ հես ա խասար ափ:
– Ձեր հե՛տ հասա,- ասաց Հրաչը.- դուք որ հետեւիցս չգայիք՝ հեչ պարզ չի, թե մենմենակ ոնց կհասնեի:
– Լրիվ ինքնուրյուն խասար,- ասաց Հերոսը.- քեզի հեչ մատով կպնող է՛լ չի էղել:
– Քո ուղեկցությա՛մբ հասա,- ժպտաց Հրաչը.- մենմենակ շատ տխուր կըլներ:
– Ըսենց շատ ուրախ է՞ր,- ժպտաց Հերոսը:
– Շա՜տ,- ասաց Հրաչը:
– Նայած ում խամար,- ասաց Հերոսը:
– Ես շատ ուրախ եմ, որ քեզ հետ ծանոթացա,- ասաց Հրաչը:
– Հըլը մարդավարի չենք ծանոթացե,- ասաց Հերոսը.- որ իմ խետ իսկականից ծանոթանաս, էլ դժվար թե ինձի ձեռ առնես:
– Ես քեզ ձեռ չե՛մ առել. իրա՛նք են քեզ ձեռ առել,- ինձ ու Մոխին մատնացույց անելով՝ ասաց Հրաչը:
– Ո՞վ ա ձեռ առել,- զարմացա ես:
– Իրեքդ էլ ձեռ եք առե,- ասաց Հերոսը:
– Իրանք քեզ ձեռ առնելով՝ ասել են, որ ես խեղդվում եմ, դու էլ միամիտ-միամիտ հավատացել ես,- ասաց Հրաչը:
– Գլխներիս սարքում են, Արմե՛ն,- ասաց Մոխը:
– Վերջը իրանք ախպերանալու են, ու մենք ենք վատամարդ դուրս գալու,- ասացի ես:
– Էդ վարիանտին է՛լ եմ համաձայն,- ասաց Մոխը.- մենակ թե՝ բարիշեն:
– Մենք բարիշելու խնդիր չունենք,- ասաց Հրաչը.- մենք ե՞րբ ենք կռվել, որ հիմի էլ բարիշենք: Ճիշտ չեմ ասո՞ւմ, Հերո՛ս ջան:
– Թեկուզ կռված է՛լ ըլնենք,- ասաց Հերոսը:- Ես ում խետ որ սկզբնական շրջանում կռվում եմ, հետո սաղ կյանքս էդ մարդու խետն ախպերություն եմ անում:
– Կարող ա՞ դիտմամբ սկզբում հետս կռվեցիր, որ հետո սաղ կյանքդ հետս ախպերություն անես,- ծիծաղեց Հրաչը:
– Դո՛ւ սկսար,- ասաց Հերոսը:
– Ես իմ համար լողանում էի,- ժպտաց Հրաչը:
– Էլի չսկսե՛ք,- ասաց Մոխը.- հազիվ եք պրծել:
– Շատ կերազեիք, որ էլի սկսեինք,- ասաց Հրաչը:- Մենք մեր փայ կռիվն արդեն արել՝ պրծել ենք. հիմի արդեն մեր ախպերության շրջանն ա սկսվում: Համաձայն չե՞ս, Հերո՛ս ախպեր:
– Համաձայն չըլնեմ՝ ի՞նչ պտի անեմ,- ժպտաց Հերոսը:
– Դե որ համաձայն ես՝ թխի գա՛,- ձեռքը ջրից հանեց Հրաչը:
Հերոսը կռացավ, ափը զարկեց Հրաչի ափին, եւ Հրաչը Հերոսին ասաց.
– Դե հիմի ձեռիցս քաշի՝ բարձրանամ կատեր:
– Խի՞,- զարմացավ Հերոսը:
– Ուզում եմ՝ իմ հիմնարկի ժողովուրդն իմանա, որ դո՛ւ ես ինձ փրկել,- ասաց Հրաչը:
– Չէ, ախպեր ջան,- ասաց Հերոսը.- էսքան տեղը որ ինքնուրյուն լողցեր ես, էս մի թիքա տեղն է՛լ կլողնաս:
– Ուզում եմ՝ էս մի թիքա տեղը քո կատերով գամ,- ասաց Հրաչը:
– Չէ,- ասաց Հերոսը.- թող քու կոլեկտիվն իմանա, որ իրանց շեֆն է՛լ ա հերոս:
– Շա՜տ նրբանկատն ես,- ժպտաց Հրաչը:
– Ի՞նչ ա ասում,- Մոխին հարցական նայեց Հերոսը:
– Կարող ա՞ ձեր թարգմանիչն եմ,- ծիծաղեց Մոխը:- Ձեր ախպերության շրջանն արդեն սկսվել ա. արդեն ինքնուրո՛ւյն պիտի իրար հասկանաք:
– Կհասկանանք,- ժպտաց Հրաչը.- մեզ հեչ էլ թարգմանիչ պետք չի:
Արդեն մոտենում էինք ափին, ու «Նաիրի» հրատարակչության ողջ կոլեկտիվը քար կտրած՝ անձայն մեզ էր նայում, ու հետո՛ իմացանք, որ էդ պահին «Նաիրի» հրատարակչության կոլեկտիվի քար կտրած անդամներն ափից մեզ նայելով ու Հերոսի կատերում Հրաչին մեզ հետ չտեսնելով՝ մտածել էին, թե առանց Հրաչի ենք վերադառնում, եւ առաջինը ռուսական բաժնի Կառան նկատեց մեր կատերի հետեւից լողացող Հրաչին եւ երբ ռուսական բաժնի Կառան մեր կատերի հետեւից լողացող Հրաչին նկատելով՝ կոլեկտիվի մյուս անդամներին էդ փաստն ավետեց, Սեւանի էդ ափին կուտակված «Նաիրի» հրատարակչության կոլեկտիվը մեկից սկսեց աղաղակել, ու ձեռները եղածն օդ էին շպրտում՝ ասես շուրջերկրյա ճանապարհորդությունից վերադարձածների դիմավորելիս լինեին:
Արդեն ցրտել էր, եւ ով ինչ ավելորդ շոր ուներ՝ գցեց սառած ու կապտած Հրաչի վրա, ու Հրաչին նստացրին վաղուց արդեն պատրաստ խորովածի դեռ մարմրող ածուխների մոտ, ու Հրաչը Յուրայից օղին ուզեց, ու Յուրան ինչ-որ բանից դժգոհելով՝ գնաց ու դժգոհ բերեց Արտաշատի իրենց օղուց մնացածը, ու դրանից հետո միայն պարզ դարձավ Յուրայի դժգոհության ու նեղացածության պատճառը. Յուրան Մոխից ու հատկապես ինձանից նեղացել էր, որ իրեն հետներս Հրաչին փրկելու չենք տարել, ու էդ պահի դրությամբ իրենք բոլորն էլ է՛ն կարծիքին էին, որ Հրաչը մեր ու հատկապես Հերոսի՛ շնորհիվ է փրկվել ու կյանք վերադարձել, ու էդ էր պատճառը, որ «Նաիրի» հրատարակչության դեռեւս չկրճատված անդամները սիրով ու երախտագիտությամբ լեցուն հայացքներ էին պարգեւում ինձ, Մոխին ու հատկապես Հերոսին, եւ երբ իրենց բացատրում էի, որ Հրաչը միանգամայն ինքնուրույն է փրկվել, իրենք ասածս լուրջ չէին ընդունում ու ասածներիս չէին հավատում, որովհետեւ իսկապե՛ս հավատալու բան չէր:
Երբ Արտաշատի օղուց մի-մի հատ գցեցինք, Հրաչի գույնը լրիվ տեղն ընկավ, եւ երբ երկրորդ բաժակն էլ դատարկեցինք, եւ երբ Հրաչի դողը վերջնականապես թողեց, Հրաչը սիգարետ ուզեց, ու չնայած ինքն ընդհա՛նրապես չէր ծխում, բայց երեւի էդ պահին սիրտն ուզեց, ու տղերքից չեմ հիշում ով՝ Հրաչին ծխախոտ տվեց:
Հիմա՝ հենց էս ամենավերջին նախադասությունս գրելու պահին ինձ համար միանգամայն հասկանալի դարձավ, թե ինչո՞ւ յոթանասունվեցի «Սեւան» ռեստորանից ու ավագ Թամրազյանից հանկարծակի թռնելով՝ եկա ու հասա իննսունհինգի կրտսեր Թամրազյանին, եւ եթե էս պահին չհիշեի, որ երբ Հրաչի դողն անցավ՝ Հրաչը ծխախոտ ուզեց, հնարավոր է՝ ընդհա՛նրապես չհիշեի, թե ինչո՞ւ յոթանասունվեցի ավագ Թամրազյանից թռա ու հասա իմ ընկեր ու նաեւ իմ երբեմնի աշխատանքային ընկեր Հրաչին, եւ «Նաիրի» հրատարակչությունում մեր համատեղ աշխատելն ութսունականների վերջերին ու իննսունականների սկզբներին էր, ու Հրաչն էդ հրատարակչության տնօրենն էր, իսկ ես՝ գլխավոր խմբագիրը, եւ Սովետի փլուզման էդ բարդ օրերին ու միտինգներից ազատ ժամերին Հրաչն ու ես երբեմն միասին փիքր էինք անում, թե ինչպես կարելի է փրկել մեր էդ «Նաիրի» հրատարակչությունը, ու երկուսս էլ միակ՝ կրճատումների՛ ճանապարհն էինք տեսնում ու նշմարում եւ երկուսս էլ գտնում էինք, որ թոշակառուների՛ց պիտի սկսենք, ու քանի որ Հրաչը մարդկայնորեն ինձնից անհամեմատ փխրուն էր, թոշակառուներին կանչելու ու կրճատվելն առաջարկելու անշնորհակալ էդ գործը կամովին ի՛նքս ստանձնեցի ու հանձն առա, բայց ես ու Հրաչը կրճատումների էդ գործը ո՛չ միայն գլուխ չբերինք, այլեւ չկարողացանք նույնիսկ սկսել, քանի որ՝ է՛ն թոշակառուները, ում արդեն առաջարկած ու համոզած էի լինում կրճատվել, իմ ու իրենց էդ տհաճ զրույցից հետո անմիջապես մտնում էին ինձանից անհամեմատ փխրուն Հրաչի կաբինետ ու անմիջապես վերականգնվում էին, ու, փաստորեն, ե՛ս էի վատամարդ դուրս գալիս, եւ հենց է՛ն պահին, երբ իմ ու Հրաչի հարաբերությունները փչանալու վրա էին, Հակոբ Մովսեսը մշակույթի նախարար դառավ ու ինձ առաջարկեց Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնը, եւ ես, արդեն վերջնականապես համոզված, որ թոշակառուներին կրճատելու գործն իմ ու Հրաչի ուժերից վեր է, անմիջապես համաձայնվեցի:
Թումանյանի թանգարանում թոշակառուների կրճատման խնդիր չառաջացավ, որովհետեւ էդ թանգարանում աշխատելուս առաջին օրն իսկ հասկացա, որ էդ թանգարանում ավելորդը ո՛չ թե թոշակառուներն են, այլ՝ ես ի՛նքս, բայց հիմա ամենեւին չեմ պատրաստվում ընկղմվել ու ձեզ էլ հետս ընկղմել թանգարանային խորհրդավոր կյանքի խորքերը, որովհետեւ մենք միասին նախ պիտի վերադառնանք Սեւան, այնուհետեւ՝ «Սեւան» ռեստորան, իսկ թանգարանային հույժ խորհրդավոր մթնոլորտը միասնաբար կշնչենք համեմատաբար ավելի ուշ: Եթե, իհարկե, Աստված կամենա:
Էդ օրն Աստված կամեցավ, որ Հրաչը ո՛չ միայն փրկվի, այլեւ միանգամայն ինքնուրույն փրկվի՝ առանց իմ, Մոխի ու Հերոսի որեւէ միջամտության, բայց խորովածի կրակի մնացուկների մոտ հավաքված «Նաիրի» հրատարակչության կոլեկտիվի երեւակայության մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում Հրաչի՝ միանգամայն ինքնուրույն փրկվելու վարկածը, եւ իմ էդ երբեմնի կոլեկտիվի անդամների երախտագիտությամբ լեցուն հայացքները միաժամանակ ու միառժամանակ Հերոսին, Մոխին ու ինձ էին ուղղված, եւ իրենց թաց ու տաք հայացքներից իրենց երախտագիտությունն ինձ էին փոխանցում նույնիսկ է՛ն թոշակառուները, որոնց դեռեւս մի քանի տարի առաջ առաջարկել էի կրճատվել:
Երբ Հրաչի սիրտը ծխախոտ ուզեց, տղերքից չեմ հիշում ով՝ անմիջապես Հրաչին մեկնեց ծխախոտի տուփն ու սիգարետը վառեց, եւ երբ Հրաչը ծխախոտի ծուխը վրա-վրա ներս քաշեց, հանկարծ սկսեց ահավոր հազալ ու հազից քիչ էր մնում խեղդվեր, ու գույնն էլ միանգամից փոխվեց, ավելի ճիշտ՝ վերականգնվեց Հրաչի դեմքի ու շրթունքների է՛ն կապտությունը, որ ջրից դուրս գալուց կար, ու ներկաներն է՛ն կարծիքին էին, որ, այնուամենայնիվ, ժամուկեսից ավել ջրում մնալն, ահա, իրենն ասում ու անում է, եւ միայն ե՛ս գիտեի, որ Հրաչի կիսաուշագնաց վիճակի միակ պատճառն էդ մի հատիկ սիգարետն էր, ավելի ճիշտ՝ էդ մի հատիկ սիգարետից ներքաշած մի քանի մուխը, ու ես դրանում վստահ էի, որովհետեւ իննսունմեկին Ղարաբաղում է՛լ Հրաչի հետ համարյա նույնը տեղի ունեցավ կես գլանակից հետո, ու էն ժամանակ մենք Հրաչին խփելով ու գրեթե ծեծելով՝ մի կերպ ուշքի բերինք, բայց Սեւանում Հրաչն ուշագնաց չեղավ, որովհետեւ ընդամենը մի քանի մուխ էր ներս քաշել, եւ երբ Ղարաբաղի դեպքը վերհիշելով՝ ես Հրաչի մատների արանքից գլանակը խլեցի ու դեն շպրտեցի, դրանից քիչ անց Հրաչի գույնը վերստին տեղն եկավ, ու քեֆն սկսվեց:
Իմ էս ամբողջ էքսկուրսի նպատակն էն էր, որ ձեզ համոզիչ կերպով հասկացնեի այն, ինչը ես վաղուց հասկացել եմ, այն է՝ մարդկային օրգանիզմներ ու կառուցվածքներ կան, որ խմիչքին ու երկարատեւ լողին լավ դիմանում են, բայց մի միլիգրամ նիկոտինին չեն դիմանում, ու դրա լավագույն օրինակը Հրաչն է, բայց օրգանիզմներ ու կառուցվածքներ էլ կան, որ տոննաներով նիկոտինին դիմանում են, բայց մի շիշ օղուց փուլ են գալիս, ու էս երկրորդ խմբի մարդկանց ամենատիպիկ օրինակը ես եմ, եւ մարդկային ու տղամարդկային մի երրորդ տեսակ էլ կա, որ երկուսին էլ հավասարապես դիմանում է, իսկ մարդկային ու տղամարդկային չորրորդ տեսակի մասին հարկ չեմ համարում խոսել, որովհետեւ էդ չորրորդ տեսակը մանավանդ հայերիս մտապատկերում մարդ ու մանավանդ տղամարդ չի համարվում, եւ դուք հավանաբար կռահում եք, որ էդ չորրորդ տեսակը հենց նրա՛նք են, որ ընդհանրապես եւ բացարձակապես խմիչք ու ծխախոտ չեն օգտագործում, ու շատ դեպքերում մարդկային ու տղամարդկային էդ մի քանի տեսակները ժառանգական ու գենետիկ ծագում ու բնույթ ունեն, ու հավանաբար էդպես էր նաեւ ավագ ու կրտսեր Թամրազյանների պարագայում, որովհետեւ, իմ իմանալով, հայր ու որդի շատ խմելու արդյունքում երբեւէ որեւէ անհամություն արած չկան, բայց երկուսն էլ ծխախոտի հանդեպ չափազանց զգայուն են եղել, ու չնայած հոր եւ որդու ծխախոտի հանդեպ զգայունությունը տարբեր կերպ է արտահայտվել, բայց խմիչքին դիմանալու ու դիմակայելու առումով գրեթե նույնն են, ու երկուսի ներկայությամբ էլ խմիչքի առումով անլիարժեքությունս էապե՛ս եմ հասկացել ու գիտակցել, եւ, ընդհակառակը, իրենց ներկայությամբ էապես եմ գիտակցել ծխախոտի առումով լիարժեքությունս ու դիմացկունությունս, ու էդ բանը հիմա՝ հենց էս պահին է՛լ եմ գիտակցում, որովհետեւ հիմա՝ հենց էս պահին երկու հազար հինգ թվականի դեկտեմբերի քսանչորսի ցերեկվա երկուսն էլ դեռ չկա, բայց արդեն ծխախոտիս առաջին տուփից բան չի մնացել:
Հայր Թամրազյանը եւս մի տասանոց խցկեց Նորոյի գրպանը, եւ Նորոն արդեն չորրորդ անգամ վերսկսեց «Երեքնուկը», բայց Նորոն կարծես թե արդեն զգում ու հասկանում էր, որ վրա-վրա կրկնվելով՝ «Երեքնուկն» արդեն մի տեսակ մաշվում ու թոշնում է, որովհետեւ ամենալավ երգն էլ վրա-վրա կրկնվելով՝ կարող է անհամանալ ու իմաստազրկվել՝ ինչպես ամենաիմաստավոր բառն է անհեթեթ ու անիմաստ դառնում, երբ էդ բառն անտեղի ու վրա-վրա մի քանի անգամ կրկնում ես, ու երեւի Նորոն է՛լ էր էս բաները զգում ու գիտակցում, ու երեւի էդ հանգամանքն էր պատճառը, որ Նորոն, բոլորիս համար անսպասելի, իր էդ թվով չորրորդ «Երեքնուկը» հանկարծակի երկրորդ քառատողից կտրեց ու ավարտեց, եւ երբ Թամրազյանը, Նորան, Լիզան ու ես վերադարձանք մեր սեղան, եւ երբ Թամրազյանն առաջարկեց խմել Սեւակի ու Վաչե Հովսեփյանի միացյալ կենացը, ես նախ չորսիս բաժակները լցրեցի, հետո ծխախոտս վառեցի, եւ Թամրազյանն ասաց.
– Շատ չես ծխո՞ւմ, Արմեն:
– Հա,- ասացի ես:
– Չես մտածո՞ւմ թարգես,- հարցրեց Թամրազյանը:
– Մի քանի անգամ փորձել եմ՝ չի ստացվում,- ասացի ես:
– Օրական ինչքա՞ն ես ծխում,- հարցրեց Թամրազյանը:
– Մոտ երկու տուփ,- ասացի ես:
– Մեղքդ չես գալի՞ս, տնա՛շեն,- ասաց Թամրազյանը:
– Դուք չեք ծխում, չէ՞,- հարցրի ես:
– Քսան տարուց ավել ծխել եմ, բայց արդեն հինգ տարի կլինի՝ թարգել եմ էդ զիբիլը,- ասաց Թամրազյանը:
– Ուրեմն կամքի ուժ ունեք,- ասացի ես:
– Կամքի ուժս չեմ չափել, բայց ճնշումս ստիպված չափում էի,- ասաց Թամրազյանը:- Սրտիս վիճակն է՛լ էն չէր: Թարգելուց հետո ինձ ահագին լավ եմ զգում: Հիմա արդեն օրգանիզմս էդ զիբիլի կարիքը չի էլ զգում: Ինքս ինձ վրա զարմանում եմ, որ քսան տարի էդ թույնը ներս եմ քաշել:
– Օրգանիզմից է,- ասաց Լիզան:- Մեր կուրսի աղջկերքից մի քանիսը ծխում են, բայց ինձ մոտ ոչ մի կերպ չի ստացվում:
– Ձեր կուրսի ո՞ր աղջիկներն են ծխում,- հարցրեց Թամրազյանը:
– Գործ տվող չեմ, որ ասեմ,- ծիծաղեց Լիզան ու ավելացրեց.- ես է՛լ եմ մի քանի անգամ փորձել, բայց քիչ է մնացել՝ խեղդվեմ:
– Ի՞նչ ես փորձել,- զարմացավ Թամրազյանը:
– Ծխել,- ասաց Լիզան:- Մի քանի անգամ փորձել եմ, բայց չի ստացվում:
– Քեզ մենակ ծխելն էր պակաս,- ասաց Թամրազյանը:- Ռեստորանում պար ես գալի՝ հերիք չի, մի հատ էլ ծխե՞ս:
– Հիմա ծխելը մոդա է, ընկե՛ր Թամրազյան,- ժպտաց Լիզան:
– Դու կյանքում ծխած կա՞ս, Նո՛րըչկա,- Նորային հարցրեց Թամրազյանը:
– Չէ,- ծիծաղեց Նորան:- Ռեստորանում աշխատում եմ՝ հերիք չի՞:
– Հեչ կարեւոր չի՝ որտեղ ես աշխատում,- լրջացավ Թամրազյանը.- քո մարդկային արժանիքները մեր դասախոսներից քչերն ունեն:
– Չափազանցնում ես, պրոֆեսո՛ր ջան,- կարմրեց Նորան.- որ արժանիքներ ունենայի՝ էս ռեստորանում ի՞նչ գործ ունեի:
– Աշխատանքի տեղը մարդու արժանիքների հետ ոչ մի կապ չունի,- ասաց Թամրազյանը.- ես մարդ գիտեմ, որ Գիտությունների ակադեմիայում է աշխատում, բայց վրայից մարդահոտ չի գալիս:
– Ճիշտ է,- ասաց Լիզան:
– Ի՞նչն է ճիշտ,- զարմացավ Թամրազյանը.- դու էլ ե՞ս էդ մարդուն ճանաչում:
– Չէ,- ասաց Լիզան.- ընդհանրապես եմ ասում:
– Աստված տա՝ բոլորը ձեր նման մտածեն,- ժպտաց Նորան:
– Ես էլ եմ էդպես մտածում,- ասացի ես:
– Դե լավ ա,- ասաց Նորան:
– Ահագին պարեցինք,- ասաց Թամրազյանը.- կյանքումս էսքան պարած չկայի:
– Լավ էլ պարում էիք,- ասաց Լիզան:
– Դուք է՛լ պակաս չէիք պարում,- ասաց Թամրազյանը:- Էդ ի՞նչ էիք մի գլուխ իրար ականջի քչփչում: Հաստատ սիրահարված եք:
– Ի՞նչ սիրահարված, ընկե՛ր Թամրազյան,- կարմրեց Լիզան, հետո ժամացույցին նայեց՝ ասաց.- ես ու Արմենն ընդամենը ութ ժամվա ծանոթներ ենք:
– Կարծում ես՝ ութ ժամը քի՞չ է,- ասաց Թամրազյանը:
– Ես գնամ, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Նորան:
– Կգնաս, Նորա՛ ջան,- ասաց Թամրազյանը:- Պարույրի ու Վաչոյի կենացը կխմենք՝ կգնաս:
– Պարույրի կենա՛ցը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Նորան:
– Վաչոյի կենացն է՛լ է,- ասաց Թամրազյանը:
– Կներես, պրոֆեսոր ջան, բայց ես Պարույրի կենացը ոչ մեկի կենացի հետ չեմ կարա միացնեմ,- ասաց Նորան:
– Քո կամքն է,- ասաց Թամրազյանը.- եթե չես ուզում՝ մի միացրու:
– Պարույրի կենացը,- բաժակը շրթունքներին կպցնելով՝ ասաց Նորան:
– Էս չես խմո՞ւմ,- հարցրեց Թամրազյանը:
– Աշխատանքի մեջ եմ, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Նորան.- չեմ ուզում չափս անցնեմ:
– Մեջներիցդ ե՛ս եմ խմում,- ասաց Թամրազյանը.- աչքիս Արմենն ու Լիզըչկան է՛լ են գլուխ պահում: Էս երկու շիշը, փաստորեն, մենակ եմ խմել:
– Խմել եք, բայց հեչ չեք հարբել,- ասաց Լիզան:
– Ուշ եմ հարբում,- ասաց Թամրազյանը.- էդ էլ ի՛մ թերությունն է:
– Դա առավելություն է,- ասաց Լիզան:- Հարբած մարդկանցից զզվում եմ:
– Ես գնամ,- ասաց Նորան:
– Ո՞ւր ես գնում,- ասաց Թամրազյանը.- ո՛չ նոր հաճախորդ ունես, ո՛չ էլ՝ որեւէ գործ: Չես ուզո՞ւմ մեզ ընկերակցել:
– Շատ եմ ուզում, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Նորան.- ուղղակի՝ որ հանկարծ Սամսոնը տենա կլիենտի հետ նստած եմ՝ վրես շատ փիս կխոսա:
– Բա ասում էիր՝ Սամսոնը գնացել է,- ասաց Թամրազյանը:
– Գնացել ա, բայց, մարդ ես, կարող ա հանկարծ հետ գա,- ասաց Նորան.- որ տենա հետներդ նստած եմ՝ էս խմածս քթի՛ցս կհանի:
– Ղալա՛թ կանի,- գոռաց Թամրազյանը:- Եթե հանկարծ հետ գա՝ շան լափը գլխին եմ թափելու:
– Ինչի՞ համար,- հարցրեց Նորան:
– Էս սեղանի հաշվի համար,- ասաց Թամրազյանը.- իր էս հերթական ֆոկուսի համար:
– Ինքը մեղք չունի, Թամրազյա՛ն ջան,- ասաց Նորան.- ինքը հարգանքից ա էդ բաներն անում:
– Թող էդ բաներն է՛ն մարդկանց հանդեպ անի, ում էդ բաները դուր են գալիս,- ասաց Թամրազյանը:
– Ինքն էդ բաներն ամեն մեկի հանդեպ չի անում,- ասաց Նորան.- ինքն ամեն մեկին էս աստիճանի հո չի՞ հարգում: Էն օրը Հայկոոպի շեֆն էր էստեղ, բայց Սամսոնն իրանց սեղանին հեչ չմոտեցա՛վ էլ: Վերջում էլ ինձ հանձնարարեց, որ դրանց սեղանի հաշիվը տեղը տեղին հաշվեմ:
– Միշտ էլ պարտավոր եք տեղը տեղին հաշվել,- ասաց Թամրազյանը.- սա պետական հիմնարկ է. Սամսոնի հոր դուքանը չի:
– Իզուր ես ջղայնանում, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Նորան.- ինքը հազարից մեկին ա հարգում:
– Ինձ էդ տեսակ հարգանք հարկավոր չի,- ասաց Թամրազյանը: