Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ ԵՐԵԿՎԱ ՈՒ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐ՝ ՄԻԱՅՆ-1

Հուլիս 01,2006 00:00

Անկախության վերահաստատումից
առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն
երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Թեպետ ավանդաբար ասում են, որ երկուշաբթին
ծանր օր է, բայց քաղաքական հայ գործիչները դժվարություններից ե՞րբ են վախեցել: Նրանց
համար կարեւորը՝ որ շարժում լինի, դեպի ուր՝ «ըդիք կարեւոր չէ»: Այս հիվանդությունը,
իհարկե, կարելի է ախտորոշել իբրեւ մանկապատանեկան անցման փուլի պարտադիր վարակներից,
որոնց դեմ մարդկությունը հնարել է պատվաստումներ, բայց դրանք չեն ապահովում վարակից
ու երբեմն էլ համաճարակների բռնկումից: Որոնք են այդ հիվանդության ախտանիշները: Ախտանիշ
առաջին՝ հիշողության բացարձակ կորուստ, Վերնիկեի կենտրոնը իրենից ներկայացնում է
tabula rassa, որտեղ ով ինչ գրի՝ ընդունվում է որպես հարյուր տոկոսանոց ճշմարտություն:
Եվ քանի որ հիշողության կորուստը համատարած է հանձնարարված, ամեն երկուշաբթի մաքուր
տախտակի գրառումները թարմացվում են: Ախտանիշ երկրորդ՝ հանուն ինքնապաշտպանության
օրգանիզմը հայտարարում է ստրեսային վիճակ, որն արտահայտվում է ադրենալինի բուռն արտադրությամբ
եւ պահեստային բջիջներին զորակոչելով. իրականության մեջ դա արտահայտվում է անկանխատեսելի
վարքագծով ու ագրեսիայով, չպատճառաբանված վախի զգացումով ու իբրեւ հետեւանք ցինիզմի
նոպաներով: Ախտանիշ երրորդ՝ հիվանդը համակվում է ճշմարտության որոնման բուռն
ցանկությամբ եւ միաժամանակ այն գիտակցությամբ, որ ճշմարտություն չկա գոնե իր համար
եւ ամեն ինչ սուտ է, անհեթեթ ու անիմաստ: Սա նրան դարձնում է իներտ ու կառավարելի՝
50 տոկոսով, կռվազան ու կառավարելի՝ 50 տոկոսով: Ախտանիշ չորրորդ՝ իներտության
ու կառավարելիության անհասկանալի հերթագայումները հիվանդի վիճակը օրըստօրե վատացնում
են, հիվանդությունը խորանում է նաեւ այն պարզ պատճառով, որ հիվանդներից ոչ ոք չի
գիտակցում ու չի ընդունում իր հիվանդ լինելը, ուստի եւ չի դիմում բժշկի ու մերժում
է ապաքինման բուն հնարավորությունը տեսականում ու գործնականում: Ախտանիշ հինգերորդ՝
հիվանդությունը արտաքին դրսեւորումներ չունի, դուք երբեք առաջին հայացքից, ի տարբերություն
շատ այլ հիվանդությունների ու վնասվածքների, անզեն աչքով չեք տարբերի հիվանդ ու առողջ
մարդուն: Ախտանիշ վեցերորդ՝ ներքին բնազդով հիվանդները որոնում են միմյանց
ընկերակցությունը, թեպետ, ինչպես չորրորդ ախտանիշն է վկայում, նրանք չեն գիտակցում
իրենց հիվանդ լինելը, բայց զգում են, որ մնացածներից տարբեր են: Լավ իմաստով, իհարկե:
Դա կարող է դիտվել եւ իբրեւ հանճարեղության սինդրոմ, եւ իբրեւ անլիարժեքության բարդույթ:
Ախտանիշ յոթերորդ՝ հիվանդությունը ժառանգական է, հիվանդությանը ենթակա են
ոչ միայն բանական արարածները, այլեւ՝ կենդանական ու նույնիսկ բուսական աշխարհը, ուստի
օրգանիզմի բնական կենսագործունեության ապահովման դեպքում խիստ վտանգվում է շրջակա
միջավայրը: …Առաջիկա ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներով
ընտրությունների համար քաղաքական, պետական, համապետական, հասարակական, տնտեսական,
մշակութային, սոցիալական պայքարը առաջարկվում է դիտարկել այս հիվանդության խորապատկերում:
Հետեւությունները՝ յուրովսանն: Ով ինչ, ինչքան ու ինչու հասկացավ:
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել