Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ՄԻՇԻԿԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՏԱՐԱԾՔՈ՞ՒՄ

Հուլիս 01,2006 00:00

Թոխմախում
գտնվող ազգային հերոսների փառքի ծառուղին հնարավոր է «օբյեկտի» վերածվի Այս
տարի կառավարությունը զգալի գումար է տրամադրել քաղաքային գերեզմանատները եւ դրանց
հարակից տարածքները բարեկարգելու նպատակով, ինչը եւ այժմ ինտենսիվ արվում է: Ասֆալտապատվում
են հատկապես այն գերեզմանատների (Թոխմախի, Նուբարաշենի) հարակից փողոցները, որտեղ
գերեզմանատեղերը թանկ արժեն: Թոխմախի գերեզմանատանը կից գտնվում է Հայ հերոսների
փառքի ծառուղին, որտեղ տեղադրված են Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Աշոտ Ղուլյանի
(Բեկոր), Վարդան Ստեփանյանի (Դուշման) եւ այլոց նկար-հուշապաստառները: Սակայն հերոսների
համար նախատեսված անծառ ծառուղում, բացի չորացած խոտից ու ժանգոտած Եռագույնից, ոչինչ
չկա: Տպավորություն
ես ստանում, թե դարերով մարդ չի անցել այդ կողմերով, որովհետեւ դարպասի ժանգոտած
կողպեքն էլ տարիների վաղեմություն ունի: Ու եթե որեւէ մեկը կամենա հարգանքի տուրք
մատուցել հերոսներին, ստիպված պիտի կռանա ու մի կերպ ներս սողոսկի մետաղյա ճաղերի
արանքով: Ի դեպ, միայն մայիսյան հաղթանակների ու սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների
առիթով հիշվող մոռացված հերոսների ծառուղու հարեւանությամբ «տեղակայված» են քրեական
հեղինակությունների ու փողատերերի թանկարժեք տապանաքարերն ու խնամված սիզամարգերը:
Երեւան քաղաքի բնակչության հատուկ սպասարկում ՓԲԸ-ի տնօրենի օգնական Գաբրիել
Գաբիկյանից հետաքրքրվեցինք, ինչո՞ւ անխնամ է Փառքի ծառուղին: Նա տեղեկացրեց, որ տարածքը
վաղուց իրենցը չէ, եւ Անտառտնտեսությունը այն վարձակալությամբ տրամադրել է ոմն Միշիկի:
«Ի՞նչ իրավունք ունենք ուրիշի տարածք մտնել: Մեզ պատկանող տարածքում ահագին գործ
ենք արել, ասֆալտապատել, սիրուն պլաշչադկաներ ու նոր պանթեոն ենք սարքել»,- ասաց
պրն Գաբիկյանը: Մեր տեղեկություններով, կայարանցի Միշիկին, կամ ոմանց փոխանցմամբ՝
«հերոս Միշիկին» է պատկանում նաեւ Փառքի ծառուղու տարածքում գտնվող «վետերոկը» (ներկայումս
չի գործում- Գ.Հ): Ասում են, Միշիկը, որի հետ կապվել չհաջողվեց, պատրաստվում է նաեւ
այդ տարածքում մեծ շինարարություն սկսել: Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել