Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառքի գործը դատարանում է

Հուլիս 01,2006 00:00

Հաշմանդամության կարգ տալու համար պահանջել են գումար

Օրեր առաջ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան ուղարկվեց Կարինե Ասրյանի եւ Արտաշես Անանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Գլխավոր դատախազության քննչական վարչությունը, որը մայիսի 15-ից իրականացրել էր նախաքննությունը, պարզել էր, որ ՀՀ առողջապահության նախարարության այրվածքաբանության, վնասվածքաբանության, օրթոպեդիայի եւ ճառագայթաբանության կենտրոն ՓԲԸ դիսպանսերի վարիչը՝ Կարինե Ասրյանը 3-րդ խմբի նախկին հաշմանդամ, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման մասնակից Արթուր Պետրոսյանից հիվանդության պատմության քաղվածք, փորձաքննության ուղեգիր եւ եզրակացություն տալու համար պահանջել է 200 ԱՄՆ դոլար կաշառք:

Իսկ հաշմանդամության 3-րդ խմբում վերականգնելու համար՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Երեւանի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Արտաշես Անանյանն էլ պահանջել էր 400 ԱՄՆ դոլար կաշառք: Նաեւ պարզվել էր, որ տուժողը՝ Արթուր Պետրոսյանը, 1988-ին զորակոչվել էր խորհրդային բանակ եւ ատոմակայանի վթարի ճառագայթահարման կապակցությամբ ժամկետից շուտ զորացրվել էր: Ի դեպ, սոցապ նախարարությունը մեկ տարի ժամկետով 1990թ.-ին Արթուրին տվել էր հաշմանդամության երրորդ խումբ:

Այս տարվա մայիսին Ա. Պետրոսյանը այցելելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, փորձաքննական հանձնաժողովի նախագահ Ա. Անանյանին է հանձնել հաշմանդամության վկայականը, «խնդրել է առողջության վատացման կապակցությամբ վերականգնել հաշմանդամության խումբը»: Երբ Անանյանն իր «փորացավն» է ասել, Պետրոսյանը դիմել է Ճառագայթաբանության կենտրոնի դիսպանսերի բաժնի վարիչ Կ. Ասրյանին, խնդրել հանձնաժողով ներկայացնելու համար տրամադրել իր առողջությանն առնչվող բոլոր փաստաթղթերը: Բաժնի վարիչն էլ նույն փորացավն ուներ՝ կաշառք պահանջել: Չեռնոբիլից եւ բժիշկներից կրկնակի տուժողը՝ Ա. Պետրոսյանը դիմել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, հաղորդում տվել: Անանյանի եւ Ասրյանի անդրավարտիքի եւ բժշկական խալաթի գրպաններում հայտնաբերվել են վերոնշյալ գումարները: Ի դեպ, Կ. Ասրյանի եւ Ա. Անանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Երկուսն էլ զղջացել են կատարվածի համար:

Նրանք մեղադրվում են ՀՀ քրօրի 311 հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ դրամի, գույքային այլ օգուտի ձեւով կաշառք ստանալը, պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել