Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԱԳ՝ ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՀԵՏՈ

Հուլիս 01,2006 00:00

Ժողովրդական
այս խոսքն էր հիշեցնում երեկ խորհրդարանում կազմակերպված լսումները՝ 12-ամյա կրթության
թեմայով: Արդեն հայտնի է, որ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների
համաձայն, անցել ենք 12-ամյա կրթական համակարգի: Այդ փոփոխություններն ընդունել
է ԱԺ-ն, եւ մնում է՝ ՀՀ նախագահը վավերացնի այն: Սակայն երեկվա ելույթներից տպավորություն
էր ստեղծվում, թե այս ամենը դեռ առաջիկա պլանների մեջ է: Հանդիպմանը ներկա դպրոցների
տնօրենները, ոլորտի այլ պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ քննադատական ելույթներ
ունեցան այս թեմայի շուրջ, ինչը չէին անում այն ժամանակ, երբ դեռ վերոնշյալ որոշումը
չէր կայացվել եւ օրենքի ուժ էլ այս ամենին դեռ չէր տրվել: Եվ ինչպես ԿԳ նախկին
նախարար, ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանը նշեց, պատգամավորները, ովքեր բարեփոխումների
առնչությամբ իր դիտողություններին համաձայն էին, օրենքում փոփոխություններ անելիս
անհասկանալիորեն լռում էին: Պրն Ղազարյանն այնքան դեմ չէր բուն 12 տարի սովորելուն,
որքան ընդհանրապես բարեփոխումների ընթացքին եւ հանրությանը դրանք ներկայացնելու ձեւին:
Նախ՝ համեմատվում ենք մի քանի տասնյակ եվրոպական զարգացած երկրների հետ, ովքեր անցել
են 12-ամյա կրթական համակարգի, սակայն Էդ. Ղազարյանը հիշեցնում է, որ Ռուսաստանը,
ում հետ մեր երկիրը նույն կրթական հիմքն է ունեցել, դեռեւս 11-ամյա համակարգ ունի:
Այո, նոր առարկաներ են ավելացել, մեթոդներ են փոխվել, բայց դրանք պետք է ճիշտ ներկայացնել
ու, ըստ պրն Ղազարյանի՝ այդ քայլին գնալու ներքին տրամաբանությունը ցույց տալ եւ
ոչ՝ ինչ-որ միջազգային փաստաթղթեր: Ի դեպ, միջազգային փաստաթղթերի մասին: ԿԳ նախարար
Լեւոն Մկրտչյանի խոսքով, Բոլոնյան գործընթացները՝ եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելը
ենթադրում է 12-ամյա կրթություն, ինչը չապահովելու դեպքում մեր վկայականները չեն
ճանաչվի այն երկրներում, ում հետ միջազգային պայմանագրեր ունենք, «դուրս չեն կարող
գալ այս վկայականներով, կգնան, կաշխատեն ամենացածր սեւ աշխատանքի մեջ, եթե պետք է
դուրս գան: Գիտական սեմինարների, սիմպոզիումների չենք կարող մասնակցել, գիտական աշխատությունները
չեն կարող հրատարակել»: Ինչ վերաբերում է ավագ եղբոր՝ ՌԴ-ի 11-ամյա համակարգին, ապա,
ըստ Լ. Մկրտչյանի, ՌԴ-ն էլ պետք է մինչեւ 2008-ն անցնի 12-ամյայի. «Բոլորս սպասենք
ավագ եղբայրը անի, մենք հետեւի՞ց անենք: Ուզում ե՞ք, սպասենք ընդունեն, հետո մենք
ընդունենք»: Ակադեմիկոսը, սակայն, վստահ չէ, որ սա բարեփոխում է, եւ մենք փորձանքի
չենք գա այս համակարգին գնալով: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,
որ, իր իսկ խոսքերով, աջակցել է օրենքում փոփոխություններ մտցնելուն, միեւնույն ժամանակ
համակարգի մասին քննադատական ելույթ ունեցավ. «Եթե չենք ուզում, որ մեր համակարգը
մեկուսանա, բաներ կա, որ պիտի ընդունենք»: Սակայն, մյուս կողմից, Գ. Սահակյանը հիշեցնում
է, որ 5.8 տարեկաններին կառավարելը դժվար է լինելու, որ նրանց համար դայակներ չկան,
սեղան-աթոռներ չկան, որ առանց այն էլ մի քանի սերունդ ողնաշարի ծռվածություն է ստացել,
համապատասխան ֆինանսավորում չկա եւ այլն: ԱԺ պատգամավորին մնում էր կոչ անել դպրոցներին՝
ով չունի 6 տարեկանին ընդունելու պայմաններ, թող չընդունի: Բայց, օրինակ, սանիտարահիգիենիկ
պայմաններ այս փոքրիկների համար այսօր ոչ մի դպրոց չի կարող ապահովել: ԿԳ նախարարն
այս մասին խոսելիս ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այդ պայմաններն ապահովված
չեն նաեւ մյուս աշակերտների համար, եւ հատկապես վատ վիճակ է մարզերում: Իսկ Կրթության
ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը տեղեկացրեց, որ առանձին դեպքերում ծնողները
կարող են մասնակցել դասերին եւ օգնել դասվարներին: Մի խոսքով, այս տարի մեծ խառնաշփոթ
է սպասվում դպրոցում: Ճիշտ է, անցյալ ուստարում էլ շատ ծնողներ իրենց երեխաներին
նույնիսկ 5 տարեկանից տարան դպրոց, միայն թե այս տարի չընկնեին 12-ամյա համակարգի
տակ (բացի այդ, ԱԺ գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը՝
5, իսկ Լեւոն Մկրտչյանը՝ 6 տարեկանից են գնացել դպրոց), սակայն չմոռանանք, որ այս
տարի խոսք է գնում տասնյակ հազարավոր փոքրիկների մասին: Այս ուստարվա 7-10-րդ
դասարանցիները կսովորեն հին՝ 10-ամյայի ծրագրով, 1-6-րդցիները՝ 11-ամյայի: Ինչ վերաբերում
է այս տարվա 2 տիպի 1-ին դասարանցիներին, ապա 6.5-7 տարեկանները կսովորեն 11 տարի,
5.8-6.5-երը՝ 12 տարի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել