Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սով՝ Շիրակի մարզում

Հուլիս 01,2006 00:00

Երաշտն
ու կարկուտը գյուղացիներին միլիոնների վնաս են հասցրել Շիրակցիները խուճապի
մեջ են: Շիրակում կարկտախառը երաշտ է եւ, գյուղացիների կանխատեսմամբ՝ մարզում այս
տարի սով է սպասվում: Հունիսի 26-ին տեղացած կարկուտը վնասել է շուրջ 23 համայնք,
որոնցից մի քանիսի հացահատիկային ու բանջարաբոստանային ցանքատարածությունները ամբողջովին
ոչնչացել են: Շիրակի մարզպետարանում կազմվել է վնասների չափը ուսումնասիրող հատուկ
հանձնաժողով, որը առաջիկայում կառավարությանը կներկայացնի գյուղացիների կորուստները:
Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի տվյալներով՝ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել
է եւ հայտնաբերել, որ երեք հազար հեկտար ցանքատարածության կեսը լուրջ վնասներ է կրել,
իսկ 200 հեկտարում կարկուտից ողջ բերքը ոչնչացել է: Այգաբաց գյուղում կորուստը 70
տոկոսից ավելի է: Մարզպետի խոսքերով՝ 6 համայնք դեռեւս ուսումնասիրված չէ, սակայն
արդեն պարզ է, որ առնվազն 300 միլիոնի վնաս կա: Այնուամենայնիվ, մարզպետը
կարկտահարությունն անքան էլ ցավագին չի ընդունել, քանի որ, ըստ նրա, ավելի վտանգավոր
է երաշտը. կարկուտը տեղ-տեղ է վնասում, իսկ երաշտը համատարած սով է բերում: Ի
տարբերություն մարզպետի, գյուղացիների ներկայացմամբ՝ կարկուտ լինի, թե երաշտ՝ երկու
դեպքում էլ իրենք տուժում են եւ կառավարության փոխհատուցումը չեն տեսնում: Գյուղացիները
վստահ են, որ եթե նույնիսկ կառավարությունը որոշի փոխհատուցել, այնպիսի չնչին գումար
է առաջարկելու, որ նույնիսկ վարուցանքի, տրակտորի վառելիքի ծախսը չի փակելու: Նախկին
տարիներից նման փորձ գյուղացիներն արդեն ունեն. նրանց պատմելով՝ մի տարի կառավարական
օգնությունն այնքան «ողորմելի» է եղել, որ մարզխորհրդի նիստերից մեկի ժամանակ հենց
Ռոմիկ Մանուկյանն է հրաժարվել դրանից, ասելով՝ «անուն չհանենք, թե օգնություն ենք
ստանում»: Մարզպետի դիտարկմամբ՝ այժմ էլ գյուղացիները վնասի փոխհատուցում չպետք է
սպասեն կառավարությունից, որովհետեւ չկա ապահովագրական մեխանիզմ, այլ հարց է, որ
կառավարությունը օգնություն տրամադրի, ոչ թե փոխհատուցի: Մի քանի շիրակցի
«Առավոտին» խնդրեցին գյուղնախարարին փոխանցել իրենց այս բողոքը. «Գյուղերում մի քանի
հոգի ենք մնացել, մենք էլ թողնենք հեռանանք, որ ձեր հոգսը թեթեւացնե՞նք, վնասի փոխհատուցում
չեք կարող՝ գոնե աղետներին պատրաստ եղեք, տարին տասներկու ամիս հակակարկտային սարքավորումներ
եք նվիրում, ինչի՞ մենք դրա խերը չենք տեսնում»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել