Երեկ միասնական բողոքի ակցիայի դուրս եկած արաբկիրցիները սպառնում էին «պաժառ տալ ու տրաքացնել Արաբկիրի այգի մտնող ցանկացած մեխանիզմ, որը կփորձի կանաչ տարածքը ոչնչացնելով՝ կառուցապատում անել»:
Արաբկիրի այգուն հարակից շենքերի ու սեփական տների բնակիչների ներկայացմամբ, մի քանի օր առաջ «Տոնուս» կազմակերպությունը տեխնիկա է բերել եւ սկսել է այգում ծառեր արմատախիլ անել՝ 9 հարկանի 7 մուտքանի էլիտար շենք կառուցելու համար, ինչը խիստ զայրացրել է արաբկիրցիներին: Կառուցապատողն արդեն 50-60 տարեկան հինգ-վեց ծառ է կտրել ու արմատախիլ արել: Արաբկիրցիների խնդրանքով ու պահանջով, երեկ տարածք էին եկել Արաբկիրի համայնքապետը, քաղաքապետարանի եւ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները: Երկու օր առաջ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի ջանքերով կանխվել էին շինարարական աշխատանքները: Բնակիչների պատմելով, այս այգին այժմ միակն է Արաբկիրի տարածքում, որը ծառայում է որպես հանգստյան գոտի՝ ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար:
«1946-ին այս տարածքը օձ ու կարիճի բույն է եղել, մենք ենք մեր ուժերով այգի դարձրել: Այստեղ են Արաբկիրի խորհրդանիշները, նույնիսկ 20-ական թվականների գերեզմաններ կան, նաեւ հուշարձան ու սուրբ խաչքար: Մարդիկ օրական 18 ժամ այդ կանաչ տարածքում են անցկացնում, հանգստանում, նաեւ ջրում ու խնամում: Բացի այդ, անցյալ տարի այգում երեխաների համար խաղահրապարակ բացվեց, կարուսելներ տեղադրվեցին: Այդպես չի կարելի, անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել, ինչ ուզում անում են: Ասում են՝ տերը Քոչարյանն է»,- վրդովված պատմում էին բնակիչները:
«Ի՞նչ անենք, գիշեր-ցերեկ գանք այստեղ հացադո՞ւլ անենք, որ թույլ չտանք շարունակել»,- բնակիչներից մեկն այդ հարցն ուղղեց Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանին: Վերջինս պատասխանեց, որ ինքը եկել է ապօրինությունը կանխելու, քանի որ շինարարությունն արվում է առանց համապատասխան թույլտվության. «Փաստն արձանագրվել է եւ նախատեսվել են վարչական մեծ տուգանքներ: Թե որքան այն կլինի, կորոշի վարչական հարցերով հանձնաժողովը»,- պարզաբանեց պարոն Մուրադյանը: Բնապահպանության նախարարության Երեւանի տարածքի ավագ տեսուչ Զոյա Զատիկյանն էլ նկատեց. «Առանց քաղաքի գլխավոր դենդրոլոգի թույլտվության՝ ոչ մի ծառ իրավունք չունեն կտրելու: Օրենքը խախտողները պետք է անպայման տուգանվեն եւ վնասը հատուցեն»: Արաբկիրի թաղապետն էլ միացավ բնակիչների բողոքին. «Ժողովուրդը թույլ չի տա էստեղ շինարարություն իրականացվի: Իսկ որտեղ արաբկիրցիները, այնտեղ էլ՝ մենք»: Նա նաեւ ներկայացրեց խնդրո առարկա այգու նախապատմությունը. «Մինչ այժմ այգին 99 տարվա վարձակալությամբ տրվել էր «Հրայր-զբոսայգի» ՍՊԸ-ին, որը պետք է բարեկարգեր ու պահպաներ բնակիչների սիրած վայրը, սակայն ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Որոշ հատվածներում, հավանաբար շինարարության նպատակով, խոտածածկերն այրված են, լույսերն ու նստարանները՝ կոտրված, ինչի համար էլ մասնագետներ ենք հրավիրել, արված ներդրումների չափերը ճշտել եւ մտել դատարան, որպեսզի վարձակալի հետ կնքված պայմանագիրը չեղյալ համարենք»: Թաղապետի խոսքերով, «ինչ ներդրում արել են, մենք պատրաստ ենք համայնքի բյուջեից այդ գումարը (31 մլն դրամ) ետ վերադարձնել եւ համայնքի բնակիչների հետ վերականգնել այգին: Թույլ չենք տա, որ մեր առողջության, հանգստի հաշվին փորձեն իրենց բարեկեցությունն ապահովել»: ՀՀ տնտեսական դատարանը բավարարել է թաղապետարանի հայցը եւ չեղյալ է համարել վարձակալության պայմանագիրը:
«Առավոտի» այն հարցին՝ հնարավո՞ր է, որ հետագայում «Տոնուսը» շինարարության թույլտվությունը ձեռքին գա ու կառուցապատում անի, Հ. Մուրադյանը պատասխանեց. «Էդ հարցը պետք է ուղղվի քաղաքի գլխավոր ճարտարապետին: Բայց, իմ կարծիքով, այգու հարեւանությամբ նման շինարարության թույլտվություն տալը բացառվում է»:
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ