Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու նախագահներն էլ պատասխանատու են»

Հուլիս 01,2006 00:00

«Ազատություն»
ռ/կ-ի վաշինգթոնյան թղթակից Ջուլի Քորուինը հունիսի 29-ին զրուցել է ԵԱՀԿ Մինսկի
խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք
կրճատումներով: «Ազատություն».- Հայկական եւ ադրբեջանական ծառայությունների
իմ գործընկերներին հետաքրքրում է, թե որքանո՞վ է ձեզ զարմացրել տարածաշրջանում հարցազրույցի
հարուցած իրարանցումը: Բրայզա.- Ճիշտն ասած՝ ինձ դա չի զարմա ցրել, քանի որ
մենք գիտեինք, համանախագահները գիտեին, որ իրենց հենց նոր արած հայտարարությունը
ԵԱՀԿ-ում մեծ նշանակություն ունի, մարդկանց կստիպի կրկին մտածել, եւ տարածաշրջանում
կհարուցի առողջ բանավեճ: Ես պարզապես աննախանձելի վիճակում էի, քանի որ ընդամենը
1 ժամ առաջ էի ստանձնել պաշտոնը եւ հենց ես պետք է բացատրեի ուրիշների կողմից մինչ
այդ ընդունված որոշումը: Ոչ, ինձ չի զարմացրել այն, որ առողջ բանավեճ է սկսվել: Ինձ,
այնուամենայնիվ, զարմացրեց այն, որ մարդիկ այդքան արագ արձագանքեցին հարցազրույցին՝
առանց կարդալու Ավստրիայում ԵԱՀԿ մշտական խորհրդում համանախագահների հրապարակած եւ
հանրության համար մատչելի փաստաթուղթը, որտեղ ամեն բան շատ ավելի հանգամանորեն է
շարադրված: «Ազատություն».- Ձեր հարցազրույցի արձագանքներում 2 կողմից էլ
եղան մեկնաբանություններ, թե հակառակ կողմն է մեղավոր հանրաքվեի շուրջ համաձայնությունը
ձախողելու համար: Իրականում ո՞ր կողմն է (եթե կա այդպիսին) ասում ճշմարտությունը:
Բրայզա.- Ակնհայտ է, որ մենք չենք կարող այս հարցազրույցի ընթացքում անդրադառնալ
երկու կողմերի բոլոր կարծիքներին ու հայտարարություններին. բավական է ասել, որ առանցքային
սկզբունքները, որոնք 2 տարվա ընթացքում մշակվել են համանախագահների, Ռոբերտ Քոչարյանի
ու Իլհամ Ալիեւի եւ նրանց արտգործնախարարների կողմից, վերջնականապես չէին ստացել
երկու նախագահների համաձայնությունը: Ուստի երկու նախագահները կիսում են համաձայնության
չհասնելու պատասխանատվությունը, եւ ես չէի ասի, թե նրանցից մեկն ավելի է պատասխանատու,
քան մյուսը: «Ազատություն».– Հունիսի 23-ին Իլհամ Ալիեւը միջազգային միջնորդների
ջանքերը «անհույս» որակեց եւ ասաց, թե Ադրբեջանը հետ կվերադարձնի ԼՂ-ն՝ դիմելով անհրաժեշտ
բոլոր միջոցներին: Ինչպե՞ս եք ընկալում այս հայտարարությունը: Չհիասթափվեցի՞ք նրա
այդ մարտաշունչ կեցվածքից: Բրայզա.- Նման հայտարարությունները արդեն սովորական
են դարձել, եւ ես կկրկնեմ այն, ինչ ասել եմ հունիսի 22-ին, որ խոսակցությունները
Ղարաբաղը ուժով վերագրավելու կամ որեւէ կողմից ուժի կիրառման մասին պարզապես օգտակար
չեն: Դրանց անհրաժեշտությունը չկա, քանի որ սեղանի վրա է կենսունակ շրջանակային համաձայնագիր,
որը պարզապես մի փոքր ավելի քաղաքական խիզախություն է պահանջում կողմերից՝ փոխզիջում
ձեւավորելու համար: «Ազատություն».– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարության
մեջ ասում են. «Մենք չենք տեսնում իմաստ այս պահին շարունակելու վերջին մի քանի ամիսների
ինտենսիվ միջնորդային դիվանագիտությունը»: Արդյո՞ք դա ռազմավարական որոշում է՝ ասել,
թե մենք ետ ենք քաշվում եւ հուսով ենք, որ դա կհուշի նրանց աշխուժացնել ջանքերը,
թե՞ պարզապես հոգնածությունն է ձախողումներից: Բրայզա.– Պարզապես փաստի արձանագրում
է այն, որ իմ նախորդը՝ Սթիվեն Մաննը, եւ իմ ներկայիս գործընկեր համանախագահները գործադրել
են իրենց ողջ երեւակայությունը եւ բանակցային եռանդը եւ, ըստ իրենց, հնարավորինս
հղկել են առանցքային սկզբունքների այս շրջանակը այնպես, որ նախագահներին շատ ժամանակ
պետք չէ մեկ անգամ էլ խորհրդածելու եւ որոշելու համար՝ ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում
ընդունել կամ համաձայնեցնել այս շրջանակային համաձայնագիրը: Իսկ հայտարարության մեջ
մեր ասածն այն է, որ այլեւս տեղ չի մնացել դիվանագիտական երեւակայության համար, որպեսզի
մետաղի այս կտորը փոքր-ինչ ավելի վառ փայլի: Այն հղկված է, եւ ձեր որոշելիքն է՝ ընդունել
կամ չընդունել: … Այնպես չէ, որ մենք ձեռքներս ծալած նստելու
ենք, եւ ոչինչ տեղի չի ունենալու: Եվ այստեղ մենք նաեւ չենք ասում, թե բանակցային
գործընթացը ընդմիշտ մահացել է: Մեր ասածն այն է, որ գործընթացի այս փուլը առաջ ենք
մղել այնքան, որքան կարողացել ենք, եւ մեզ այժմ ուղեցույց է պետք կամ՝ պետությունների
ղեկավարների վճիռները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել