Իրավապահներն
իրենց անգործությամբ ինքնադատաստաններ են սադրում Հունիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա
համայնքում տեղի ունեցած սպանությունից հետո մամուլի առաջին արձագանքների առանցքն
այն էր, որ Հայաստանում շարքային քաղաքացին անվտանգ ու պատահական փամփուշտի զոհ դառնալուց
երաշխավորված չի կարող լինել։ Տեղի ունեցող սպանությունները, մասնավորապես հանրությանը
ոչ անհայտ գործիչների կամ նրանց յուրայինների մասնակցությամբ, իրավապահ մարմինների
անգործության կամ քրեածին տարրերի դեմ պայքարելու փոխարեն միանգամայն այլ խնդիրներով
զբաղվելու արդյունք են եւ անպատժելիության հետեւանք: Ինչ էլ որ պատասխանեն
իրավապահներն ու հայրենի իշխանություններն այս գնահատականներին, մեկ է՝ փաստն այն
է, որ աղմկահարույց, լկտի, ցինիկ հանցագործությունները Հայաստանում բավականին հաճախակի
են հենց մատնանշված վերջին պատճառով: Իսկ անպատժելիության օրինակները բազմաթիվ են
եւ տարիների պատմություն ունեն. ահավասիկ՝ քաղաքաշինության նախարարի որդին կրակեց
ու չնստեց, մեկ այլ դեպքում՝ ՊՆ գլխավոր շտաբի պետ գեներալի որդին սրճարանում մարդ
ծեծեց ու չդատվեց: Բայց մահվան ելքով աղմկահարույց հանցագործությունները, որոնք,
ըստ էության, մնացին անպատիժ, սկսվեցին 2003թ. հունիսի 25-ին՝ Նուբարաշենում, 2005թ.
փետրվարի 4-ին՝ «ՏԷՑ-ի կրուգում» տեղի ունեցած «ռազբորկաներով», որոնք թեեւ մի քանի
կյանք խլեցին, բայց այդ հանցագործության մեջ մեղադրվող անձինք, ովքեր ԱԺ նախկին ու
ներկա պատգամավորների հարազատ կամ բարեկամներն էին, այդպես էլ արժանի պատիժ չստացան:
Կոնկրետ «ՏԷՑ-ի կրուգի» քրգործով, ըստ էության, ոչ մեկն այդպես էլ չդատապարտվեց:
Այսինքն՝ նրանցից ոմանց համար ազատազրկման որոշում կայացվեց, բայց դա խորհրդանշական
էր, որովհետեւ կարճ ժամանակ անց հայտնի հեղինակությունները հայտնվեցին ազատության
մեջ: Նուբարաշենում տեղի ունեցած հանցագործության արդյունքում նույնպես անմեղ
ու պատահական զոհեր ու տուժածներ եղան: Սպանվեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն
Գեւորգյանի եղբոր որդին՝ Արկադի Գեւորգյանը: Բախման ավելի քան ակտիվ մասնակիցներից
մեկը՝ «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանը, ով դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման,
այս տարի ազատ արձակվեց: Պատճառաբանությունը նրա, իբր, վատառողջ լինելն էր, իսկ մեկուսարանում
նա անցկացրեց ընդհանուր առմամբ երեք տարուց էլ պակաս ժամանակ։ Ինքնադատաստանի առիթ
դարձավ նաեւ այս տարվա մարտին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ կազմակերպված
չհաջողված մահափորձը, որի մեջ պատգամավորը մեղադրել էր ոմն Մանվել Բաղդասարյանի՝
«Կոճե»: Ծանրագույն հանցագործության մեջ կասկածվող այդ անձնավորությանը հայրենի իրավապահները
տարել-բերել էին, բայցեւայնպես թողել էին ազատության մեջ՝ գուցե հույս ունենալով,
որ նրա հանդեպ ինքնադատաստան կլինի: Ինքնադատաստանը եղավ, ու իրավապահները դրանից
այնքան էլ չշահեցին, որովհետեւ «Կոճեի» դեմ մահափորձ իրականացրեց ոչ թե Ս. Միքայելյանը,
այլ նրա երիտասարդ զինակից Մանվել Պողոսյանը, բացի այդ էլ՝ «Կոճեն», բարեբախտաբար,
ողջ մնաց: Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով, Ս. Միքայելյանի դեմ
չիրականացված մահափորձի քրգործն արդեն երեք ամիս է՝ շարունակում է մնալ նախաքննական
փուլում, իսկ ձերբակալվածներ, պարզվում է, չկան: Գլխավոր դատախազության աղբյուրների
համաձայն, ավարտական փուլում է գտնվում ԵԿՄ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Ռուստամ
Գասպարյանի դեմ ապրիլի 1-ին իրականացված մահափորձի գործով նախաքննությունը: Այս քրգործով
ձերբակալվել էր մեկ հոգի՝ Սամսոն Պ.-ն, թեեւ մարզի երկրապահները դրանից հետո հայտարարությամբ
իրավապահներից պահանջել էին ի հայտ բերել մահափորձի կազմակերպիչներին՝ սպառնալով
հակառակ դեպքում սեփական քննությունը կատարել: Ասել է թե, ինչպես մամուլն էր ենթադրել,
երկրապահներն էլ վստահ էին, որ, բացի ձերբակալված անձից, կան էլի մեղադրյալներ, որոնք
տակավին բացահայտված չեն: Մեկ այլ դեպքում, ապրիլի 12-ին Արկադի Տեր-Թադեւոսյանի՝
«Կոմանդոսի» որդին՝ Հայկ Տեր-Թադեւոսյանն ու նրա ընկեր Թադեւոս Համբարձումյանն էին
ուշ երեկոյան իրենց մոտ եղած ապօրինի զենքից՝ «Մակարով» եւ «Նագանե» ատրճանակներից,
4-5 անգամ կրակել երեք երիտասարդների վրա, որոնցից Էրիկ Ասատրյանը ստացված վնասվածքներից
մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Այս քրգործով եւս նախաքննությունը դեռ շարունակվում
է, թեեւ դարձյալ տեղեկություններ կան, թե «Կոմանդոսի» որդին «թեթեւ» կպրծնի՝ նկատի
ունենալով մի շարք, այդ թվում՝ ինքնակամ ներկայանալու, զենքերը հանձնելու եւ, իհարկե,
նրա «պապայի» ով լինելու հանգամանքները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ