Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՐՈՇ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Հուլիս 01,2006 00:00

Հայերի
նկատմամբ բռնությունների վերաբերյալ ՌԴ փոխարտգործնախարարի այս խոսքերն է մեջբերում
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: – Մանրամասնեք,
խնդրեմ, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունների խորհրդակցությունների
վերաբերյալ պաշտոնական այն տեղեկությունը, թե հայկական կողմը ստացել է ռուսական կողմի
հավաստիացումները, որ ձեռք են առնվել անհրաժեշտ բոլոր քայլերը հետագայում նման երեւույթների,
այն է՝ հայերի նկատմամբ բռնությունների կրկնումը կանխելու ուղղությամբ: –
Քննարկումները բավական լուրջ էին եւ բաց: Այս դատապարտելի երեւույթների մասին բավական
խոսվեց, եւ մասնավորապես այն մասին, որ բռնությունների աշխարհագրությունը այլ վայրերից
փոխադրվել է հիմնականում Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ: Մեր մտահոգությունները նրանց
ուշադրության կենտրոնում են: ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինն
արձագանքելով իմ հարցին՝ ասաց. «Դա ռուսաստանյան հասարակության շատ չնչին հատվածի
հիվանդությունն է, այլ ոչ թե հայատյացության: Դա գարշելի վերաբերմունք է մաշկի այլ
գույն ու հավատ ունեցող մարդկանց հանդեպ: Դա երբեւէ բնորոշ չի՛ եղել Ռուսաստանի համար
եւ չի՛ էլ լինի»: Պայմանավորվեցինք, որ այս խորհրդակցությունները պետք է լինեն
շարունակական՝ ընդհանրապես երկկողմ հարաբերությունների, եւ մասնավորապես՝ տվյալ խնդրի
առումով: Մինչեւ մեր Մոսկվա մեկնելը՝ եղան մարդիկ, ովքեր հիշեցին ԱԳՆ տեղը եւ խնդրեցին
իրենց հարազատների հետ կապված մտահոգությունները նույնպես փոխանցել, որ տարվի հետեւողական
աշխատանք: Եվ այդ առանձին դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցվեց իրենց: Նաեւ
պայմանավորվեցինք յուրաքանչյուր առանձին դեպքում կապվել իրար հետ եւ անմիջապես արձագանքել:
Խոսվեց նաեւ մամուլի հրապարակումների մասին, քանի որ մեզ նաեւ մտահոգում է,
որ ցանկացած հրապարակման կողքին երբեմն նաեւ հայտնվում են «հավասարակշռող» նյութեր:
Նշվեց, թե մամուլի հետ նույնպես պետք է որոշակի աշխատանք տարվի իրենց կողմից: –
Կարասինի ասածին որոշակիորեն չի՞ հակասում Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ
Նուրգալիեւի՝ Երեւանում արած պնդումը, թե ՌԴ-ում հայերի նկատմամբ չկան ազգատյացության
դրսեւորումներ: Ըստ նրա՝ հենց հայերը եւս իրենց հայրենակիցների դեմ հանցագործություններ
են կատարում. 2006-ի առաջին եռամսյակում ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների նկատմամբ կատարվել
է 112 հանցագործություն, ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում նույն ժամանակահատվածում իրականացրել
են 122 հանցագործություն: – Ես արդեն ասացի «հավասարակշռող» համեմատությունների
մասին: Եվ մենք համաձայն չենք այդ մոտեցմանը: Նշեմ, որ անդրադարձ եղավ Երեւանում
ՌԴ ՆԳ նախարարի այդ տեսակետին, թե ՌԴ-ում հայերի նկատմամբ չկա ազգատյացություն: Ռուսաստանի
արտգործնախարարությունը հստակ հայտարարեց, որ իսկապես կա խնդիր, որը կարիք ունի լուծման:
Մեր ահազանգերից հետո, երբ Երեւանում գտնվող ՌԴ Հարավային դաշնային օկրուգում Պուտինի
լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի միջոցով Հայաստանի ղեկավարությունը փոխանցեց
իր մտահոգությունը եւ կարծիք հայտնեց, թե պետք է ձեռնարկել կտրուկ միջոցներ՝ Ռուսաստանի
ղեկավարությունը խնդիրը վերցրել է իր վերահսկողության ներքո: Գրիգորի Կարասինը մեր
զրույցի ընթացքում, ասենք, հայտնեց, որ հունիսի 25-ին Կոստրոմայում ավարտվել է մի
դատավարություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու սպանության
մեջ մեղադրվող Ռուսաստանի 3 քաղաքացիներ դատապարտվել են 21, 18 եւ 8 տարվա ազատազրկման:
Մենք մտադրություն ունեինք նաեւ հանդիպել ՌԴ իրավապահ մարմինների ղեկավարների
հետ: Բայց քանի որ նույն օրը շատ կտրուկ փոփոխություններ էին եղել Ռուսաստանի դատախազությունում՝
մեր գործընկերները խոստացան հետամուտ լինել, եւ մեր մտահոգությունները պրն Կարասինն
անձնապես կփոխանցի իրավապահ մարմիններին: – Հայաստանի ԱԳՆ-ն եւ Ռուսաստանում
ՀՀ դեսպանությունը մինչ այժմ քննադատվում էին այս դեպքերին ոչ համարժեք արձագանքելու
եւ անբավարար հակազդելու համար: Թերեւս այն միջոցները, որոնք այժմ ձեռք են առնվել՝
որոշակիորեն նաեւ հասարակական այս ճնշման հետեւանք են: Սակայն մտավախություն կա,
որ երբ ալիքը հանդարտվի՝ այլեւս նույն ուշադրությամբ եւ հետեւողականությամբ չեք հետեւի
զարգացումներին: – ԱԳՆ-ն ու Մոսկվայում մեր դեսպանությունը մշտապես են այս
ուղղությամբ գործադրել հետեւողական ջանքեր: Եվ անհրաժեշտություն չկա անընդհատ լայն
հրապարակայնության առարկա դարձնել այն աշխատանքները, որոնք կատարում ենք նաեւ այս
առնչությամբ: Վստահեցնում եմ, որ այս հարցում նույնպես հասարակությունը կարող է հանգիստ
լինել: Եվ իզուր չէ, որ նշեցի, թե լինելու է շարունակական գործընթաց: Աստված մի արասցե՝
եթե հանկարծ էլի լինեն նման դեպքեր՝ չպետք է ունենանք «հետեւից հասնողի» դերակատարություն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սեպտեմբերի վերջին՝ արդեն Երեւանում շարունակելու
ենք մեր խորհրդակցությունները: Եվ այն աշխատանքային խումբը, որ ձեւավորվեց մեր երկու
նախարարությունների մեջ՝ անընդհատ հետեւողական աշխատանք կտանի այս հարցերի առնչությամբ:
Հարցազրույցը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ Հ. Գ.
Մոսկվայում սքինհեդների ձեռքի զոհը դարձած հայերի սպանությունները կարծես աչքաթող
են արվել ՌԴ իրավապահների կողմից: Տեղաշարժ չկա ո՛չ Վիգեն Աբրահամյանցի գործով, ո՛չ
էլ էլեկտրագնացքի վագոնում սպանված Արթուր Սարդարյանի գործով: Այս մասին «Ռադիոլուր»-ին
տեղեկացրել է այս գործերով զբաղվող փաստաբան Սիմոն Ծատուրյանը: Միակ նորությունն
այն է, որ փոխվել է մայիսի վերջին Մոսկվա-Սոֆրինո ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքի
վագոնում ուղեւորների աչքի առաջ սքինհեդների ձեռքով սպանված 19-ամյա Արթուր Սարդարյանի
գործով քննիչը: Փաստաբանի խոսքով՝ Մոսկվայում նկատվում են այդ կարգի սպանությունները
քողարկելու միտումներ: Սպանությունների բացահայտման երկարաձգված ընթացքը մտավախություն
է առաջացնում, որ ազգային հողի վրա կատարված սպանությունները մոսկովյան իրավապահները
չեն էլ բացահայտի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել