Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻՆ»

Հունիս 30,2006 00:00

Պետությանը
կոչ է անում անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը Ազգային պատկերասրահի
Որմնանկարների դահլիճում հունիսի 28-ին ավարտվեց ապրիլի 20-ին մեկնարկած «Ազգային
պատկերասրահ» երկրորդ երաժշտական փառատոնը: Փառատոնին, բացի տեղական ճանաչված
ուժերից, հրավիրված էին նաեւ նախկին հայաստանցիներ, այսօր արտերկրում ճանաչված անուններ:
«Ազգային պատկերասրահ» փառատոնն առանձնացավ մեզանում անցկացվող նման միջոցառումներից
առաջինը նրանով, որ այս տարի ստեղծվել էր փառատոնի գեղարվեստական խորհուրդ, որտեղ
ընդգրկված անունները անգամ հենց փառատոնի սկզբից երաշխիք էին այս միջոցառման անցկացման
բարձր մակարդակի: Խորհրդի համանախագահներն էին կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Տիգրան
Մանսուրյանը, անդամները՝ Սերգեյ Սարաջյանը, Արամ Ղարաբեկյանը, Մարգարիտա Ռուխկյանը
եւ այլք: Փառատոնի մեկնարկից առաջ մեզ տված հարցազրույցում փառատոնի կազմակերպիչներ
Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը հույս էին հայտնել, որ փառատոնի օրերին Ազգային
պատկերասրահի հսկայական խորհրդանշական ազդեցություն ունեցող Որմնանկարների սրահը
կվերածվի համերգային դահլիճի, որտեղ կկայանա արվեստների երկխոսություն՝ գույնի, հնչյունի,
կերպարների ներդաշնակության շնորհիվ: Ճանաչված արվեստագետներից ոմանք, այդ թվում,
օրինակ, պետկոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը, մինչ փառատոնի մեկնարկը մեզ
ասել էր. «Հայաստանի մշակութային կյանքում այս փառատոնն առանձնահատուկ երեւույթ եմ
համարում, մշակութային յուրօրինակ իրադարձություն, որը քայլ առ քայլ հաստատվում է՝
ձեռք բերելով դրսեւորման նորանոր սահմաններ եւ որակներ»: Արվեստագիտության թեկնածու
Մարգարիտա Ռուխկյանը փակման օրը հայտնեց հետեւյալը. «Համերգները, ցուցահանդեսները,
թատերական ներկայացումներն ապրում են ինքնավար կյանքով, սակայն մեկ մասշտաբային ծրագրի
մեջ նրանց միավորումը թույլ է տալիս արվեստի յուրաքանչյուր տեսակի՝ փայլել նոր գույներով,
ձեռք բերել լայն հնչողություն եւ ներկայացնել մեզ այն, ինչ հասու չէր մինչ այդ: Համոզված
եմ, որ այս օրերին արվեստասեր հասարակայնությունը եւ մեր երաժշտական էլիտան անմոռաց
օրեր ապրեցին»: Փառատոնի փակման օրը Էդվարդ Միրզոյանը գոհունակությամբ նշեց,
որ արդեն ավանդական դարձած այս միջոցառումով Ազգային պատկերասրահը իր հիմնական կոչման
հետ միասին ձեռք է բերում ոչ պակաս գեղեցիկ եւ կարեւոր նոր առաքելություն. «Ուրախությունս
չեմ կարող խոսքերով արտահայտել: Հպարտ եմ, որ վերջապես 21-րդ դարի սկզբում հայերս
ունեցանք նման ներկայանալի միջոցառում»: Տեղեկանալով, որ անվանի կոմպոզիտորը այդ
օրը դժվարությամբ էր հասել եզրափակիչ համերգին «Մեկ ազգ, մեկ մշակույթի» բազմամարդ
միջոցառման պատճառով, հարցրինք, թե հնարավոր չէ՞, արդյոք, «Ազգային պատկերասրահը»,
որը մասնագետների կողմից որակվում է բարձրակարգ միջոցառում, ունենա «Մեկ ազգ, մեկ
մշակույթի» նման պետական հոգածություն, Էդ. Միրզոյանի պատասխանը պարզ էր ու հստակ.
«Գովելի է, որ սփյուռքահայերի ու հայաստանցիներիս համար անցկացնում են մերձեցման
միջոցառումներ, բայց, անկասկած, պետությունը պետք է մտածի նաեւ նման միջոցառումների
մասին, ինչպիսին «Ազգային պատկերասրահն» է ու տեր կանգնի»: Փառատոնի փակմանը ներկա
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին էլ հարցրինք, թե ինքը չի՞ պատրաստվում միջնորդել
կառավարությանը այս միջոցառումը պետական ծրագրում ընդգրկելու համար: Տիկին Պողոսյանը
պատասխանեց. «Կաշխատեմ այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ նման բարձրակարգ միջոցառումները
պետք է ունենան պետական աջակցություն»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել