Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ

Հունիս 30,2006 00:00

ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը
նախորդ օրը հանդիպելով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, տեղեկացրել
էր, որ Ռուսաստանում այս տարվա 5 ամիսների ընթացքում 4 սպանություն է եղել: «Սպանություններից
2-ը բացահայտվել է, քննության ընթացքում որեւէ փաստ չի հայտնաբերվել, որը կվկայեր,
թե սպանությունները տեղի են ունեցել ազգամիջյան հողի վրա»,- ասել էր նա եւ իբրեւ
շարժառիթ նշել էր դրանց շահադիտական բնույթը: Այդպիսի գործերից մեկն էլ այս տարվա
ապրիլի 20-ին Մոսկվայի Կեչերսկայա 15 ա հասցեում գտնվող շուկայում կատարված սպանությունն
էր: 48-ամյա Հայաստանի քաղաքացի Ահմադ Հոտոյի Շարոյանին դանակահարեցին շուկայում,
իր աշխատատեղում, ցերեկվա ժամը 4-ին, հազարավոր մարդկանց աչքի առաջ: Նրան որեւէ մեկը
օգնություն չհասցրեց տալ, քանի որ դանակը 6սմ խորությամբ վնասել էր սիրտը: Տնտեսագիտական
ինստիտուտը եւ ոստիկանության ակադեմիան գերազանց ավարտած Շարոյանը աշխատել է Հայաստանի
ոստիկանությունում՝ օպերատիվ աշխատակից էր, կապիտան, արցախյան ազատամարտի մասնակից:
Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ նրան դանակահարել էին եւ սպանել 5 անձ՝ Սլոյանները:
Վերջիններիս հորեղբայրը, ըստ մեր աղբյուրի, շուկայի տնօրենն էր՝ Միրզա Սլոյանը: Շարոյանը
այդ տարածքի վարձակալն էր, որին հաճախ էին անհանգստացնում շուկայի տնօրենի եղբորորդիները՝
պահանջելով «նալոգ»: Մոսկվայում բնակվող տուժողի եղբայրը՝ Ուսո Շարոյանը երեկ մեզ
հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ սպանության օրը եղբոր մոտ եղել է 30 հազար
դոլար գումար: Նա նաեւ ասաց, որ հանցաշխարհի հետ կապ ունեցող Սլոյաններից խույս տալու
համար, եղբայրը քանիցս գումարներ է տվել նրանց (5 հազար դոլարով, 2-ով, 3-ով), որպեսզի
«նրանք չանհանգստացնեն» իրեն: Մինչեւ երեկ, այսինքն՝ արդեն 5 ամիս է, Ռուսաստանի
ոստիկանները հետախուզում չեն հայտարարել փախուստի մեջ գտնվող Ռուստամ, Զադա, Ջամալ,
Մրազ, Ամեն Սլոյանների նկատմամբ՝ կանխամտածված սպանության համար: Փախուստի մեջ գտնվողներից
մեկը՝ Ջամալը, բժշկական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող է, մյուսը՝ Ամենը, դպրոցական:
Ա. Շարոյանի 70-ամյա մայրը «Առավոտի» միջոցով դիմում է Հայաստանում դեռեւս
գտնվող ՌԴ ՆԳ նախարարին, որ ապահովեն իր սպանված որդու երեք ուսանող երեխաների անվտանգությունը:
Նա նաեւ փոխանցեց. «1915թ. իմ նախնիները Սուրմալու գավառից մազապուրծ Հայաստան հասան:
Ապրիլի 24-ը ողբերգության օր էր: Որդուս սպանությունը ապրիլի 24-ից 4 օր շուտ եղավ:
Եվ մեր ընտանիքի համար թե ապրիլի 20-ը, թե 24-ը համարժեք են»: Այս գործով
քննիչներից մեկը՝ Յուրի Վասիլեւը տուժողի ընտանիքին հավատացրել էր, թե մայիսի 20-ից
հետախուզում է հայտարարել, ինչը, սակայն, բանավոր խոսքից այն կողմ չի իրականացվել:
Հարցաքննվել են վկաներ: Դանակը, որով սպանեցին Շարոյանին, մինչեւ օրս առգրավված
չէ: Եվ մեր տեղեկություններով, Էջմիածնի Մուսալեռ գյուղում գտնվող Սլոյան ավագը «պատվավոր
ազգականների» միջոցով հայտնել էր Շարոյանների գերդաստանին, թե «դանակն իր մոտ է,
կհանձնեմ ձեզ, որ ձեր ձեռքով սպանեք մեղավորին, պայմանով, որ մնացած 4-ին ձեռք չեք
տա»: «Ի՞նչ է, մարդասպա՞ն ենք, ինչո՞ւ արյունը մեր դռանը լինի», ասել են տուժողները:
Դժբախտությունից հետո Մոսկվայում Սլոյանների կրպակներն այլ մարդիկ են աշխատեցնում,
իսկ «ընտանիքն ընդհատակ է անցել»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ.
Գ. Շուկայի տնօրենը մի քանի օր առաջ էր վերադարձել Թուրքիայից: Սպանությունից հետո
օգտագործեց իր կապերը հարազատներին պատասխանատվությունից ազատելու համար: Մոսկովյան
մեր աղբյուրները նշում են, որ նա մեծ կապեր ունի Բորիս Բերեզովսկու մերձավորագույն
շրջանակների հետ: Ունի 30-ից ավելի բնակարաններ, ամառանոցներ, ավտոմեքենաներ: Տուժողները
ուշադրություն էին հրավիրում, որ դեպքը շուկայում է տեղի ունեցել, որի անվտանգությունն
ապահովված չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930