Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

3-4 ամիս՝ առանց ջրի

Հունիս 30,2006 00:00

Անօթեւանների պատճառով գիշերօթիկի երեխաներն էլ են ջրից զրկվել

Արդեն քանի տարի է՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հրաչյա Ներսիսյան 3 հասցեում գտնվող երեք գիշերօթիկների շենքում բնակվում է երկրաշարժից տուժած ու անտուն հինգ ընտանիք: Նրանց ու գիշերօթիկների տնօրենների միջեւ անընդհատ վեճեր են ծագում, քանի որ բնակիչները ոչ միայն փաստացիորեն զբաղեցրել են նրանց տարածքը, նաեւ իրենց զգում են ինչպես սեփական տանը. աղմկում են, անփույթ են օգտագործում ջուրը, որը լցվում է գիշերօթիկների դասասենյակներ: Ինչն էլ տնօրեններին առիթ է տվել անտունների ջուրը փակել: Արդյունքում տուժել են նաեւ թիվ 3 գիշերօթիկի երեխաները, որոնց ննջասենյակները բնակիչների հետ նույն հարկում են գտնվում:

Թիվ 3 գիշերօթիկի երեխաներն արդեն 3-4 ամիս է՝ իրենց ննջասենյակներում եւ զուգարաններում ջուր չունեն եւ խմելու ու կենցաղային խնդիրները լուծելու համար դույլերով ու շշերով ջուր են կրում: Աշակերտները, որոնք զրկված են նաեւ զուգարաններից, ստիպված են իրենց կարիքները պլանավորել ցերեկվա ժամերին, քանի որ ժամը 18-ից հետո տեղափոխվում են ննջասենյակներ: Երեկ, երբ մենք այցելել էինք նշյալ հասցեի գիշերօթիկները, զրույցի ընթացքում տնօրեններն ամեն մեկն իր հերթին հրաժարվեց խոստովանել, որ ջուրն ինքն է փակել, մինչդեռ, արդեն քանի ամիս, անջուր մնացած բնակիչները «խաբար տվեցին», որ «8-րդ գիշերօթիկի տնօրեն Վարդուհի Խեբոյանը մեր ինադու է ջուրը փակել, ասում ա՝ ջուրը թափում եք գլխներիս: Եվ իսկապես, մեր բնակիչներից մեկը ջուրը նորմալ չի օգտագործում, կաթում ա դպրոցի խաղասենյակի, դահլիճի վրա»: Թիվ 8 գիշերօթիկը գործում է այս շենքի առաջին հարկում: Տնօրեն Վարդուհի Խեբոյանի խոսքերով՝ «ես արդեն հոգնել եմ բնակիչներին զգուշացնելուց, որ մեզ չջրեն, էն էլ տեսա բանի տեղ չեն դնում՝ հետներն էլ գլուխ չդրեցի»: Իսկ ինչ վերաբերում է ջուրը փակելուն, չնայած բնակիչների պնդումներին, տիկին Խեբոյանն ասաց. «Ջուրը ես ո՞նց կկտրեմ, ես հո ջրմուղի աշխատո՞ղ չեմ»: Նկատենք, որ բոլորովին պարտադիր չէր ջուրը փակելու համար ջրմուղի աշխատող լինել, քանի որ ջուրը փակված էր թիվ 3 գիշերօթիկի նկուղից: Այս կրթօջախի տնօրեն Սիմոն Սիմոնյանը վստահեցրեց, որ նկուղը թեեւ փաստաթղթերով իրենց է պատկանում, բայց 8-րդ գիշերօթիկի գույքն է այդտեղ պահվում, հետեւաբար բանալիները տիկին Խեբոյանի մոտ են: Չնայած Վ. Խեբոյանը համառորեն պնդում էր, որ ինքը փակելու հետ որեւէ կապ չունի: Ի պատասխան Վ. Խեբոյանի հերքումների՝ Ս. Սիմոնյանը առաջարկեց. «Էդ դեպքում, եթե ես եմ փակել, ինչի՞ չեն գնում ջրի վինտիլը բացեն ու այս ամենին վերջ դնեն»:

Ճիշտ է, տնօրենները չէին ցանկանում մեկը մյուսին բացահայտ մեղադրել, սակայն ակնհայտ էր, որ ջուրը փակողը նրանցից մեկն էր: Եվ ըստ էության նպատակը անտուններին իրենց տարածքից դուրս բերելն էր: Բացի այն, որ դպրոցում ժամանակավոր օթեւանած բնակիչները ծայրահեղ վատ պայմաններում են ապրում, ջրի բացակայությունն այս ամռան շոգին է՛լ ավելի էր վատթարացրել նրանց վիճակն ու սանիտարահիգիենիկ պայմանները: Բնակիչները ջուր չունենալու պատճառով զուգարանները չեն կարողանում օգտագործել, եւ ստիպված բնական կարիքները հոգում են տոպրակների մեջ ու պատուհանից ցած նետում:

ԼՈՐԱ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել