Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՄԵԶ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ»

Հունիս 30,2006 00:00

Մոտ 5 տարի աշխատելուց հետո «Հայջրմուղկոյուղի»
ընկերության նախկին աշխատակիցը նախկին «շեֆի» ցոփ ու շվայտ կյանքի, անտեղի շռայլությունների
մասին բարձրաձայնում է: «Ինձ ուղղակի պարտադրեցին քողազերծել այն ընկերության
գործունեության առանձին ստվերները, որտեղ ես աշխատել եմ ու բացահայտել նրա վարք ու
բարքի արատավոր կողմերը, որոնք ծածուկ են պահվում: Ինձ համար, օրինակ, ներքին խոհանոցի
մութ կողմերը փոքր-ինչ լուսավորվեց բոլորովին վերջերս, պատահականորեն՝ ընկերության
պատերից դուրս։ Խոսքը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ՟ի մասին է, որի կառավարումը 2004-ի
նոյեմբերից չորս տարով ստանձնեց ֆրանսիական «Սաուր» կազմակերպությունը։ Կառավարիչ
Պատրիկ Լորենը հենց առաջին օրերից իրեն պահեց ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ պես՝ քամահրանքով
վերաբերվելով տեղացի աշխատակիցներին ու կողմնակալ վերաբերմունք դրսեւորելով նրանց
նկատմամբ: 2006-ի հունվարի 1-ից ընկերության գլխավոր տնօրենն ինձ ու մի շարք
այլ մասնագետների ազատեց աշխատանքից։ Եվ քանի որ մեր բաժանումը հաշտ ու խաղաղ պայմաններում
չեղավ, կառավարիչը, ինչպես ասում են, «կողի ընկավ» եւ արհամարհելով ՀՀ աշխատանքային
օրենսգրքի պահանջները՝ համառորեն հրաժարվեց կատարել իմ եւ մյուս ազատված աշխատակիցների
վերջնահաշվարկը: Դիմեցի Կենտրոն եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարան (դատավոր՝
Ներսիսյան), եւ վճիռը հօգուտ ինձ կայացվեց: Սակայն դատավճիռն էլ անդրդվելի թողեց
ընկերության տնօրենին։ Նա կրկին մերժեց օրինական հասանելիքս վճարելու մասին գրավոր
դիմում-պահանջս եւ նույնիսկ երկու՟երեք րոպեով իր հետ զրուցելու առաջարկս չընդունեց։
Հարց է առաջանում, ինչո՞ւ է այսքան կամակոր ու ինքնավստահ ֆրանսիական «Սաուրի»
հայաստանյան կառավարիչը։ Պատասխանը, ըստ իս, մեկն է՝ որովհետեւ անձեռնմխելի է, հետեւաբար՝
անխոցելի, ուստի նրա նկատմամբ զսպման ոչ մի մեխանիզմ չի կիրառվում։ Ֆրանսիական
«Սաուրի» հետ ստորագրած կառավարման պայմանագրի վարկային համաձայնագիրը Ազգային ժողովում
վավերացնելիս 130 պատգամավորներից ոչ մեկին չհետաքրքրեց, թե ընկերությունն այդ ի՞նչ
վարկային ծրագիր է ներկայացնում, ինչպես է ծախսելու վարկային միջոցները, ում քթից
է դրանք դուրս գալու: Իրականում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից տրվող
23 միլիոն դոլար վարկից մոտ 10 մլն-ն ընկերությունը ներկայացրել էր որպես կառավարման
ծախս, ինչն ուղղակի ծաղր է վարկառու երկրի հասցեին։ Ավելին, որեւէ մեկի մտքով չանցավ,
որ մեր երեխաների, թոռների ու ծոռների ուսերին ծանրացող 23 մլն վարկային բեռը, առավել
եւս 10 մլն կառավարման ծախսերը հիմնականում ծառայեցվել են որոշ օտարերկրացիների բարեկեցության
պահպանմանը եւ ոչ թե մեր մաշված, շարքից դուրս եկած ջրատարների, ջրատնտեսական այլ
կառույցների վերակառուցմանը, բարեփոխմանը։ Պատրիկ Լորենը տարեկան 70-80 օր
արձակուրդում է, Փարիզը դարձել է ջրի ճամփա։ Երկու հսկա առանձնատներ է վարձել Երեւանում։
Մեկում ապրում է ընտանիքով, մյուսը իր հինգ երեխաների համար որպես դպրոց է ծառայում։
Այսինքն, նաեւ դասատուներ է վարձել՝ նրանց ամսական վճարելով մոտ 6-7 հազ դոլար։ Եվ
այդ ամենը՝ կառավարման ծախսերի հաշվին։ Հինգ ֆրանսիացի մասնագետ է բերել հետը եւ
կառավարման հենց առաջին օրերին նրանց տրամադրել նոր, ժամանակակից ծառայողական մեքենաներ
ու թանկ վարձակալած բնակարաններ։ Եկվորների աշխատավարձը հայաստանյան մասնագետների
աշխատավարձից մի քանի անգամ ավելի է, մինչդեռ մերոնք են կրում ընկերության աշխատանքի
հիմնական ծանրությունը: Իսկ որքան աշխատավարձ է ստանում Պ. Լորենը, ինչքան որ ինձ
է հաջողվել տեղեկանալ՝ մոտ 18 հազար դոլար: Այսպես, արտասահմանցիները գալիս են, ստանձնում
հայաստանյան ընկերությունների կառավարումը, իրենց օժտում լայն լիազորություններով,
առատորեն օգտվում վարկային միջոցներից ու մեզ՝ տեղացի աշխատողներիս աշխատավարձերն
էլ չեն ուզում տալ»: ԾՈՎԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ Երեկ
երբ հրապարակման առնչությամբ պարզաբանում խնդրեցինք նաեւ «Հայջրմուղկոյուղուց», ընկերությունից
հայտնեցին, որ տնօրեն Պատրիկ Լորենը աշխատանքային այցով գտնվում է Եղեգնաձորում:
Նրա պարզաբանմանը կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930