Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԿԵՏԻ՞Ն

Հունիս 30,2006 00:00

ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԿԵՏԻ՞Ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ
Մեթյու Բրայզայի բացահայտումները նաեւ լակմուսի թուղթ էին՝ պարզելու, թե մեր երկրում
քանի՞սն են իրականում տեղյակ բանակցային գործընթացի մանրամասներին: Ասենք,
խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հունիսի 7-ին հայտարարել էր. «Մենք կանցկացնենք
կրկնակի հանրաքվե միայն այն պայմաններում, եթե Ադրբեջանը նախապես ասի, որ ինքը ճանաչելու
է այդ հանրաքվեի արդյունքները, այսինքն՝ ճանաչելու է Ղարաբաղի բնակչության ինքնորոշման
իրավունքը: Այսինքն՝ Ադրբեջանը հիմիկվանից պետք է ասի, որ համաձայն է ճանաչել հանրաքվեի
արդյունքները, նույնիսկ, եթե դրանք նրան դուր չգան: Սա է նրանց զիջումը, որ պիտի
անեն ու չեն անում: Սա է պատճառը, թե ինչու են բանակցություններն այսպես անարդյունավետ»:
Սակայն Բրայզայի հարցազրույցից հետո Հայաստանի ԱԳՆ հայտարարությունից ակնհայտ դարձավ,
որ Ադրբեջանն առնվազն այդ զիջումն արել է. «Բանակցությունների ընթացքում ի հայտ եկած
անհամաձայնությունները չեն վերաբերում հանրաքվեին՝ այդ հարցը նախագահների միջեւ արդեն
համաձայնեցված է: Տարաձայնությունները վերաբերում են ԼՂ ռազմական կոնֆլիկտի առաջացրած
հետեւանքների վերացման հերթականությանը»: Այժմ մեր հարցին, թե ստացվում է, որ պետության
մեջ առանցքային դերակատարություն ունեցող պաշտոնյա՞ն անգամ իրազեկ չէ բանակցություններից՝
Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ: Ես շատ լավ իրազեկ եմ: Դուք սխալվում եք»:
Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս բացատրել իր եւ ԱԳՆ-ի հայտարարության մեջ առկա պնդումների
հակասությունը՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Այստեղ հակասություն չկա: Ադրբեջանը
զիջում չի անում ժամկետի՛ հարցում. նա համաձայն է, որ հանրաքվեով պիտի լուծվի: Բայց
Ադրբեջանը համաձայն չէ արձանագրել դա ժամկետով, որ օրինակ՝ 5 կամ 10 տարի հետո նշանակում
ենք այդ հանրաքվեն եւ դրան պատրաստում բոլոր անհրաժեշտ նախապայմանները, այդ թվում՝
նաեւ դիտորդական խմբերը: Սրան է, որ Ադրբեջանը համաձայն չէ՝ ես շատ լավ տեղյակ եմ»:
Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930