Լրահոս
Օրվա լրահոսը

Քելբաջարը՝ հանրաքվեից հետո

Հունիս 30,2006 00:00

Մեկնաբանում
է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ԶԼՄ-ների
խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 22-ի հայտարարությունը՝
ասել է, թե «ներկայումս սեղանի վրա գտնվող սկզբունքների վերաբերյալ հիմնարար փաստաթուղթը
ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների վերադարձի, փախստականների
վերադարձի, անվտանգության, խաղաղապահ ուժերի հարցերը, ինչպես նաեւ ցանկացած այլ հարց,
որն անհրաժեշտ է հակամարտության երկարատեւ կարգավորման հասնելու համար»: Հարցին,
թե որո՞նք են համանախագահների հիշատակած «հատուկ ձեւաչափերը» Քելբաջարի եւ Լաչինի
շրջանների նկատմամբ, Վ. Օսկանյանը պատասխանել է. «Այս ընդարձակ ձեւակերպումն ունի
երկու մակարդակ. մեկը Լաչինի հարցն է, որի սկզբունքների շուրջ բուն բանակցային տեքստի
հստակ ձեւակերպումն այս է լինելու՝ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք»:
Հայաստանի համար շատ հստակ է, որ այդ միջանցքը ԼՂ-ի հետ պետք է ունենա նույն կարգավիճակը:
Երկրորդ մակարդակը վերաբերում է Քելբաջարին. Հայաստանի համար սա նույնպես հստակ է.
ելնելով անվտանգության մտահոգություններից՝ Քելբաջարը կարող է վերադարձվել միայն
հանրաքվե անցկացնելուց եւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշումից հետո: Սա այն անհամաձայնությունն
է, որին համանախագահները հղում են կատարում իրենց հայտարարության մեջ: Բուն բանակցային
տեքստում այս հարցի վերաբերյալ համանախագահների ձեւակերպումները, ընդհանուր առմամբ,
համահունչ են մեր մոտեցմանը»: Ըստ համանախագահների, նախատեսվում է հանրաքվե/բնակչության
քվեարկություն «ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար», սակայն չի
նշվում, թե ով է քվեարկելու: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ սկզբունքների վերաբերյալ
բուն բանակցային տեքստը հստակ ձեւակերպում ունի. «Վերջնական իրավական կարգավիճակը
կորոշվի հանրաքվեի/բնակչության քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի բնակչության
կողմից»: Համանախագահները նաեւ նշել են, որ «որոշ միջանկյալ պայմանավորվածություններ
կլինեն, որոնք կապահովեն ԼՂ-ի շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ»:
Ըստ Վարդան Օսկանյանի, «սա բուն բանակցային տեքստում ԼՂ կարգավիճակին վերաբերող տարրերից
միայն մեկն է: Նախարարի փոխանցմամբ, «բուն բանակցային տեքստը ամրագրում է նաեւ ԼՂ
բնակչության այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են՝ իրենց քաղաքական եւ տնտեսական կենսունակությունն
ու անվտանգությունը վերահսկելու, անհատական արտոնություններն ու ազատությունները
պահպանելու, ԼՂ-ն ղեկավարելու համար իշխանություններին ժողովրդավար կերպով ընտրելու
իրավունքները, ինչպես նաեւ օրենք ստեղծելու եւ ներքին գործերը կառավարելու լիազորությունները»:
Ի պատասխան փաստաթղթի բովանդակության վերաբերյալ ՀՀ գնահատականին առնչվող
հարցի՝ Վ. Օսկանյանը հայտարարել է. «Սա կատարյալ փաստաթուղթ չէ որեւէ մեկի համար:
Այդուամենայնիվ, դա բավականաչափ հիմնավոր եւ հավասարակշռված, ճիշտ փոխադարձ զիջումներով
կետեր է պարունակում»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել