Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐՈՒՍՏՐԱՑԻԱ

Հունիս 30,2006 00:00

ԵԱՀԿ
Մինսկի խմբի հիասթափությունն է արձանագրում ԱԺ փոխնախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: – ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը եւ համանախագահողների միասնական հայտարարությունը
ԵԱՀԿ մշտական խորհրդում դիտարկվում են նաեւ իբրեւ փորձ՝ հասարակությանը ներքաշելու
բանավեճի մեջ: – Մեթյու Բրայզայի հանկարծակի ելույթը նախ մի քիչ անփորձություն
էր թերեւս. առաջին անգամ էր նա այս դերակատարության մեջ: Բացի այդ՝ ինձ թվում է,
որ նա (կամ նրանք) փորձ է արել ձեւ գտնել Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությանը
ինչ-որ ձեւով նախապատրաստել փոխզիջումների: Ըստ ամենայնի, Բրայզան փորձել է կոչ անել,
թե մի տրվեք մարտաշունչ տրամադրություններին: Մի տրվեք, ասենք, Հայաստանում նրանց
տրամադրություններին, որոնք ասում են՝ «ոչ մի թիզ», կամ Ադրբեջանում նրանց տրամադրություններին,
ովքեր ասում են, թե հարցը լուծելու են ռազմական ճանապարհով ու միայն ու միայն մեր
տարածքային ամբողջականության մասին է լինելու խոսքը: Կարծում եմ, որ համանախագահողներն
ուղղակի փորձել են շրջանցել ինչ-որ շրջանակների՝ Ադրբեջանում դա պետական շրջանակն
է, իսկ Հայաստանում շատ էլ հասկանալի չէ, թե ովքեր են: Մեր պարագայում, կարծում եմ,
ուղղակի բալանսը պահելու համար է դա ասվել: Մի կարեւոր հարց էլ կա. Բրայզայի
հարցազրույցից հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Թարիր Թաիզադեն հայտարարեց, թե նրա հրապարակած
«շրջանակային համաձայնագիրը» չի հակասում ադրբեջանական կողմի դիրքորոշմանը: Տրամաբանական
հարց է առաջանում՝ բա եթե այդպես է, ինչի՞ չստորագրեցիք համաձայնագիրը: –
Մեթյու Բրայզային մեղադրեցին անփորձության եւ աննախադեպ քայլի համար, մինչդեռ՝ մինչ
նրա հարցազրույցն էին համանախագահողներն արդեն հրապարակել կարգավորման սկզբունքները:
– Այո, համանախագահողների հայտարարության մեջ, որտեղ նկատվում են հիասթափության
որոշ տարրեր՝ շատ ավելի ծավալուն է բացված բանակցությունների էությունը: Բայց Բրայզան
օրինակ լռել է մի կարեւոր հարցի մասին: Նշելով Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ հատուկ
մոտեցման մասին՝ համանախագահները չեն ասել, թե դրանք էլ են հետո տրվելու Ադրբեջանին,
այլ հայտարարել են, թե այդ տարածքները հետո ապառազմականացվելու են: Հիմա դե թող սա՛
էլ կարդան Ադրբեջանում ու հասկանան, թե ինչին էր շատ մոտ կանգնած իրենց նախագահը:
– Արտահոսքի նպատակը համարում եք հասարակությանը փոխզիջումներին նախապատրաստելը,
սակայն համանախագահողների հայտարարության մեջ առավել շեշտադրված է նախագահների մոտ
անհամաձայնությունները հաղթահարելու քաղաքական կամքի բացակայությունը: – Անշո՛ւշտ:
Բայց նաեւ խոսել են հասարակություններում ծավալուն բանավեճ սկսելու անհրաժեշտության
մասին: – Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ հետեւանքներով է հղի միջնորդական ջանքերի դադարեցումը:
Եթե Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, թե շուտով իր պաշտպանության նախարարության
բյուջեն կհավասարեցնի Հայաստանի ամբողջ բյուջեին՝ արդյոք միջնորդների մի կողմ քաշվելը
չի՞ առաջացնում պատերազմի վտանգ: – 1992-1994-ին, երբ Ադրբեջանը ջախջախիչ
պարտություն էր կրում բոլոր ճակատներում՝ նրանց բյուջեն նորից մի քանի անգամ ավելին
էր մեր բյուջեից, եւ նրանց ռազմական բյուջեն Հայաստանի այն ժամանակվա բյուջեին երեւի
թե հավասար էր: Նման հարցերը միայն բյուջեով չէ, որ լուծվում են, եւ Ադրբեջանը դա
շատ լավ գիտի: Այլապես՝ նրա բյուջեն այսօր էլ է բավական մեծ, եւ ինչու չէ՝ եթե սկսող
էր, կարող էր սկսել: Ես, իհարկե, նկատի չունեմ, որ ոչ մի վտանգ չկա: Անշուշտ, Ադրբեջանը
ԼՂՀ-ի եւ Հայաստանի համար ամենակարեւոր սպառնալիքն է: Պատրաստ լինելով այդ սպառնալիքին՝
պիտի ամրապնդենք մեր դիմադրողականությունը բոլո՛ր ասպարեզներում: Ադրբեջանի կողմից
զիջումների հնարավորություն դեռեւս չի երեւում, ուրեմն՝ պետք է մեր ջանքերն ուղղենք
միջազգային ինստիտուտների կողմից (անպայման չէ՝ ՄԱԿ-ի մակարդակի) ԼՂ ճանաչման վրա:
Ընդհանրապես, պետք է ասեմ, որ Ադրբեջանն այս հարցում հասավ իր նպատակին: Մի
քանի տարի է՝ նրանք Մինսկի խումբը վարկաբեկելու, անհաջողության մատնելու փորձեր էին
ձեռնարկում: Եվ փաստորեն անզիջող դիրքորոշմամբ կարողացան հասնել այս ֆրուստրացիոն,
հիասթափված տրամադրությանը խմբում, որն արտահայտված է հայտարարության մեջ: –
Մեկնաբանություններ կան, թե նման բացահայտումներով հրահրվում է իշխանափոխություն,
ժողովրդային ալիք, քանի որ համանախագահողներն ակնհայտ դարձրին, թե Ռոբերտ Քոչարյանը
համաձայնել է տարածքներ հանձնելուն՝ ուղղակի բանակցել է որոշակի մանրամասների շուրջ:
– Եթե այդ վերլուծաբաններն այդքան լավ են հասկանում, որ իշխանափոխությունը
հրահրվում է դրսից՝ կարծում եմ, դա կհասկանա նաեւ մեր ժողովուրդը, որի վրա նրանք
հույս են դնում: Իսկ դրսից հրահրված իշխանափոխությունը Հայաստանում չի՛ ստացվի: Ինչ
վերաբերում է տարածքներ հանձնելուն՝ այն, որ Հայաստանի իշխանությունների որոշ մասի
համար ընդունելի տարբերակ է փոխզիջումներն ընկալելը որպես որոշ տարածքների վերադարձ՝
գաղտնիք չէ արդեն մի քանի տարի: Եվ եթե ինչ-որ մարդկանց համար սա այսօր շոկային ու
հանկարծակի բացահայտում էր, ապա նրանց տգիտության վրա կարող եմ միայն զարմանալ: Զրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930