Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄԱՍՏ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ»

Հունիս 29,2006 00:00

Մինսկի
խմբի համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ մշտական խորհրդում  Վիեննա,
22 հունիսի, 2006թ. Պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, տիկնայք եւ պարոնայք.
Անցած տարվա նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբը զեկուցեց այս խորհրդին, որ Լեռնային
Ղարաբաղի հակամարտության երկու կողմերը հակված են բանակցային փուլից անցում կատարել
դեպի որոշում ընդունելու փուլ եւ այն, որ հակամարտության կարգավորման պատմական հնարավորություն
կա 2006թ.-ին: Վերջին 7 ամիսների ընթացքում մենք ակտիվացրել ենք մեր միջնորդական
աշխատանքներն ու ջանք չենք խնայել, որ երկու կողմերը համաձայնության գան խնդրի կարգավորման
հիմնական սկզբունքների շուրջ: Մենք միասին երեք անգամ եղել ենք Բաքվում եւ Երեւանում
եւ մի քանի անգամ առանձին այցեր ենք կատարել, կազմակերպել ենք երկու հանդիպում Հայաստանի
եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ եւ երկու վեհաժողով նախագահներ Քոչարյանի
ու Ալիեւի միջեւ. առաջինը՝ փետրվարին Ռամբույեում, իսկ երկրորդը՝ հունիսի սկզբին
Բուխարեստում: 1997թ. ի վեր, երբ գործում է Մինսկի խմբի համանախագահության ընթացիկ
ձեւաչափը, առաջին անգամ համանախագահող երկրների ներկայացուցիչները՝ արտաքին գործերի
փոխնախարարների մակարդակով համատեղ այցով մայիսին եղան տարածաշրջանում, որպեսզի երկու
երկրների նախագահներին հստակորեն ցույց տան, որ 2006-ը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի
հարցով համաձայնության կայացման հնարավորության անհրաժեշտ պատուհան: Փաստորեն, պատվիրակությունը,
որի կազմում էին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ԱՄՆ փոխպետքարտուղար
Դենիել Ֆրիդը եւ բարձրաստիճան ֆրանսիացի դիվանագետ Պիեռ Մորելը, որ ներկայացնում
էր Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս Լաբուլեին,
հայտնեց երկու երկրների նախագահներին, որ համանախագահող երկրներն ակնկալում են, որ
խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության կայացման հնարավորությունը
նախագահները կօգտագործեն հունիսի սկզբին Բուխարեստում կայանալիք իրենց հանդիպման
ժամանակ: Մեր փոխնախարարներն ասացին երկու նախագահներին, որ հիմնական սկզբունքների
շուրջ համաձայնության կայացումը Մեծ ութնյակի՝ հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք
վեհաժողովից առաջ, կապահովի լայն միջազգային աջակցություն ու ֆինանսական աջակցության
բարձր աստիճան հետհակամարտային վերականգնողական ու խաղաղապահ գործունեության համար:
Ինչպես միշտ, մենք շեշտեցինք մեր երկրների ու միջազգային հանրության համոզմունքը,
որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ուղին խնդրի խաղաղ կարգավորումն
է: Ավելին, մենք շեշտեցինք, որ երկու երկրների ղեկավարները իրենց ժողովրդին պետք
է նախապատրաստեն խաղաղության ու ոչ պատերազմի: Պ-ն նախագահ. Մեր փոխնախարարները
նախագահներ Քոչարյանին ու Ալիեւին առաջարկեցին հիմնարար սկզբունքների մի փաթեթ, որը,
մեր կարծիքով, արդարացի է, հավասարակշռված, գործունակ ու երկու կողմերի համար կարող
է ճանապարհ հարթել կարգավորման հեռանկարային համաձայնագրի մշակման համար: Մենք շարունակում
ենք հավատալ այս սկզբունքներին ու կոչ ենք անում նախագահներին այն ընդունել հիմք
համաձայնության համար: Ցավոք, այդպիսի համաձայնության նախագահները Բուխարեստում չեկան:
Որպես այս գործընթացի միջնորդներ, մենք չենք խախտի նրանց դիվանագիտական երկխոսության
գաղտնիությունը, քանի որ մենք շարունակում ենք հուսալ, որ նրանք համաձայնության կգան:
Այս պահին, պ-ն նախագահ, մենք պարտավոր ենք Ձեզ, այս Խորհրդին, որը ֆինանսավորում
է ապահովել չափազանց ակտիվ բանակցությունների վարման համար, միջազգային հանրությանը,
եւ որ ավելի կարեւոր է, Հայաստանի ու Ադրբեջանի լայն խավերին ծանոթացնել այն հիմնական
սկզբունքներին, որոնք ներկայացվել են երկու նախագահների քննությանը: Նշենք,
որ համանախագահող երկրների կողմից երկու նախագահներին առաջարկված սկզբունքներն անօդ
տարածությունում չեն մշակվել, այլ հանդիսանում են մեր նախորդների կողմից մշակված
ավելի քան ինը տարվա մանրամասն առաջարկների արդյունքը: Չնայած կողմերն այդ առաջարկները
չեն ընդունել, մեր նախորդների աշխատանքը մեզ համար կարեւոր հիմք է հանդիսանում: Մեր
մոտեցումը վերանայվել է. մենք չենք փորձել մի փուլով կարգավորել հակամարտության բոլոր
ասպեկտները: Դրա փոխարեն մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ հասնենք նշանակալի
առաջընթացի, սակայն մի քանի չափազանց դժվար հարցերի կարգավորումը թողնել ապագային
ու նախատեսել հետագա բանակցություններ: Այսինքն, գործնական ու հավասարակշռված կերպով
կարգավորվում են այն հարցերը, որոնք կարող են անմիջապես կարգավորվել: Այս սկզբունքները
ներառում են հայկական զորախմբերի փուլային հանումը Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական
տարածքներից՝ հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ:
Հետեւելու է այս տարածքների ապառազմականացումը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական
կարգավիճակը որոշելու համար ապագայում նախատեսվում է հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն,
որի ժամկետը սահմանված չէ: Կողմերը պարտավորվելու են շարունակել բանակցությունները
այդ հանրաքվեի ժամկետն ու ձեւաչափը որոշելու համար: Որոշակի միջանկյալ պայմանավորվածություններ
կլինեն, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների
հետ: Կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր: Կստեղծվի համաձայնագրի իրականացման
հարցերով համատեղ հանձնաժողով: Միջազգային ֆինանսական աջակցություն կապահովվի ականազերծման,
վերականգնողական աշխատանքների ու ներքին տեղահանվածներին նախկինում օկուպացված ու
Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած տարածքներում վերաբնակեցնելու նպատակով: Կողմերը
հրաժարվում են ուժ կիրառելուց կամ այդպիսի սպառնալիքներ ներկայացնելուց, ու ապահովում
են միջազգային ու երկկողմ անվտանգության երաշխիքներ ու հավաստիացումներ: Լեռնային
Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման նպատակով անցկացվելիք հանրաքվեի կամ համընդհանուր
քվեարկության գաղափարի մասով կուզենայինք նշել, որ դա պետք է լինի երկու կողմերի
բանակցային համաձայնության արդյունքը: Պետք է լինեն համապատասխան նախադրյալներ, որպեսզի
քվեարկությունը անցկացվի մի միջավայրում, որտեղ չկա պարտադրանք, իսկ իրազեկ քաղաքացիներն
ունեն իրենց դիրքորոշումները կշռադատելու լայն հնարավորություններ հրապարակային եռանդուն
բանավեճերից հետո: Պ-ն նախագահ. Սա այն էր, ինչ մենք առաջարկել էինք
նախագահներին, բայց նրանց չհաջողվեց համաձայնության գալ: Չնայած դրան, մենք բազմիցս
երկու կողմերից լսել ենք, որ նրանք երբեք այսքան մոտ չեն եղել համաձայնությանը: Սա
հնարավորության ողբերգական կորուստ կլինի երկու նախագահների համար, եթե նրանք թույլ
տան, որպեսզի 2006-ին այս հնարավորության պատուհանը փակվի՝ առանց անգամ համաձայնության
գալու Լեռնային Ղարաբաղի համերաշխության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ:
Ինչպես դուք գիտեք, 2007 եւ 2008թթ. ընտրություններ են նախանշվում նախ Հայաստանում,
ապա նաեւ Ադրբեջանում: Մենք անցյալում տեսել եք, թե ինչ բացասական ազդեցություն կարող
են ունենալ ազգային ընտրությունները բանակցությունների վրա, եւ մենք շարունակում
ենք հավատալ, որ հիմա է այն ժամանակը, երբ երկու նախագահները պետք է հանդես բերեն
քաղաքական կամք՝ միասին դեպի խաղաղություն խիզախ քայլ անելու համար: Պ-ն նախագահ.
Որպես համանախագահներ, մենք սպառել ենք մեր երեւակայությունը այս սկզբունքները
ճանաչելու, ձեւակերպելու եւ վերջնական տեսք տալու մեջ: Մենք չենք հավատում, որ լրացուցիչ
այլընտրանքային տարբերակները, որ առաջ կքաշվեն միջնորդների կողմից՝ կողմերի հետ լրացուցիչ
հանդիպումների ընթացքում, կբերեն այլ արդյունքների: Մենք հուսով ենք, որ Մշտական
Խորհուրդը կմիանա մեզ՝ հորդորելու հակամարտության կողմերին հնարավորինս շուտ հասնել
համաձայնության այն հիմնական սկզբունքների շուրջ, որ մենք առաջարկել ենք: Եթե երկու
կողմերը չեն կարող համաձայնության գալ այն սկզբունքների շուրջ, որ մենք առաջ ենք
քաշել, մենք հավատում ենք, որ հիմա իրենցից է կախված աշխատել միմյանց հետ այլընտրանքային
համաձայնության հասնելու համար, որը երկուսի համար էլ ընդունելի կլինի: Մենք պատրաստ
ենք շարունակել օգնելը: Որպես միջնորդներ, մենք չենք կարող կողմերի փոխարեն դժվարին
որոշումներ կայացնել: Մենք կարծում ենք, որ այս պահին կողմերին օգտակար կլինի թույլ
տալ իրենց հանրություններին ներգրավվել առողջ քննարկումների մեջ այս հարցի վերաբերյալ
առկա բազմաթիվ տեսակետների շուրջ: Մենք վստահ ենք, որ հասարակություններից եւ ոչ
մեկը չի ուզում հակամարտության վերսկսում, եւ մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի
ղեկավարներին՝ աշխատել իրենց հասարակության եւ միմյանց հետ ձեւակերպելու հիմնական
սկզբունքների մի համաձայնագիր, որն ընդունելի կլինի երկուսի համար: Վերջին հաշվով,
երկու կողմերն են, որոնք պատասխանատվություն կկրեն իրենց ժողովուրդների եւ միջազգային
հանրության առջեւ, եթե նրանք գործողությունները բերեն պատերազմի եւ ոչ թե խաղաղության:
Պ-ն նախագահ. Մենք չենք տեսնում իմաստ այս պահին շարունակելու վերջին
մի քանի ամիսների ինտենսիվ միջնորդային դիվանագիտությունը: Մենք նաեւ իմաստ չենք
տեսնում՝ նախաձեռնելու լրացուցիչ հանդիպումներ նախագահների միջեւ, մինչեւ նրանք չցուցադրեն
մնացած անհամաձայնությունները հաղթահարելու բավարար քաղաքական կամք: Իհարկե, համանախագահները
կշարունակեն մնալ հասանելի երկու կողմերին՝ հավատարմորեն եւ անկողմնակալ կերպով ծառայելու
որպես միջնորդներ: Միջնորդները գործելով կատարյալ միասնականության մթնոլորտում՝ ներկայացնում
են մի փաստաթուղթ, որն արտացոլում է մեր եռանդուն աշխատանքը, եւ վստահ են՝ հիմա ժամանակն
է, որ երկու նախագահները ձեռնամուխ լինեն կարգավորման գործընթացում առաջխաղացում
կատարելուն: Սա միակ ճանապարհն է՝ ամրապնդելու այն դրական արդյունքները, որոնք արդեն
ձեռք են բերվել բանակցությունների վերջին երկու տարվա ընթացքում, որպեսզի ավելի ուշ
կարիք չլինի բանակցությունները վերսկսել զրոյից: Մենք զգոն կմնանք: Մենք կշարունակենք
մեր վերլուծությունները եւ խորհրդակցությունները՝ մեր միացյալ եւ արդյունավետ ձեւաչափով,
Մինսկի խմբի համանախագահների մեր շարունակվող դերում, դեսպան Կասպրչիկի եւ նրա թիմի
օգնությամբ: Մենք պատրաստ կլինենք նորից մասնակցել, եթե իրոք կողմերը որոշեն շարունակել
բանակցություններն այն քաղաքական կամքով, որը մինչեւ այժմ բացակայել է: Եզրափակելով,
պ-ն նախագահ, մե նք ուզում ենք արտահայտել մեր անկեղծ երախտապարտությունը գործող
նախագահ պ-ն դե Գուխտին, որի հետաքրքրությունը եւ մշտական ուշադրությունը Լեռնային
Ղարաբաղի կարգավորման հարցերին, այդ թվում նրա բացման խոսքը Բուխարեստում երկու նախագահների
վերջին հանդիպման ժամանակ, մեծապես նպաստել է 2006թ. առաջին կեսի մեր աշխատանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել