Ասում
է Լոնդոնի Russan Orchestra եւ East European Virtuosi նվագախմբերի գլխավոր դիրիժոր
Ջուլիան Գալանտը, ով ծանոթ է նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի սիմֆոնիկ նվագախմբերին:
Արտերկրում հայտնի Ջ. Գալանտը համերգներով (որպես դաշնակահար եւ դիրիժոր)
հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Զրույցի սկզբում նա տեղեկացրեց, որ 1997-ին Վրաստանում,
1999-ին՝ Ադրբեջանում ղեկավարել է տեղի սիմֆոնիկ նվագախմբերը: Մեր ֆիլհարմոնիկի հետ
փորձից առաջ (համերգը՝ հուլիսի 1-ին) դիրիժորին խնդրեցինք զուգահեռներ անցկացնել
Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նույնանուն կոլեկտիվների միջեւ: Ըստ Ջ. Գալանտի,
հասկանալի պատճառով Անդրկովկասի հանրապետությունների սիմֆոնիկ նվագախմբերի միակ նմանությունը
խորհրդային մտածողությունն է. «Պետք է ասեմ, որ Հայաստանում կա ազգային կոմպոզիտորական
դպրոցի հսկա ու բարձրարվեստ ժառանգություն: Ինչ վերաբերում է հայ կատարողական դպրոցին,
միանշանակ առաջնությունը կտայի հայ երաժիշտներին»: Հետաքրքրությանը՝ Բրիտանիայում
դասական գործիքներով նվագողների գերակշիռ մեծամասնությունը ռուս երաժիշտներ են եւ
արդյոք դա՞ է պատճառը, որ դիրիժորը 1999-ին ստեղծել է ռուսական երաժիշտներից կազմված
սիմֆոնիկ նվագախումբ, Ջ. Գալանտը պատասխանեց. «Բրիտանիան աշխարհին հայտնի է փողային
գործիքների բարձրակարգ երաժիշտներով: Իմ երկիրը հաճույքով է ընդունում արտերկրից
լավ երաժիշտներին, այո, առանց դրա բրիտանական դասական երաժշտական արվեստը թերի կլիներ:
Երաժիշտը չպետք է լինի ազգայնամոլ, այլ լինի կրողը տարբեր մշակույթների: Միեւնույն
է՝ ցանկացած կատարումից պրոֆեսիոնալ ունկնդրին հասկանալի է դառնում, թե տվյալ երաժիշտը
որ ազգի ներկայացուցիչն է»: Հունիսի 29-ը Եվրոպայում նշվում է որպես դասական
երաժշտության օր: Այս առիթով էլ հետաքրքրվեցինք, թե մասնավորապես Բրիտանիայում այն
ինչպես է տոնվում: Ջ. Գալանտը հայտնեց, որ այդ օրը ողջ Բրիտանիայով մեկ կայանում
են բացօթյա համերգներ: Նվագախմբերը, անհատ կատարողները դահլիճներից դուրս են գալիս
հրապարակ: Ելնելով երեւանյան ազդագրերից եւ մեր անցկացրած հարցախույզից, Եվրոպա
ձգտող հայ երաժիշտներից շատերը չգիտեին անգամ վերոնշյալ տոնի մասին: Միայն Երեւանի
պետկոնսերվատորիայի համերգային եւ մրցութային գործունեության բաժնի ղեկավար Աննա
Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ հիշյալ օրը կոնսերվատորիան, ԱՕԿՍ-ի «Հայաստան-Ֆրանսիա»
ընկերությունը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը կոնսերվատորիայի դիմացի պուրակում
կազմակերպել են համերգ. «Հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների երկերի մեկնաբանմամբ հանդես
կգա կոնսերվատորիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ