Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղը տվել են, հետո՝ հետ վերցրել

Հունիս 29,2006 00:00

Ո՞վ է պատասխան տալու հոգեկան սթրեսի համար

Երեկ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Կարո Բրուտյանի ծնողները, որոնք ցանկանում էին հանդիպել նախագահի օգնական Վիգեն Սարգսյանին: Ըստ նրանց, պրն Սարգսյանը խոստացել էր ընդունել ու լսել իրենց, սակայն հետո ծնողներին տեղեկացրել էին, որ նախագահի օգնականն իրենց ասելիք չունի: Խնդիրը հետեւյալն է: Կ. Բրուտյանի մայրը՝ Լուսիկ Գասպարյանը պատմեց, որ երեխան փայլուն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, այնուհետեւ մագիստրատուրան, իսկ այս տարի դիմել է Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրա. «Երեխային ակադեմիայում շնորհավորել են, այնուհետեւ ուղարկել են տուն, նույնիսկ գիտական ղեկավար են արդեն կցել»: Վերոնշյալն ապացուցելու համար մայրը ներկայացրեց ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի գիտական խորհրդի 2006թ. հունիսի 13-ի թիվ 6 արձանագրությունից քաղվածք, որտեղ նշվում էր. «Հաշվի առնելով, որ Կ. Բրուտյանը լավ է հանձնել ընդունելության քննությունները, միջնորդել ՀՀ ԿԳ նախարարություն՝ նրան ասպիրանտուրա ընդունելու համար, գիտական ղեկավար հաստատել իրավաբանական գիտությունների թեկնածու Ստեփանյանին»:

Մայրը ավելացրեց, որ երկու օր անց ասպիրանտուրայի բաժնից ահազանգել է ոմն աշխատակից, ասելով՝ «եկեք, ձեր երեխայի տեղին տեր կանգնեք, քանի որ նախագահի աշխատակազմից Վիգեն Սարգսյանը վերցրել է այս տեղը»:

Երբ այս մասին Վիգեն Սարգսյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, նա նշեց, որ շատ վիրավորված է մեղադրանքից եւ այն անբարո է համարում. «Իսկ եթե Կարոյի ծնողներն այս մասին գրավոր հայտնեն, ես նրանց դատի կտամ»: Վ. Սարգսյանը նշեց, որ իր շաբաթ եւ կիրակի օրերն անգամ նա անց է կացրել ասպիրանտուրայի անգլերենի քննությունը հսկելով: Նա պատմեց, որ քննությունից հետո Կ. Բրուտյանի ծնողները մոտեցել են իրեն, ասել, որ իրենց երեխան հիվանդ է, այդ պատճառով վատ է հանձնել քննությունը: ԳԱԱ-ի գիտակրթական կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանն այս առիթով ասաց, որ Կարո Բրուտյանը պարզապես մրցույթից դուրս է մնացել, եւ նրա ծնողները բողոքելու որեւէ առիթ չունեն. «Նրա մրցակիցը շատ ավելի լավ է հանձնել քննությունները, հետո մենք Կարոյին առաջարկել ենք ընտրել հարեւան մասնագիտությունը, որտեղ թափուր մեկ տեղ կար, սակայն հիմա այդ տեղը չկա. այս տարի մենք երեք մասնագիտություններով երեք թափուր տեղ ունեինք, սակայն կառավարության որոշմամբ դրանք հետ են վերցվել»: Վ. Սարգսյանը հաստատեց, որ, իրոք, այս տարի թափուր տեղերում վերաբաշխում չի եղել:

Կարոյի մայրը նշեց, որ արդեն 15 օր է պայքարի մեջ են: Նրանք գրավոր դիմում-բողոքներ են գրել տարբեր ատյաններ, սակայն ոչ մի գրավոր պատասխան չեն ստացել. «Մեզ մի տեղից մյուս տեղն են ուղարկում, ոչ մեկը պատասխանատու չի զգում իրեն այս գործում: Մեր պաշտոնյաների կարծիքով, երեխան այդպես փորձում է խուսափել բանակից, սակայն ես, լինելով նրա մայրը, համոզված կարող եմ ասել, որ իմ որդին ծնվել է գիտության համար: Դեռ մանուկ հասակից նրա մասին գրում էին թերթերը, իսկ հիմա արդեն 5 գիտական աշխատություն ունի: Կարոն հիմա ահավոր սթրես է ապրում, ամաչում տնից դուրս գալ, քանի որ նրա ասպիրանտուրա ընդունվելու փաստը գիտեին բոլորը: Նա պատրաստ է նույնիսկ կյանքին վերջ տալ: Ես չգիտեմ, հետագայում ով պետք է պատասխան տա նրա հոգեկան առողջության համար»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել