Պատճառը Զատիկյանի անվան զբոսայգում կառուցվող սրճարա՞նն էր
Հունիսի 22-ին Սեբաստիայի փողոցում կատարված Սեդրակ Զատիկյանի սպանության շուրջ շարունակում են նոր լուրեր ու վարկածներ շրջանառվել: Նախ ասվում է, թե փոխհրաձգություն է եղել եւ իբր Ս. Զատիկյանի մեքենայում եղել են եւս երկու հոգի, որոնցից մեկը մարմնական վնասվածք է ստացել, իսկ մյուսը՝ դիմել փախուստի: Սակայն դա անտրամաբանական է հետեւյալ պատճառներով. նախ, եթե փոխհրաձգություն եղած լիներ, պետք է առնվազն երկու զենքից արձակված փամփուշտներ հայտնաբերվեին, բայց իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել եւ առգրավել են միայն մեկ զենքից արձակված փամփուշտների 24 պարկուճ: Նշանակում է՝ երկրորդ զենք չի կիրառվել: Երկրորդ. եթե Սեդրակի «Բրաբուսում» էլի մարդիկ լինեին, նրանք էլ նույն ճակատագրին կարժանանային, քանի որ մեքենայի ուղղությամբ դատարկվել էր մոտ մեկ պահունակ փամփուշտ, որոնցից միայն 5-ը դիպել էր ղեկին գտնվող Ս. Զատիկյանին:
Բացի այդ, հաշվի առնելով «Բրաբուսի»՝ Սեբաստիայի փողոց դուրս գալու վայրն ու կրակոցների ուղղությունը, որոնց առաջին գծում ավելի շուտ վարորդի կողքին նստած անձը կարող էր հայտնվել եւ հավանական է տուժեր ավելի շատ, քան վարորդը, հետեւաբար պետք է երկրորդ դի կամ ծանր վիրավոր լիներ, որը չկա: Իսկ եթե նշյալ երկու անհայտ անձինք հետեւի նստելատեղին են եղել, ապա ողջ մնալու հավանականությունը այս դեպքում էլ քիչ էր, քանի որ Ջիփերը հետեւել են մեքենային, իսկ բեռնատարին բախվելուց հետո, ըստ շրջանառվող վկայությունների, ստուգողական կրակոց արձակել Սեդրակի գլխին: Այդ դեպքում, հետապնդողները ինչու պետք է կենդանի թողնեին երկու կարեւոր վկաներին, ովքեր կարող էին ճանաչել իրենց: Եվ երրորդ՝ երկու անհայտ անձինք չէին կարող կեսճանապարհին անհետանալ, քանի որ կրակոցների վայրից մինչեւ «Բրաբուսի» վթարի վայրը ընդամենը 1 կանգառ է, որը մեքենան անցել է մեծ արագությամբ: Դա է հուշում տրամաբանությունը եւ «ՄԱԶ» մակնիշի բեռնատարին բախվելու ուժգնությունը: Հետեւաբար, Սեդրակը մեքենայում մենակ է եղել:
Ինչ վերաբերում է հանցագործության պատճառներին, ապա պտտվող լուրերից մեկն էլ այն է, որ սպանությունից օրեր առաջ տեղի ունեցած «ռազբորկան» կապված է եղել Զատիկյանի անվան զբոսայգում իրականացված շինարարության հետ: Իմիջիայլոց, «Առավոտը» ամիսներ առաջ անդրադարձել էր այդ կիսակառույցին: Մոտ 4 տարի առաջ սկսված շինարարությունը դադարեցված էր մինչեւ վերջերս: Այն ժամանակ մենք փորձեցինք պարզել, թե ով է կառույցի տերը, ով է իրեն իրավունք վերապահել քանդակագործների աշխատանքները կոտրելով՝ շինարարություն իրականացնել եւ, ընդհանրապես, կառույցը օրինակա՞ն է, թե՞ ոչ: Այդ հարցերի պատասխաններն այն ժամանակ չհաջողվեց պարզել: Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանում ասացին, որ տեղյակ չեն եւ ճիշտ կլինի, որ դիմենք քաղաքապետարան: Սակայն քաղաքապետարանի ճարտարապետության եւ շինարարության վարչության պետ Սամվել Դանիելյանից էլ չկարողացանք պարզել: Երկու պետական կառույցների խորհրդավոր լռությունը դեռ այն ժամանակ ենթադրել էր տալիս, որ կառույցը ազդեցիկ մարդու նախաձեռնությամբ է արվել, բայց այն ոչ կառուցվում էր, ոչ էլ քանդվում: Պատճառն անհայտ էր: Նշենք, որ կառույցի անմիջական հարեւանությամբ գործում է բացօթյա սրճարան, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Ուշագրավ մի հանգամանք. սպանությունից մոտ 3-4 օր առաջ կիսակառույցի մոտ նոր քար ու ավազ էր թափված եւ աշխատանքները վերսկսելու նախապատրաստությունը նկատելի էր: Ահա դրանից երկու օր անց կատարվում է սպանություն:
Ասում են, որ «ռազբորկան» կապված է եղել այդ շինարարության հետ: Զուգադիպությո՞ւն է դա, թե՞ հանցագործության իրական պատճառ՝ առայժմ դժվար է ասել: Բայց հաշվի առնելով, որ երբեմն Հակոբյանների ու Զատիկյանների «ջուրը մի առով չի գնացել», ապա չի բացառվում, որ Զատիկյանները իրենց հոր անունը կրող այգում հենց իրենց հոր՝ արժանահիշատակ Վահան Զատիկյանի հուշարձանի հարեւանությամբ կառուցվող ու այգին ստվերող օբյեկտի շինարարությունը ընդունած լինեն որպես վիրավորանք եւ փորձած լինեն խոչընդոտել:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ