Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՏ ՏՈՒՐ՝ ՋՈՒՐ ՏԱՄ

Հունիս 29,2006 00:00

Արմավիրի
եւ Արարատի մարզի մի շարք գյուղերում խմելու ջուրը թանկ գնով վաճառվում է. նույնիսկ
տալիս են «նիսյայով» ու փոխանակում ապրանքով: Արդեն քանի տարի է՝ այս երկու
մարզերում խմելու ջուրը բիզնեսի միջոց է դարձել: Ջուր ծախողները, առիթից օգտվելով,
որ Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ, Սուրենավան, Ավշար գյուղերում թե՛ խմելու, թե՛ ոռոգման
ջուր չկա, թանկ գնով կասկածելի բաղադրությամբ ջուր են վաճառում: Գյուղացիներն էլ,
չնայած համոզված են, որ ջուրը մաքուր չէ, արտեզյան ջրի խառնուրդ է, ստիպված գնում
են, քանի որ այլընտրանք չունեն: Արմավիրի մարզի Լեռնագոգ ու Քարակերտ գյուղերում
4 դույլ ջուրը վաճառվում է 150 դրամով, իսկ պահածո փակելու այս սեզոնին եւ ձմռանը,
երբ ճանապարհները սառած են լինում, գինը բարձրանում է մինչեւ 200 դրամ: «Ո՞վ է տեսել,
որ էս լեն ու բոլ դարում լվացքը անձրեւաջրով անեն, թե բախտներս բերեց ու ոռոգման
ջուր տվեցին՝ լվացքն էդ օրն ենք անում՝ նույնիսկ չքննարկելով մաքուր կամ կեղտոտ լինելը»,-
բողոքեցին բնակիչները: Լեռնագոգցիների ասելով՝ իրենց ջուր մատակարարող վարորդը հարեւան
գյուղից է՝ Դալարիկից, որի քմահաճույքներով էլ իրենք մշտապես շարժվում են: Երբեմն
ջրի գինը սակարկելիս վեճեր են ստեղծվում, ու վարորդը գյուղացուն նետում է, թե «էդ
գնով չես ուզում՝ մի առ, ո՞վ է ստիպել»: Միջին հաշվով, յուրաքանչյուր ընտանիք ամսական
երեք հազար դրամից ավելի է ծախսում՝ ջուր գնելու համար, որը միայն հողի եկամտով ապրող
գյուղացու համար բավականին լուրջ ծախս է: Նույնիսկ մայրաքաղաքում 3 հազար դրամ ծախսելով՝
5 հոգանոց ընտանիքը կարող է առանց խնայողության ջուր ծախսել՝ լվացք անել, օրը մի
քանի անգամ լողանալ, իսկ քարակերտցիների, լեռնագոգցիների ու դալարիկցիների համար
այն բավականացնում է միայն խմելուն ու շաբաթը մեկ լողանալուն: Այդուհանդերձ, բնակիչները
գնից չէին դժգոհի, եթե ջուրը մաքուր լիներ ու ամեն օր թարմ բերեին, մինչդեռ այսօր
նրանք ստիպված են օրերով սպասել, մինչեւ իրենց փողոցներին հերթ հասնի ու թեկուզ թանկ,
բայց ջուր կունենան: Խնդիրն այն է, որ մի վարորդը ֆիզիկապես ի վիճակի չէ բոլորին
միաժամանակ ջուր մատակարարել ու այդ պատճառով փողոցները հերթի է դրել: Քարակերտցիների
ներկայացմամբ՝ իրենք էլի գոհ են, որ վարորդները երբեմն գյուղացիների դրության մեջ
են մտնում ու ջուրը «նիսյայով» տալիս՝ ցուցակագրելով, անգամ ապրանքով են փոխում,
օրինակ՝ խոտով: Ըստ քարակերտցիների, այսքան տարվա մեջ միակ «խերը» տեսել են
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամից, որը 2004-2005-ին գյուղացիներին կտրոններ է տրամադրել՝
5-6 ամսով անվճար ջուր ստանալու համար: Գյուղացիները պատմում են, որ երբ ոռոգման
ջուրը ուշացնում են, իսկ անասուններն այլեւս չեն դիմանում, ստիպված են լինում նույն
թանկ գնով արտեզյան ջուր գնել: «Պատկերացրեք՝ խոսքն այն ջրի մասին է, որը գյուղացիներին
պետք է տրամադրվեր ժամով ու շատ մատչելի գնով, իրականում ցիստեռնների վարորդները
բիզնես են անում. հանքային հորից էժան գնով ձեռք են բերում ու թանկ վաճառում: Հիգիենան
եւս խիստ խախտված է, այն ցիստեռնը, որով խմելու ջուր են մատակարարում մարդկանց, այդ
նույն ցիստեռնով արտեզյան ջուր են բերում անասունների համար, անընդհատ համ ենք առնում
ջրից, չենք հասկանում՝ արտեզյա՞ն են բերել, թե՞ նորմալ, մաքուր խմելու ջուր»,- բողոքեցին
գյուղացիները: Լեռնագոգցիների ասելով էլ՝ գյուղից արտագաղթի հիմնական պատճառը
հենց խմելու ջրի բացակայությունն է, մարդիկ տեղափոխվում են ինչպես կողքի գյուղեր,
այնպես էլ հիասթափված թողնում-գնում են «ռուսաստաններ»: Իհարկե, սա արտագաղթի միակ
պատճառը չէ, գյուղում հազար ու մի խնդիր կա: Գյուղացիները մշակման հողեր չունեն,
այն ի սկզբանե հիմնադրվել է որպես արդյունաբերական հզոր կենտրոն, իսկ այսօր չկան
խոզաբուծական 3 հզոր համալիրներից եւ ոչ մեկը, ինչպես նաեւ Քարաձուլման գործարանը,
Շլագի հանքը, Ադամանդի վերամշակման կենտրոնը: Արդյունքում՝ գյուղացիները մնացել են
անգործ, երբեմն ստիպված են բանվորություն անել կողքի համայնքների մեծահարուստների
համար: Արմավիրի մարզի 6 համայնքներ զուրկ են նաեւ աղոթատեղից, որի պատճառով,
ըստ արմավիրցիների, հայ առաքելական եկեղեցին իր դիրքերը զիջել է աղանդավորներին:
«Եթե ուզենաս եկեղեցով պսակվել՝ ստիպված պիտի լինես սար ու ձոր ընկնել՝ Էջմիածին
կամ Երեւան հասնել»,- դժգոհում են գյուղացիները: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել