ՔԱՐՏԵԶԸ
ՏԵՍՆՈՂ Է ԵՂԵԼ Թվում էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ
Մեթյու Բրայզայի հայտնի բացահայտումները ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկների
վերաբերյալ այն էին, ինչ գիտեն գրեթե բոլորը՝ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս: Բայց
երեկ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Գասպարի
Սարգսյանը հայտարարել է, որ դա դեռ ամբողջը չէ: «Այս պահին բանակցությունների
փաստաթղթում ներկայացված են արդեն իսկ քարտեզագրված տարածքները, թե ինչ տարածքներ
են, որոնք Հայաստանը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին»,- բացահայտել է պարոն Սարգսյանը՝
հստակեցնելով, որ խոսքը 5 շրջանների մասին է: Ընդ որում, նրա ասելով, քարտեզում արդեն
նշված են այն տարածքները, որտեղ տեղակայվելու են խաղաղապահ ուժերը: ՀԴԿ նախագահի
մատուցմամբ, դատելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունից՝ վերջինս հաստատում է, որ պատրաստ
է այդ պայմաններին, բայց դրանց համաձայն չէ Ադրբեջանը, որովհետեւ ուզում է ավելին,
քան նշված 5 շրջաններն են՝ Քելբաջարի կեսը: ՀԴԿ նախագահը երեկ հայտարարել
է, որ ՀՀ իշխանությունն իրականացնում է ոչ միայն պարտվողական, այլեւ դավաճանական
ծրագիր: Ավելին, նա համոզված է, որ այդ ծրագրին երբեք չի համաձայնի ո՛չ ԼՂՀ նախագահը,
ո՛չ ԵԿՄ-ն, որը «ոչ մի թիզ հող չտալու մասին» հայտարարություններ է արել: Սրանից
պարոն Սարգսյանը եզրակացրել է. «Իրավիճակն այնքան է սրվելու, որ մենք նորից ստանալու
ենք 98 թվականի փետրվար, եւ դա ես համարում եմ ամենահավանական սցենարը: Կամ պարոն
Քոչարյանը պետք է գնա աննախադեպ ռեպրեսիաների, որով կփորձի մեղմել այն հուժկու ալիքը,
որ կբարձրանա այդ համաձայնագրերը իրականություն դարձնելու դեպքում: Վստահ եմ, որ
ժողովուրդը պատրաստ է համապատասխան քայլերի, եւ չնայած իշխանությունների բոլոր ջանքերին,
ժողովուրդը բարոյազրկված չէ եւ սպասում է իր առաջնորդներին, որոնցից մեկը ՀԴԿ-ն է»:
Ն. Մ.