Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պատասխանը

Հունիս 29,2006 00:00

Ադրբեջանի
պատասխանը Ի պատասխան նախօրեին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության
հրապարակած հայտարարության, Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածել է իր հայտարարությունը,
որում, ըստ «Արմինֆոյի», ասված է հետեւյալը. «ՀՀ ԱԳՆ կողմից ղարաբաղյան հակամարտության
կարգավորման բանակցային գործընթացի իրողությունների նպատակամղված աղավաղման ավանդաբար
շարունակվող փորձերի հետ կապված՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է.
Հայաստանի ԱԳՆ 2006 թ. հունիսի 26-ի հայտարարությունը հակամարտության կարգավորման
գործընթացում հայկական կողմի, ցավոք, պահպանվող ոչ կառուցողական դիրքորոշման վկայությունն
է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ, մասնավորապես, ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան
մատնանշել են միայն քննարկման փուլում գտնվող փուլային խաղաղ կարգավորման առանձին
սկզբունքների ընդհանուր ուրվագծերը միայն, որոնք չի կարելի զատել առաջարկվող փաստաթղթի
ընդհանուր համատեքստից: Կարգավիճակի որոշումն անհնար է շարունակվող օկուպացիայի եւ
էթնիկ զտման պայմաններում եւ, համապատասխանաբար, ենթադրում է Ադրբեջանի օկուպացված
տարածքների ազատում եւ հակամարտության ողջ գոտու ապառազմականացում, ինչը անվտանգության
հուսալի միջազգային երաշխիքների պարագայում պայմաններ կստեղծի իրենց բնակության մշտական
վայրերից բռնի կերպով տեղահանված ադրբեջանական բնակչության վերադարձի համար: Դա ընդունում
է նաեւ Հայաստանի ղեկավարությունը: Ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ հաստատում է
Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում
եւ Ադրբեջանի գործող սահմանադրության հիման վրա Լեռնային Ղարաբաղին ինքնավարության
ամենաբարձր կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին: Միջազգային նորմերի
եւ սկզբունքների վրա հիմնված նման սահմանադրական մոտեցումը հաստատուն կարգավորման
ձեռքբերման միակ հնարավոր ճանապարհն է: Միջհամայնքային խաղաղության եւ տարածաշրջանի
կարգավիճակի որոշման համար օբյեկտիվ պայմաններ ստեղծելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի
առնելով տարածաշրջանի հետագա զարգացման հեռանկարները, Ադրբեջանը պատրաստ կլինի, համաձայն
համաշխարհային պրակտիկայում գոյություն ունեցող նախադեպերի, քննարկել ԼՂ բնակչության
համար տնտեսական եւ այլ խթանների իրացման հարցը հակամարտության սկսման պահին այնտեղ
գոյություն ունեցող էթնիկ կազմի վերականգնումից հետո: Ադրբեջանի դիրքորոշումը բանակցությունների
շրջանակներում շարունակում է մնալ կառուցողական՝ համապատասխանելով ոչ միայն մեր բազմազգ
պետության, այլեւ ընդհանուր առմամբ միջազգային հանրության շահերին: Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ եւ չի կարող հանդիսանալ: Միաժամանակ
նախարարությունը հաստատում է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար բանակցությունները
շարունակելու ադրբեջանական կողմի պատրաստակամությունը: Գործընթացի խափանման դեպքում
ողջ պատասխանատվությունը կընկնի հայկական կողմի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել