Լրահոս
Օրվա լրահոսը

«Կբացվի պատերազմի ճանապարհը»

Հունիս 29,2006 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարությունից հետո բանակցությունների հնարավոր դադարեցումը այդպես է գնահատում քաղաքագետ Լեւոն Զուրաբյանը:

– Ինչպե՞ս կարելի է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների վերջին հայտարարությունը:

– Փաստաթուղթը, ըստ էության, համանախագահների կողմից վերջնագիր է, որով նրանք սպառնում են, որ կդադարեցնեն միջնորդական գործունեությունը, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց համաձայնությունը չտան ներկայացված խաղաղության ծրագրին: Դա նշանակում է, որ միջնորդների համբերությունը սպառվել է, եւ նրանք այլեւս որեւէ ակնկալիք չունեն բանակցությունների շարունակումից:

Դեպքերի նման զարգացման մասին համանախագահները ակնարկել էին դեռ 2004 թվականին ԵԱՀԿ-ի Սոֆիայի գագաթաժողովի ժամանակ, երբ կազմակերպության գործող համանախագահողին ուղարկված նամակում նշել էին, որ երկու երկրների նախագահներին առաջարկել են ընտրել երեք սցենարների միջեւ. 1) համաձայնությունն անհնար է եւ ներկա ստատուս քվոն պետք է պահպանել, 2) սառեցնել ներկա դե ֆակտո իրավիճակը՝ նորմալացնելով հարաբերությունները եւ հետաձգելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը, եւ 3), համաձայնվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման ձեւի շուրջ եւ այն աստիճանաբար իրականացնել համաձայնության այլ տարրերի հետ մեկտեղ: Սրանով, ի դեպ, դեռ այն ժամանակ բացառվեց հարցի փաթեթային լուծումը: Այն ժամանակ նախագահները ընտրեցին երրորդ սցենարը՝ «դնելով Պրահայի գործընթացի հիմքը»: Եթե խաղաղության ծրագիրը չընդունվի, համանախագահները փաստորեն սպառնում են իրականացնել առաջին սցենարը, այսինքն՝ ուղղակի դադարեցնել Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները:

– Այդ սպառնալիքը որեւէ արդյունք կտա՞:

– Համանախագահները այս աննախադեպ հայտարարությունը ընտրել են որպես ճնշման վերջին միջոց, փաստորեն «վա-բանկ» են գնում: Նրանք նաեւ կարգավորման ծրագրի մասին տեղեկությունների աննախադեպ արտահոսք են կազմակերպել: Դա ցույց է տալիս, որ իրենք այլեւս չեն հավատում, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները ցանկանում են համոզել իրենց ժողովուրդներին խաղաղության ծրագրի իրականացման անհրաժեշտության մեջ եւ որոշել են այդ գործը սեփական ձեռքերով անել:

Քիչ հավանական եմ համարում, որ դա արդյունք տա: Խնդիրը միայն այն չէ, որ ե՛ւ Ալիեւվը, ե՛ւ Քոչարյանը չեն ցանկանում ծրագրի իրականացման պատճառով իրենց իշխանությանը սպառնացող ծանր քաղաքական ռիսկերի ենթարկվել: Այսօր դրան գումարվել է նաեւ այն, որ Ադրբեջանը այլեւս իրեն շահագրգռված չի համարում հակամարտության շուտափույթ կարգավորման մեջ եւ հույսը դրել է նավթից հսկայական շահույթներ ստանալու եւ հակամարտությունն ապագայում ավելի հզոր դիրքերից կարգավորելու վրա: Ընդ որում, Ադրբեջանի վրա ճնշումների հնարավորությունը գնալով նվազում է, քանի որ շնորհիվ այդ շահույթների այն ավելի եւ ավելի անկախ է դառնում նման ճնշումներից:

– Ի՞նչ հետեւանքների է այս ամենը հանգեցնելու:

– Եթե Մինսկի խմբի հովանու տակ վարվող բանակցությունները պաշտոնապես դադարեցվեն, դա 1994 թ. զինադադարից սկսած ժամանակաշրջանում հակամարտության կարգավորման գործընթացին հասցրած ամենամեծ հարվածը կլինի: Ըստ էության, կբացվի պատերազմի ճանապարհը: Ադրբեջանը կշարունակի Հայաստանի մեկուսացմանն ուղղված քաղաքականությունը, կտեղափոխի հարցի քննարկումը ՄԱԿ եւ այլ միջազգային կազմակերպություններ՝ զուգահեռաբար զարկ տալով տարածաշրջանում սպառազինությունների մրցարշավին: Արդյունքում կոնֆրոնտացիոն գործընթացները կսրվեն, եւ աստիճանաբար կաճի պատերազմի վերսկսման վտանգը:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել