Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԱԿՈՎ Է ՄՏԱՀՈԳՎԱԾ,
ԱՅԼ ՈՉ ՈՐԱԿՈՎ

Հունիս 29,2006 00:00

Բացահայտում
է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը – Վերջին շրջանի իրադարձություններից
տպավորություն ես ստանում, թե Հայաստանում ընտրություններն արդեն ավարտվել են, խորհրդարանում
տեղերը բաժանվել: Դրա նախանշաններն են համայնքապետերի, մարզպետների եւ գործարարների
հոսքը դեպի ՀՀԿ, մյուս կողմից էլ՝ նորաստեղծ կուսակցությունների ընտրական քարոզարշավը:
Մի քիչ վաղաժա՞մ չէ ամռան այս տապին նման բուռն գործունեությունը: – Ես ներկայացուցիչն
եմ մի կուսակցության, որը դանդաղ շտապողներից է, եւ այդ կուսակցության մեջ եմ նաեւ
այդ պատճառով: Ընդհանրապես, շատ աղմկում ու զնգում են դատարկ կարասները. խոսքս
փողի կարասների մասին չէ, այլ գաղափարների: Եվ երբ պատասխանատու չես քո ճշմարտությունների,
սխալների եւ պատմության առջեւ՝ շատ հեշտ ես անում ամեն ինչ: Այդպես ինքնուսները,
գրամոլներն են ավելի հեշտ գրում, քան պրոֆեսիոնալները: Նույնն էլ քաղաքականությունն
է՝ շատ խոսում եւ շատ-շատ զրնգում են դատարկ ու հեշտ նախադասություններ կազմողները:
Եվ իհարկե՝ շա՛տ վաղաժամ է: Նույնիսկ եթե վաղաժամ չլիներ՝ շա՛տ մակերեսային
է: Հիմա էլ նոր ձեւ են գտել՝ ազատակա՜ն գաղափարախոսության կրող են: – Ո՞վ
է նման բան հայտարարել: – Իսկ ի՞նչ, «Բարգավաճ Հայաստանը» դավանելու է սոցիալիստակա՞ն
գաղափարախոսություն: Անուններ դնելով՝ սկսում են մարդորսություն, իբրեւ թե
քաղաքական ընտրանիին իրենց կողմը գրավելու նպատակով: Եվ այնքա՜ն տխուր է, եթե դա
է մեր ընտրանին, եթե առնետավազքով են (այդ բառից արդեն հոգնել եմ) դառնում ընտրանի,
քանի որ իբր փորձառություն են ձեռք բերում կուսակցությունից-կուսակցություն մտնել-դուրս
գալով: – Բավական արհեստական աժիոտաժ էր ստեղծվել նախապես հայտնի պատասխանով
այն հարցի շուրջ, թե ում ցուցակով ընտրություններին կմասնակցի Սերժ Սարգսյանը, եւ
դրանով պարզ կդառնա ապագա ընտրությունների ֆավորիտը: Հիմա արդեն կատարվա՞ծ է այդ
կարեւոր ընտրությունը: – Սերժ Սարգսյանին ո՛չ փնովելն է լավ ճաշակի նշան,
ո՛չ էլ շատ գովելը: Բայց ուզում եմ հարց տալ՝ երբ Սերժ Սարգսյանի հետ են կապում երկրի
ողջ քաղաքական անցուդարձը՝ ինչո՞վ է նա մեղավոր: Ուզենք թե չուզենք՝ Սերժ Սարգսյանը
ներկայություն եւ անհատականություն, շատ լուրջ դեմք է մեր պետության մեջ: Բայց դա
մի՞թե բացառում է նրա հետ արժանապատիվ հարաբերություն ունենալը՝ ե՛ւ ընդդիմանալու,
ե՛ւ չընդդիմանալու պարագայում: Սա՛ է քաղաքական մշակույթը: «Սիրելուց» էլ են սարսափելի
անճաշակ դրսեւորվում, չսիրելուց էլ: – Այն, որ հենց պարզ դարձավ, թե կշեռքի
որ նժարն է ծանրանում ու բոլորն ուղղվեցին այդ կողմ՝ այդ մարդկանց սեփակա՞ն նախաձեռնության,
ուժեղի կողքին լինելու ցանկությա՞ն հետեւանք էր, թե՞ նրանց դա, մեղմ ասած, առաջարկվել
է: – Ես թերեւս ամենախստաշունչ կուսակցության՝ ՀՅԴ անդամ եմ արդեն 16 տարի,
ու երբե՛ք իմ կուսակցության մեջ ինձ ոչ ոք չի ասել՝ ինչո՞ւ ես այս միտքն ասում, մեկին
պաշտպանում կամ ոչ: Այս պարագայում չեմ հավատում, թե մարդուն կարելի է ասել՝ արի
կամ գնա: Դա նրա՛նց խնդիրն է: Եվ Սերժ Սարգսյանի կամ որեւէ այլ շատ հզոր մարդու խնդիրը
չէ: Ի վերջո, սա մի ողջ ժողովրդի մի փոքրիկ հատվածն է՝ զտվելու, 131 մարդ
է դառնալու: Բայց մի քանի միլիոնանոց ժողովուրդ ենք փչացնում այս առնետավազքով: –
Հանուն պաշտոնի իրենց կուսակցություններից հրաժարվածները խրախուսվում են իշխանության
կողմից: – Իսկ ընդդիմության մեջ նո՞ւյնը չէ: Իշխանությունն ունի իր հոգեբանությունը,
փիլիսոփայությունը՝ այն պետք է ունենա իր քանակը, բազմությունը, եւ միշտ չէ, որ իշխանությունը
մտահոգված է որակով: – Երեկ ՕԵԿ, վաղը հանրապետական դարձողներո՞վ են ապահովելու
քանակ: – Իհարկե, ես չեմ ուզում, որ այդպես լինի: Բայց իմ եւ քո չուզելը կապ
չունի՝ մի մեխանիզմ կա, որ շատ ավելի ուժեղ է ու հնամենի: Այդ մեխանիզմի դասական
մոդելն է՝ «բարձրանամ՝ մորուքդ պոկեմ, ցածրանամ՝ ոտքերդ լիզեմ»: Մի մաս կա, որ գնում
է դրան, մի մաս էլ կա, որ չի գնում: Բայց ընդդիմությունը չպիտի ցածրանար ու
ոտքեր լիզեր: Գտնում եմ, որ 1994-ին մի լավ բան ստեղծվեց, երբ ընդդիմությունը գործնական
լծակներ չուներ, բայց մտքի, գաղափարի իմաստով նույնքան բարոյական իշխանություն ուներ
հասարակության վրա, որքան իշխանությունը: Պարզ հարց եմ տալիս՝ 1994-ին որեւէ լրագրողի
մտքով կարո՞ղ էր անցնել գրել, թե ընդդիմության այսինչ ներկայացուցիչը կամ կուսակցությունն
իշխանության այս թեւի գործիքն է: Չկա՛ր նման բան: Իսկ հիմա ընդդիմության յուրաքանչյուր
առաջնորդի կարող են կասկածել, թե ական է: – Սակայն արդյոք հենց իշխանությո՞ւնը
չսկսեց գործադրել ընդդիմադիրներին գնելու գործելակերպը: – Թող չայլասերվեի՛ն:
Հաճախ ասում են՝ այսինչն այս մարդուն ստորացրեց, ես էլ պատասխանում եմ՝ թող չստորանա՛ր:
Եթե ընդդիմություն է, ուրեմն գաղափարներ ու փորձառություն պիտի ունենա, քանի որ ո՞ւր
է տանում փորձության երկրին: Իսկ եթե քաղաքական փորձառություն, ծրագիր ու գաղափարախոսություն
չունեն՝ ինչպե՞ս են համարձակվում բան ասել ժողովրդին ու դեռ առաջնորդ էլ դառնալ:
Կարծում եմ, որ պարզապես անհատների «վոժդիզմով», առաջնորդական բարդույթով տառապելու
հիվանդագին պահն է եկել, քանի որ տեսան, թե ինչ-որ բան հեշտ է ստացվում, չկան չափանիշներ:
Ես ինչի՞ պիտի իշխանությանը մեղադրեմ այս ամենի համար: Իշխանությունը պիտի
իր ինտելեկտուալ լավագույն ուժերի՞ն ներմուծեր ընդդիմություն, որ փոխվեր որակը: –
Կարծես իշխանությո՞ւնն է ինտելեկտուալների հավաքածու: Կարո՞ղ եք պնդել, թե տարբերվո՞ւմ
են իշխանության եւ ընդդիմության որակները; – Համարում եմ, որ ես եւ իմ ընկերներն
այդ ինտելեկտուալներն ենք, մենք տարբերվում ենք: Իսկ ընդհանրապես՝ իշխանությունը
միշտ պետք է ավելի վատը լինի, քան ընդդիմությունը: Զրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել