Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՍՏԱԿԵՔ ԵՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հունիս 29,2006 00:00

Գեղամյանը,
ինչպես միշտ, մերկացրեց Էրդողանին Երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի հերթական
նիստում ելույթ ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նրա ելույթը բավական
բացասական ընդունելության է արժանացել եվրոպացի պատգամավորների կողմից, մասնավորապես՝
«Ա1+»-ի թղթակցի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետի ելույթին այսպես է արձագանքել դանիացի
պատգամավոր Ռուն Լյունդը. «Ես կարող եմ հայհոյել, բայց չեմ անի: Բայց չեմ կարող չասել,
որ 1915թ. թուրքերը կոտորել են հայերին եւ չեն ընդունում, չեմ կարող չասել, որ Թուրքիան
օկուպացրել է Կիպրոսի մի մասը»: «Ազգային միաբանություն» խմբակցության նախագահ,
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը ավելի ուշ «Առավոտին»
փոխանցեց, որ Թուրքիայի վարչապետն իր թուրքերեն ելույթում իրոք ասել էր բաներ, որ
հաստատ դուր գալ չէին կարող եվրոպական արժեքներ դավանողներին: Էրդողանի գնահատմամբ,
կան սուրբ արժեքներ՝ ազգային, կրոնական, որոնց «դիպչելը» դառնում է ահաբեկչության
պատճառ: Էրդողանը բնական էր համարում նաեւ Մուհամեդի ծաղրանկարների առթիվ բարձրացված
աղմուկն ու զանգվածային խուլիգանությունները: Ըստ նրա, Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի
միջեւ խորանում է անջրպետը: Էրդողանը Եվրոպային կոչ էր անում հաշվի առնել, որ եվրոպական
մայրաքաղաքների բնակիչների 10-15 տոկոսը թուրքեր են եւ պետք է հարգվեն նրանց իրավունքները:
Իր հերթին անդրադառնալով Ռուն Լյունդի ելույթին՝ Թուրքիայի վարչապետը նշեց, որ Հայոց
ցեղասպանության հարցը քաղաքական գործիչների գործը չէ, այլ պատմաբանների: Թուրքիան,
ըստ նրա, հայերին բազմիցս կոչ է արել քննարկել 1915թ. տեղի ունեցածը գիտական մակարդակով,
բայց Հայաստանը չի համաձայնվում: Ի դեպ, Էրդողանը, չգիտես ինչու, անդրադարձել է հրեական
Հոլոքոստին՝ նշելով, թե ինքը իբրեւ իսկական մուսուլման համոզված է, որ «իրենց Աստվածն
այդպիսի բան թույլ չէր տա»: «Խոսքի ազատությունը եւ դավանանքի նկատմամբ հարգանքը»
զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ Արտաշես Գեղամյանը հիշեցրել է, թե
ինչպես են Թուրքիայում ավերել եւ ավերում հայկական հուշարձանները, ինչպես Թուրքիայում
հայկական դպրոցների աշակերտները զրկված են Հայ ժողովրդի եւ Հայ առաքելական եկեղեցու
պատմությունն ուսանելու հնարավորությունից, եւ, ամենակարեւորը, Թուրքիան շրջափակման
մեջ է պահում Հայաստանին: Արտաշես Գեղամյանը նկատեց, որ, իրենից բացի, ելույթ են
ունեցել նաեւ հինգ քաղաքական խմբակցությունների ղեկավարներ, եւ բոլորն էլ չեն թաքցրել
իրենց դժկամությունը Էրդողանի ելույթից: Առաջին անգամ ԵԽԽՎ ամբիոնից Արտաշես Գեղամյանը
հայտարարել է, որ ցեղասպանության փաստի ճանաչումը տեղի է ունեցել դեռ 1919 թվականի
մայիսի 26-ին օսմանյան վերջին սուլթան Մուհամեդ 6-րդի կողմից կազմավորված ծայրագույն
ռազմական դատարանի կողմից: Պարոն Գեղամյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց. «Դիմելով
Էրդողանին, կոչ արեցի՝ դուք խնդիր ունեք վերաիմաստավորելու նույն օսմանյան կայսրության
ծայրագույն ռազմական դատարանի վճիռը եւ հրապարակավ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Այդ պարագայում դուք կհամոզեք եվրոպական հանրությանը, որ իրապես վճռականորեն եք տրամադրված
որդեգրելու եւ հետեւելու համաեվրոպական արժեքներին եւ իրավունք եք վաստակել դառնալ
ԵՄ անդամ»: Արտաշես Գեղամյանի խոսքերով, իր այս հայտարարությունը սկանդինավցիների,
հույների եւ ֆրանսիացիների կողմից ընդունվել է բուռն ոգեւորությամբ եւ ծափահարություններով:
Թերի Դեւիսի ասուլիսը «Արմինֆոյի» փոխանցմամբ՝ ԵԽ գլխավոր քարտուղար
Թերի Դեւիսը Ստրասբուրգում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Չեռնոգորիայի
կողմից անկախության ձեռքբերումը չի կարող նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղում,
Աբխազիայում եւ Հարավային Օսիայում հակամարտությունների լուծման համար: Ասել
է նաեւ, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխման հարցին պետք է զգույշ եւ
կշռադատված մոտենալ: «Միջազգայնորեն ճանաչված սահմանների թույլատրված խախտման համար
անհրաժեշտ է ստանալ ՄԱԿ-ի հավանությունը: Եվրախորհուրդը նման հարցերում հենվում է
Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան որոշումների վրա: Դա վերաբերում է
ինչպես Աբխազիային, Հարավային Օսիային եւ Լեռնային Ղարաբաղին, այնպես էլ Մերձդնեստրին
եւ Հյուսիսային Կիպրոսին»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Պարոն Դեւիսը նաեւ ասել
է. «Հուսով եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի
եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի շահերին համապատասխան»:
Նրա խոսքով, ինքն անձամբ ուշադրությամբ հետեւում է բանակցային գործընթացի զարգացմանը.
«Ես բազմիցս ընդգծել եմ, որ Եվրախորհուրդը հանդես է գալիս փոխզիջումային համաձայնության
ձեռքբերման հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Ես հիասթափված
եմ, որ մինչ այժմ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Բուխարեստում նախագահների
բանակցությունների վերջին փուլից առաջ հուսադրող շատ պահեր կային»,- ընդգծել է Թ.
Դեւիսը՝ նշելով, որ գիտակցում է կողմերի առջեւ ծառացած դժվարությունները, այդ պատճառով
չի փորձում քննադատել այս կամ այն կողմին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել