Եվ դատապարտում թուրք ազգայնականների
անհանդուրժողական պահվածքը Երեկ «Ազդակ» ակումբում ՀՀԿ երիտասարդական
կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության
ատենապետ Իշխան Սաղաթելյանը հրապարակեցին հայաստանյան 33 կազմակերպությունների կողմից
ընդունված համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես ասված է. «Ամենայն հայոց
կաթողիկոս Գարեգին Բ-ի Ստամբուլ կատարած այցի ժամանակ տեղի ունեցած վրդովեցուցիչ
խուլիգանական արարքները դատապարտելի վայրենություն են: Անհանդուրժողականության, վանդալիզմի
ու բռնության բացահայտ կոչերի ու գործողությունների լույսի ներքո հօդս են ցնդում
Թուրքիայի «քաղաքակրթման» ու «եվրոպականացման» մասին առասպելները»: Բանախոսները
հիշատակեցին նաեւ Թուրքիայում եւ այլուր հայ եւ քրիստոնյա հոգեւորականների դեմ թուրք
արմատականների կողմից նախկինում կատարված հարձակումները՝ պատարագի ժամանակ կաթոլիկ
հոգեւորականի դանակահարությունը, Հռոմի պապ, երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Երկրորդի
դեմ կազմակերպված մահափորձը: Հայտարարության հեղինակներին նաեւ մտահոգել էր Ամենայն
հայոց կաթողիկոսի այցի կապակցությամբ թուրքական լրատվամիջոցների՝ հասարակական կարծիքը
այլակրոնության դեմ գրգռելու պահվածքը: Նրանք նաեւ ասացին, որ թուրքական իշխանությունները
հետեւողականորեն մաքրում են հայկական հետքը Արեւմտյան Հայաստանի տարածքից՝ արմատախիլ
անելով քրիստոնեական մշակույթի կոթողներն ու վիրավորելով այլադավանների կրոնական
արժանապատվությունը: Մինչդեռ ազգային ու կրոնական հանդուրժողականությունը ու բազմամշակութայնության
նկատմամբ հարգանքն է հատուկ եվրոպական քաղաքակրթությանը, ինչը բացահայտորեն չի կիսում
Թուրքիան: Հայտարարության հեղինակներն այն ուղարկելու են Հայաստանում գործող Եվրամիության
անդամ բոլոր երկրների դեսպաններին, ակնկալելով ու պահանջելով դատապարտել Հայ առաքելական
եկեղեցու առաջնորդի դեմ կատարվածը: Ըստ Ի. Սաղաթելյանի, այդ ամենն ուղղորդվում
է Թուրքիայի պետական ատյանների կողմից, ինչը պաշտոնապես ժխտում են, բայց իրականում
խրախուսում: «Թուրքիան այսօր պատրաստ չէ ոչ մի տեսակի փոխհարաբերությունների»,- նշեց
Կ. Ավագյանը: Նրա կարծիքով, «եթե հոգեւոր առաջնորդին այդպես են դիմավորում, դա նշանակում
է ձեռնոց են նետում մի ամբողջ ազգի»: Բանախոսներից մեկն ասաց, որ դա նաեւ պատասխան
էր Հայաստանի ներքաղաքական շրջանակների այն ներկայացուցիչներին, ովքեր դեռ հայ-թուրքական
հաշտեցման փորձեր են իրականացնում եւ թուրքասեր հայտարարություններ անում: Այդ երկխոսությունը
հնարավոր կլինի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումից ու փոխհատուցմանը պատրաստ
լինելուց հետո: «Մենք կոպիտ քայլի չենք գնում, պարզապես մեր վերաբերմունքն
ենք արտահայտում: Եվ սա ամենամեղմ եւ առաջին քայլն է, որ անում ենք: Մեզ կոտորեցին
15 թվականին, թուրքերի փոքր եղբայրները իրականացրին Սումգայիթի ջարդերը, Բուդապեշտում
կացնահարեցին հայ սպային, իրականացրին Ջուղայի դեպքերը: Արդյոք մեր պատասխանը բավարար
եւ համարժե՞ք է այդ ամենի դիմաց: Միանշանակ՝ ոչ: Հակաքայլ անելու իրավունքը մերն
է եւ մենք մեր իրավունքներն ենք պաշտպանում»,- ասացին երիտասարդները: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ