Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ երաժշտություն չկատարելը պետք է ամոթ լինի»

Հունիս 28,2006 00:00

Օրերս
Գյումրիում ավարտվեց «Հայ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը եւ Գյումրին» խորագրով
հանրապետական երկրորդ փառատոն-գիտաժողովը: Կազմակերպիչն էր Երեւանի պետկոնսերվատորիայի
Գյումրիի մասնաճյուղը: Ժամանակակից կոմպոզիտորներին այսօր հուզող հարցերի շուրջ համաձայնեց
իր մտահոգությունն արտահայտել կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Ստեփան
Սուքիասյանը: «Պետությունը պետք է գիտակցի, որ մշակույթը ազգապահպանման, ազգի
ինքնուրույն գործոններից մեկն է, հետեւաբար այն դառնում է անվտանգության հարց՝ հայ
մարդու տեսակը պահպանելու խնդիր»,- նշեց մեր զրուցակիցը: Պարոն Սուքիասյանի հավաստմամբ,
ժամանակակից կոմպոզիտորին պրոպագանդելը դարձել է այս կամ այն երաժշտի, կոլեկտիվի
գեղարվեստական ղեկավարի քմահաճույքը: Ըստ պրոֆեսորի, համերգային ծրագրերի հաստատման
գործում պետությունը պետք է հետամուտ լինի. «Գոնե յուրաքանչյուր համերգում մեկ հայ
ժամանակակից ստեղծագործողի երկ հնչի»: Հարցին՝ ի տարբերություն ձեր որոշ կոլեգաների,
դուք ոչ մի «մեղադրանք» չեք ներկայացնում մշակույթի նախարարությանը, պարոն Սուքիասյանը
պատասխանեց. «Նախարարներն այնքան արագ են հաջորդում մեկը մյուսին, եթե անգամ գիտակցեն
այս կամ այն խնդրի կարեւորությունը, ապա ժամանակ չեն էլ ունենա շտկելու: Պարզապես
նախարարությունը պետք է մի մթնոլորտ ստեղծի, որ հայ երաժշտություն չկատարելը ամոթ
համարվի: Ավելին, դրսից եկող երաժշտին էլ կարելի է շատ զգուշորեն «պարտադրել», որ
այստեղ նա իր համերգում անդրադառնա հայ կոմպոզիտորի որեւէ գործի: Հասկանում եմ, որ
փոքր ժողովուրդները դժվարությամբ են միջազգային ասպարեզ դուրս գալիս: Կարծում եք
հիմա աշխարհը Նարեկացուն գիտի՞, ոչ: Ինչո՞ւ, որովհետեւ չի ներկայացվել հավուր պատշաճի»:
Դիտարկմանը՝ ձեր գործընկերները դժգոհում են նաեւ իրենց ստեղծագործությունների
«վաճառքից», նշելով, որ գրված երկերը ոչ պետությունն է գնում, ոչ կոլեկտիվները, ոչ
էլ հրատարակչությունները, պրոֆեսորը հայտնեց հետեւյալը. «Ժամանակակից կոմպոզիտորներից
ընդամենը մեկը, երկուսը, երեքն են անձնական կապերի շնորհիվ պատվերներ ստանում արտերկրի
կոլեկտիվներից, հրատարակչություններից: Հույսներս դնենք, որ Ֆրանսիան կամ Գերմանիա՞ն
մեզ պատվիրեն: Դա մեր խնդիրն է: Առաջինը նախ՝ մեզ ճանաչեն հայրենիքում, ապա նոր՝
դրսում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել