Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՂՋԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԴԱՐՁՆԵ՛ՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԼՈՐԻՏ»

Հունիս 28,2006 00:00

Սրանով
է առաջնորդվում բազմափորձ ռեժիսոր Լեւոն Իվանյանը Հունիսի 23-ին, Կ. Դեմիրճյանի
անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական
փառատոնի բացման արարողությունը, որի բեմադրիչներն էին Հրաչյա Աշուղյանն ու Լուսինե
Մարտիրոսյանը: Վերջինս, մեր տեղեկություններով, ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանի
միջնորդությամբ է «ընկերակցում» Հր. Աշուղյանին: Հիշեցնենք, որ միջոցառման կազմակերպման
հայտերը քննող հանձնախմբի կազմում էին ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը, «Մեկ
ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամից Արմեն Մանուկյանն ու Թամար Պողոսյանը, մշակույթի
նախարարության վարչության պետերը: Հանձնախմբի ճաշակով «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի՝
համալիրում կայացած բացման համերգը հիմնականում հայկական ժողովրդական եւ ժամանակակից
երգ ու պարի շարան էր հիշեցնում՝ սցենարի բացակայության տպավորություն թողնելով:
Ի դեպ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի արարողությունների կազմակերպման
հայտ էր ներկայացրել նաեւ Լեւոն Իվանյանը, որը 1980-2005թթ. բազմաթիվ հանդիսությունների
մասնակից եւ բեմադրող ռեժիսոր է, «Նարեկացի» արվեստի միության գործադիր տնօրենը:
Ըստ Լ. Իվանյանի, փառատոնի բացման արարողության կազմակերպման համար Օպերայի դահլիճը
թեեւ փոքր, սակայն միջավայրի, համապատասխան տրամադրություն ստեղծելու եւ այլնի առումով
ավելի հարմար է: Մեր զրույցի սկզբում պրն Իվանյանը նշեց, որ ինքը դեմ է անձերին,
մասնավորապես իր կոլեգաներին քննադատելուն: «Հանդիսությունները իշխանապետությունների
խնդիրներն են: Իսկ վերջիններս էլ ընդամենը ադմինիստրատիվ մտածողներ են, բայց նաեւ
որոշում կայացնողներ: Նրանք, բնականաբար, առիթից օգտվում են եւ իրենց ամենախնջույքային
մտածողությամբ, սեփական ճաշակին համապատասխան պետական ակցիաներ պարտադրում: Մենք
չունենք մշակույթի նախարարություն որպես ուժային կառույց, որովհետեւ մշակութային
համակարգը ողջ աշխարհում բութ քաղաքական գործիչների համար ժամանցի եւ խնջույքի բնագավառ
է… Իմ հայտի տարբերությունն այն էր, որ ոչ զվարճանքային բնույթի էր, հոգեւոր-բարոյական
պատմական հիմքի վրա՝ ժամանակակից տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ, հավաքական սկզբունքների
հիման վրա: Փորձել էի այնպես անել, որ հանդիսատեսի մեջ հպարտության, հզորության,
մշակութային երկրի ժառանգորդի փառահեղ մոնումենտալ զգացողություն առաջանար: Սիրունիկ
երգերի եւ սիրունիկ համերգային ակցիաների մտածողությունը այս դեպքում տեղին չէ, համազգային
հանդիսային արարողությունների մեջ դա պիտի լինի խիստ նվազ տոկոսով: Շատ հարգելով
այսօրվա երգիչ-երգչուհիներին, պիտի ասեմ, որ իրենց 1%-ը շանս ունի լինել նման միջոցառումներում,
որովհետեւ խոսքը վերաբերում է մոնումենտալ ակցիաներին, այսինքն երգչախմբերին, սիմֆոնիկ
նվագախմբերին, համադրված պարախմբերին եւ այլն»,- պարզաբանեց ռեժիսորը: Նշենք, որ
Լ. Իվանյանի՝ փառատոնի մեկօրյա արարողությունների կազմակերպման հայտում մի հետաքրքիր
գաղափար էլ կար: Հանրապետության մեծ քաղաքներում, վանքային համալիրներում,
Արցախի, Ջավախքի գլխավոր կենտրոններում, արտերկրի հայաշատ վայրերում արբանյակային
կապի միջոցով մեծ էկրանների վրա հնարավորություն ընձեռել միջոցառումներին հաղորդակից
լինել: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի միջավայրը, որտեղ անցկացվում է հանդիսություն:
Այստեղ էլ, գլխավոր մեղավորը, ըստ Իվանյանի, դարձյալ ֆինանսատնտեսական իշխանական
ապարատն է: Ռեժիսորի խոսքով, նման հանդիսությունների ժամանակ ազգային կոլորիտ ստեղծելու
համար պարտադիր չէ գեղջկականությունը դարձնել ազգային դիմագիծ (ինչին ականատես եղանք
փառատոնի բացմանը- Գ. Հ.): «Ցավոք, հիմա ժամանակակից չարչիապետությունը տոն է տալիս
դրան, մինչդեռ մեր հոգում կա ազնվական, արքունական Հայաստանը, եկեղեցական տքնությունը՝
ի դեմս հոգեւոր երաժշտության, մանրանկարչության եւ ազգագրական զտվածքների»,- համոզված
է Լեւոն Իվանյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել