Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆ»

Հունիս 28,2006 00:00

Վկայում
է Արմինե Առաքելյանը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի
դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության քննչական վարչության միջնորդությունը՝
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին 2 ամսով կալանավորելու
վերաբերյալ: Ինչո՞ւ ընտրվեց կալանքը: «Առավոտի» այս հարցին ՀՀ գլխավոր դատախազության
քննիչ Սամվել Սինանյանը պատասխանեց՝ վիճակագրության տվյալները ներկայացնելով: Ըստ
որի, զինծառայությունից, զորակոչից խուսափողներից բոլոր 76-ի նկատմամբ միայն 2005-ին
ընտրվել է կալանքը եւ երկակի ստանդարտներ այդ հարցում երբեք չեն գործել: Նա ուշադրություն
հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արման Բաբաջանյանն այդ հանցագործությունը զուգորդել
է փաստաթղթերի կեղծմամբ եւ խաբեության ճանապարհով զինծառայությունից խուսափելու միջոցով:
Երեկ Ա. Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազությունում տվել է լրացուցիչ ցուցմունք եւ
իրեն լիովին մեղավոր է ճանաչել՝ այս անգամ իր նոր պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի մասնակցությամբ:
Նախորդ օրը նրա պաշտպանությունն իրականացրել է Վաղարշակ Գեւորգյանը, որի ներկայությամբ
էլ մեր գործընկերը տվել է իր առաջին ինքնախոստովանական ցուցմունքը: Ի՞նչ պարզվեց
երեկ: Պարզվեց, որ Ա. Բաբաջանյանը 1998-ին Հոլիվուդում ծանոթացել է Վահե Աբովյանի
եւ նրա կնոջ՝ Արմինե Առաքելյանի հետ: Վերջիններս 1993-ից մշտական բնակության են մեկնել
ԱՄՆ, իսկ 1999-ից ԱՄՆ քաղաքացիներ են: Արմինեն ուներ երկու դուստր՝ Անի եւ Նարե:
Սարկավագ Արման Բաբաջանյանը կեղծել էր Արմինեի ամուսնության վկայականը եւ դարձել
ոչ միայն ամուսնության վկայականի փեսացուն, այլեւ երեխաների ծննդյան վկայականներով՝
«հայրը»: «Առավոտի» հետ զրույցում մեր այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ չի եղել
ամուսնության վկայականի կեղծված լինելու մասին, հունիսի 10-ից Հայաստանում գտնվող
Արմինե Առաքելյանը պատասխանեց, որ Երեւանում պատահաբար գտնվելու օրերին իմացել է
այդ ամբողջ պատմության մասին ՀՀ գլխավոր դատախազությունում. «Ոչ ոք չի կարող ապացուցել,
որ Ա. Բաբաջանյանը ունի կին եւ երեխաներ: Նա ընդհանրապես ամուսնացած չէ»,- ասաց Ա.
Առաքելյանը, որը երեկ դատախազություն էր ներկայացրել իր ամուսնության վկայականի բնօրինակը
եւ երեխաների ծննդյան նոր վկայականները: Ի դեպ, «Առավոտի» տրամադրության տակ է նաեւ
քրգործին կցված մեկ ծննդյան վկայական՝ «Անժելա Բաբաջանյանի», որն ընդհանրապես գոյություն
չունի, բայց, ըստ փաստաթղթի, Ա. Բաբաջանյանի աղջնակն է: «Արդյո՞ք կատարվածը դուք
չեք դիտում իբրեւ ներխուժում ձեր մասնավոր կյանք, եւ իբրեւ տուժող մտադիր չե՞ք քայլեր
ձեռնարկելու» մեր հարցին Արմինեն պատասխանեց. «Այո, դա, իրոք, անձնական կյանքի նկատմամբ
ոտնձգություն կարելի է համարել, բայց աշխատում եմ հեռու մնալ: Ավելի շատ ներողամտությամբ
կմոտենամ՝ ուղղակի ինձ պրոբլեմներից հեռու պահելու համար, որովհետեւ իմ այցի նպատակը
Հայաստան՝ այլ է, եւ չեմ ուզում, որ այն խանգարի իմ ծրագրերին»: Արմինեն երեկ
հավելեց նաեւ, որ չորս տարի է, ինչ Ա. Բաբաջանյանի հետ իր եւ ամուսնու կապերը խզված
են. «Ես մի քանի օր առաջ պատահաբար այգում եմ հանդիպել նրան, երբ երեխաներիս զբոսանքի
էի տարել, ընդամենը բարեւել եմ ու անցել»: Նա տեղեկացրեց նաեւ, որ Հայաստան
գալուց առաջ փնտրել է երեխաների ծննդյան վկայականները եւ չէր գտել ու ստիպված էր
եղել նորը հանել, որն էլ երեկ նրա մոտ էր եւ տրամադրեց Գլխավոր դատախազությանը: Նշենք,
որ Ա. Բաբաջանյանին առաջադրված մեղադրանքով նրան սպասվում է մինչեւ 5 տարի ազատազրկում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Այդ ամենով հանդերձ, բաց է մնում մի հարց.
ինչու է դատախազության մոտ հետաքրքրություն առաջացել այդ ամենի հանդեպ հենց հիմա,
երբ Ա. Բաբաջանյանը թերթի խմբագիր է դարձել, ոչ թե 4 տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել