Լրահոս
Օրվա լրահոսը

Երաշտն ու տեղումները բերքը փչացրել են

Հունիս 28,2006 00:00

Իսկ գյուղնախարարությունը պնդում
է, որ գյուղացիների լացուկոծն ու հաշվարկած վնասի չափն ուռճացված է: Վերջին
օրերի երաշտից տուժել են բոլոր մարզերը: Թե որքան են կազմում հողագործների կրած վնասները՝
գյուղնախարարությունն առայժմ ճշտում է: Այս մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց
նախարարության բուսաբուծության բաժնի պետ Գառնիկ Պետրոսյանը. «Հիմնականում անմխիթար
վիճակում են հացահատիկային կուլտուրաներն ու անասնակերը, բայց ընդհանուր վնասների
չափը դեռ նախարարությունը չի որոշել, եւ առայժմ փոխհատուցման մասին խոսք լինել չի
կարող»: Ապրիլի առատ տեղումներից հետո գրեթե բոլոր մարզպետարանները միլիոնների
կորուստներ ներկայացրին՝ ակնկալելով կառավարության փոխհատուցումը: Այս առնչությամբ
պարոն Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե տեղումներից կրած վնասի համար ի՞նչ փոխհատուցում
տվեցին. «Այդ ժամանակ լուրջ բան չկար, մի քիչ խաղողի բերքն էր վնասվել եւ խուճապը
նրանից էր, որ հողի մշակման աշխատանքներն ուշանում էին, բայց գյուղացիներն այս շրջանում
այնքան ինտենսիվ աշխատեցին, որ բացը լրացրին: Ինչ վերաբերում է մարզպետարանների գնահատականներին,
շատերն օգնություն ստանալու ակնկալիքով պատկերն ուռճացված էին ներկայացրել, էդ լացուկոծը
որ դնում են՝ պետությունից փող պոկելու համար է: Մենք գնացինք, տեղում ուսումնասիրեցինք՝
էական վնասներ չկային»: Ապացուցելու համար, որ մեր գյուղատնտեսությունն իսկապես վնաս
չի կրել եւ առատ բերք է ստացվել՝ պարոն Պետրոսյանը վկայակոչեց շուկայում ծիրանի,
բալի գները. «Մալաթիայում ծիրանի 1 կգ-ն ընդամենը 100 դրամ է, եթե բերքը վնասված
լիներ՝ շուկայում այդքան ծիրան չէր լինի ու գինն էլ բարձր կլիներ: Երեկվա դրությամբ՝
4400 տոննա ծիրան է արտահանվել երկրից, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝
508 տոննա: Հեռուստաալիքներով ցույց էին տալիս գուղացիների լացն ու բալենիների կոտրատված
ճյուղերը, բայց անցյալ տարի 60.3 տոննա բալ է արտահանվել, այս տարի՝ 130 տոննա»:
Իսկ երաշտից, գյուղնախարարության մասնագետի կարծիքով, վնասներն իսկապես մեծ
են: Օրինակ, Արթիկի, Արագածի, Ապարանի եւ այլ շրջանների ցորենի հասկերը գյուղացիները
հազիվ կարողացել են անասնակերի տեղ հնձել: Նախօրեին Ծաղկահովիտում ավելի մեծ խուճապ
է ստեղծվել, երբ տեղացած կարկուտը գետնին է հավասարեցրել նույնիսկ ցորենի ցողունները,
որոնք գոնե անասնակերի հարցը կլուծեին: Ծաղկահովիտի գյուղապետ Նորիկ Հակոբյանի ներկայացմամբ՝
իրենց գյուղի 1200 հա հողատարածքի 80%-ն այրվել է, արդեն անասունների մորթ է սկսվել,
ջրի գնով վաճառում են, մենք էլ մեր հերթին զանգել ենք պատկան մարմիններին, տեղեկացրել
ենք իրավիճակի մասին, ասել են, որ ամբողջ հանրապետությունն է այդ վիճակում»: Գյուղապետը
հույս ուներ, որ փոխհատուցում կստանան. «Անցյալ տարի էլ կարկուտը ջարդել էր գարին
ու ցորենը, 30 տոկոսով փոխհատուցել են»: Սակայն Արթիկի տարածաշրջանի Փարոս գյուղի
բնակիչ Նորա Վարդանյանի հավաստմամբ՝ ոչ մի փոխհատուցում էլ չի եղել՝ «ոչինչ էլ չեն
տվել՝ թեկուզ մի հատիկ գարի, չեն էլ տա, ամուսինս ավագանու անդամ է, ինձանից լավ
ով կիմանար»: ԼՈՐԱ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել