Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏԱՌՈՑ ԱՊՏԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Հունիս 28,2006 00:00

Հայաստանի
նախկին արտգործնախարարները՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի մասին ԵԱՀԿ
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի աննախադեպ քայլից հետո, որը գաղտնազերծեց
դեռեւս ընթացող բանակցությունների առանձին մանրամասներ՝ դարձյալ մեկնաբանությունների
համար դիմեցինք Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանին, եւ ստացանք նույն
պատասխանը, ինչ լսել էինք, երբ դիմել էինք Բուխարեստում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ
Ալիեւի հանդիպումից հետո հարցազրույցի մեր խնդրանքին ի պատասխան: Այն է՝ թե որեւէ
նոր բան չունի ասելու, քան արդեն իսկ ասել է 2000-ին մեր թերթին տված հարցազրույցում,
եւ պնդում է այդ գնահատականները: Վահան Փափազյանը 2000-ին ասել էր, որ սկզբունքորեն
հնարավոր չէ ավելի լավ արդյունք ունենալ, քան ենթադրաբար կարելի էր ունենալ 1997-ին.
«Վստահ էլ չեմ, թե Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունն անկեղծորեն ձգտում
է հարցի լուծմանը։ Իհարկե, կարելի է հայտարարել, թե արվում է հնարավորը, տեսեք՝ բանակցում,
տարբերակներ ենք քննարկում, երբ ինչ-որ եզրակացության գանք՝ կներկայացնենք քաղաքական
ուժերին եւ հասարակությանը, անհրաժեշտության դեպքում՝ կդնենք հանրաքվեի եւ այլն։
Բայց դրանք առարկայական խոսակցություններ չեն, քանի դեռ որոշակի պայմանավորվածություն
չկա։ Իսկ բանակցել կարելի է տարիներ»: 6 տարի առաջ «Առավոտում» մի համեմատական էր
հրապարակվել, որտեղ ի ցույց էր դրված, թե որքան են մերձեցել հակամարտության կարգավորման
շուրջ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները։ Վահան Փափազյանը նույնպես
նկատել էր այդ նույնականացումը. «Եվ դա բնական է։ Ընդհանրապես, 1997-ի վերջ-1998-ի
սկիզբը գնահատում եմ որպես մեծագույն անհեթեթություն մեր երկրի քաղաքական կյանքում։
Սխալ չհասկացվելու համար շեշտեմ՝ անշրջելի անհեթեթություն։ Մենք ձեռքից բաց թողեցինք
ղարաբաղյան հակամարտությունն արժանապատիվ խաղաղությամբ ավարտելու հնարավորությունը։
Շարքային դիվանագետն անգամ գիտի, որ բանակցային գործընթացում զիջումների գնալ պետք
է ուժեղ դիրքերից։ 1997-ին մեր դիրքերն անհամեմատ ուժեղ էին… Ինձ նաեւ թվում է,
որ եթե քաղաքական կարգավորում տեղի է ունենալու, ապա Հայաստանը, առավել եւս Ղարաբաղը,
որոշիչ ձայն այլեւս չեն ունենալու։ «Եթե» բառը այս պնդման մեջ շատ էական է»: Երեկ
էլ Հայաստանի մեկ այլ նախկին արտգործնախարար՝ Ալեքսանդր Արզումանյանը «Փաստարկ» ակումբում
անդրադարձավ Մեթյու Բրայզայի հարցազրույցին՝ նշելով, թե «արտառոց ոչինչ չի տեսնում»
առաջարկների գաղտնազերծման մեջ: «Բանակցությունների տարիների ընթացքում միշտ էլ եղել
է մանրամասների արտահոսք: Ուղղակի այս անգամ դա արվել է հրապարակավ»: Նրա կարծիքով,
Բրայզայի հարցազրույցի իմաստն է՝ «Խոսքն այն մասին է, թե մենք առաջարկն արել ենք
եւ երկրի նախագահներն արդեն պետք է խիզախություն ցուցաբերեն՝ իրենց ժողովուրդներին
սա բացատրելով: Եվ փորձ է արվում հասարակությանը ներքաշել բանավեճի մեջ, ինչն ընդհանրապես
բնականոն գործընթաց է: Եթե հիշում եք ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից բանավեճի
առաջարկը հանգեցրեց իշխանափոխության: Հիմա էլ է բանավեճի առաջարկ արվում»: Նշենք,
որ համանման տեսակետ երեկ արտահայտել է նաեւ ԼՂՀ նախագահի խորհրդական, ղարաբաղցի
քաղաքագետ Դավիթ Բաբայանը, որն «Արմինֆո»-ին ասել է, թե այն, որ բանակցությունների
հիմնական տարրերը դարձել են հանրության սեփականությունը, նշանակում է, որ միջնորդները
փորձում են պարզել հանրության կարծիքը առաջադրված սցենարների առնչությամբ: Այսպիսով,
ըստ նրա՝ կարգավորման շրջանակներն էականորեն ընդլայնվում են եւ փորձ է արվում ճշտել
հակամարտության անմիջական կողմի՝ Ղարաբաղի կարծիքը: Մեթյու Բրայզան «Ազատություն»
ռ/կ-ի հարցին, թե ծրագրվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանին հրավիրել Վաշինգթոն՝ պատասխանել
էր. «Պատճառ չկա, որ նախագահ Քոչարյանը Վաշինգթոն չգա: Ես հուսով եմ, որ կարող ենք
տեսնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նույնպիսի դրական քայլերի շարք,
ինչպիսին մենք հույս ունենք, որ սկսում ենք տեսնել Ադրբեջանում»: Այս կապակցությամբ
Ալեքսանդր Արզումանյանը նշել է. «Արտառոց է այն, որ Բրայզայի նման միջին օղակի պաշտոնյան
թույլ է տալիս Հայաստանին ասել՝ դու գնա-հասիր Ադրբեջանի մակարդակին, որպեսզի քո
նախագահին մենք հրավիրենք: Դա մի արտառոց ապտակ է: Բազմիցս խոսել եմ, որ Հայաստանում
ժողովրդավարություն չկա, բայց ես ժողովրդավարություն ասելով երբեւէ չեմ հասկացել,
որ մենք պետք է համեմատվենք Ադրբեջանի կամ Բելառուսի հետ»: Անդրադառնալով
Բրայզայի բացահայտումներին Հայաստանի ԱԳՆ-ի պատասխան հայտարարությանը՝ նախկին արտգործնախարարն
ասել է, թե այն ընդամենը ցույց տվեց մեր արտաքին գերատեսչության անզորությունը. «Այն,
ինչ ասվում է, որ գիտե՞ք՝ Լաչինն էլ է քննարկվել, դա նույն բանն է, ինչ մարդուն մահապատժի
դատապարտես, եւ նա ասի՝ գիտե՞ք դատավճիռն ամբողջությամբ չընթերցվեց, չասվեց, որ փամփուշտը
ոսկուց էր ձուլված»: Ըստ նրա՝ ԱԳՆ-ն այդ հայտարարությամբ փորձում էր կասկածներ փարատել,
բայց խորացրեց դրանք՝ ցույց տալով, որ բանակցություններն այսօր ընթանում են ԼՂՀ անվտանգության
գոտու տարածքների վերաբերյալ, քննարկվում է բոլոր տարածքներից զորքերի դուրսբերման
հարցը: «Ի՞նչ է ստանում Ղարաբաղը: Որ իրեն թույլ է տրվում նորի՞ց հանրաքվե անցկացնել:
Այդ ժողովուրդն իր վճիռը կայացրել է վաղուց: Ղարաբաղում մարդիկ են ապրում, որոնք
իրենց վճիռը կայացրել են եւ դրանից հետ չեն կանգնելու: Այս իշխանությունը հենց այդ
շնչով է եկել իշխանության, որպեսզի լուծի Լեռնային Ղարաբաղի անկախության եւ Հայաստանի
հետ վերամիավորման հարցը, քանի որ նախկինները, ըստ իրենց, չէին կարողանում այդ հարցը
լուծել: Խնդրեմ՝ լուծե՛ք»,- «հաղթողական» եւ «ոչ մի թիզ հող» քաղաքականության ձախողումն
է արձանագրել Ալեքսանդր Արզումանյանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել